ԷկոԼուր
Սույն թվականի օգոստոսի 19-ին հանդիսավորությամբ մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը: Ծրագրի իրագործումը բացասական ազդեցություն կունենա Ջերմուկ առողջարանի, Սևանա լճի, Որոտան- Արփա թունելի, տեղի շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության վրա: Այս մասին նշեցին օգոստոսի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոսները:
Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի գահմանագծին: Հանքը պետք է շահագործի «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Lydian Armenia» դուստր ձեռնարկության:
Ներկայացնում ենք՝ մամուլի ասուլիսի վերաբերյալ լրտվական կայքերում հրապարակված նյութերը:
Ամուլսարի ռիսկերն ու վտանգները՝ Որոտան- Արփա թունելի և Սևանա լճի համար
http://www.1in.am/1989004.html
Մեկնարկել է Ամուլսարի ոսկու ծրագիրը: Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունն սկսվել է:
Արդյո՞ք Ջերմուկը կմնա առողջարանային քաղաք, թե՞ կվերածվի հանքագործների բանավանի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը տնտեսապես շահավետ է, ինչո՞ւ է կառավարությունն անտեսում իր կողմից իրականացված Ամուլսարի ծրագրի ռիսկերի պաշտոնական գնահատականը, ի՞նչ վտանգներ կան Որոտան-Արփա թունելի և Սևանա լճի համար: Այս հարցերին էր նվիրված «ԷկոԼուր» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսը:
Խնդրի շուրջ իրենց մտահոգություններն արտահայտեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Լևոն Գալստյանը: Նրանց կարծիքով՝ այս ծրագրի իրականացման արդյունքում կկորցնենք և՛ Ջերմուկը, և՛ Սևանը:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը ենթարկվեց բացասական գնահատականի թե միջազգային, թե տեղական մակարդակի կազմակերպությունների կողմից, սակայն այդ ծրագիրը իրականցվում է. այս մասին հայտարարեց «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը։
«Դեռես երկու տարի առաջ Ջերմուկի քաղաքապետը եւ ավագանու ամբողջ կազմը դիմել էր վարչապետին, որ թույլ չտան այդ ծրագրի իրականացումը, քանի որ Ջերմուկի վերջն է տրվելու այդ ծրագրով։ Այսօր այդ ծրագիրը իրականացվում է, ես ուզում եմ հայտարարել, որ սա քաղաքական որոշում է, ոչ մի հիմնավորում չկա, այն կայանում է լրիվ ուրիշ ձեւով՝ պայմանավորվածությունների հիման վրա, եւ ստույգ կարող ենք տեսնել՝ խոշոր քաղաքական խաղացողները ովքեր են»,- ընդգծեց Ինգա Զարաֆյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամուլսարի ծրագիրը վերջ կդնի Ջերմուկի կենսագրությանը. բնապահպաններ
Հասմիկ Դիլանյան, Ռադիոլուր, http://www.armradio.am/hy/2016/08/24/%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB-%D5%AF%D5%A4%D5%B6%D5%AB-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB/
Նախորդ շաբաթ տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը: Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն խոստանում է նաև տասը տարվա ընթացքում 700 աշխատատեղ ստեղծել: Բնապահպանները սակայն ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում են ահազանգ հնչեցնել՝ ծրագիրը վերջ կդնի Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի ու զբոսաշրջային կենտրոնի զարգացմանը, կվնասի Կարմիր գրքում գրանցված բուսական ու կենդանական աշխարհին:
Առողջարանային Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բնապահպանների, ծրագիրն իրականացնողների ու պաշտոնական տեսակետները որևէ կերպ չեն խաչվում: Օրերս հանքավայրի շահագործման շինարարական աշխատանքի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ծրագրի իրականացումը, օտարերկրյա լայնածավալ ներդրումների փաստն ու նշեց, որ այն կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:
Բնապահպանները սակայն չեն դադարում ահազանգել՝ իրականում այս ծրագիրը պարզապես վերջ կդնի Ջերմուկի որպես առողջարանային քաղաքի կենսագրությանը: «Հայաստանի անտառներ» կազմակերպության նախագահ, բնապահպան Նազելի Վարդանյանը հիշեցնում է՝ Ջերմուկի հանքային ջրի բաղադրությունն աշխարհում միայն Չեխիայի Կարլովի Վարիի հանքային ջուրն ունի: Այժմ վտանգված է հանքային այս ջրի ճակատագիրը, ավելին՝ պայթեցման աշխատանքները նաև քաղաքի խմելու ջրի աղբյուրներին են վնասելու:
«Նույնիսկ երբ Ջերմուկում շենք են կառուցում, ֆունդամենտի պայթեցումներ չեն անում, քանի որ ցանկացած ցնցում առաջացնում է ջրի աղբյուրի կորուստ: Բաց ապարների ազոտային միացությունները, նիտրատները և այլ քիմիական տարրերը կաղտոտեն ջրերի ստորգետնյա ավազանը: Այսինքն՝ այդ ջրերը կլցվեն նաև Սևան, իսկ Սևանի ջրհավաք ավազանի մեջ է մտնում Կեչուտը, Սպանդարյանը, Արփան»: Նազելի Վարդանյանն ասում է, որ արդեն երկու առողջարան պայմանագիր են կնքել ու դրանք որպես հանրակացարան տրամադրելու են 1900 բանվորների՝ բնակության համար: Սա նաև ծրագրում է ամրագրված՝ ընդգծում է:
Վտանգված են Կարմիր գրքում գրանցված կենդանիներն ու բույսերը՝ շարունակում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Վերջին տարիներին խոսելով մեր երկրում կատարվող օտարերկրյա ներդրումների մասին ՝ ոլորտի պատասխանատուների ակնկալիքները մեծ են այս ծրագրից: Բացի տնտեսական աճից՝ ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում, ինչի մասին նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանն է փաստում՝ նշելով. «Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագրին և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի և հանքի շինարարությունը կավարտվի գալիք երկու տարիների ընթացքում: Անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը ծրագրի շինարարության մեկնարկն է, ինչի համար, որպես կառավարության ղեկավար, ուրախ եմ»:
Հանքավայրի շահագործումը Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը առասպել է համարում: Ամուլսարի հանքավայրը 1961-1963թթ խորհրդային երկրաբաններին կողմից արդեն ուսումնասիրված Կաքավասարի հանքավայրն է՝ տեղեկացնում է աշխարհագրագետը: Չանտեսելով Ջերմուկի ու հարակից բնակավայրերի տնտեսական ակտիվ գործունեության կարևորությունը՝ բնապահպանները վստահեցնում են՝ առողջարանային քաղաքով էլ միայն կարելի էր այդ եկամուտները ստանալ՝ միայն թե այն ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ ներդրում է:
Բնապահպաններ․ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը սպառնալիք է Սևանա լճի համար
Արուս Հակոբյան, http://www.azatutyun.am/a/27943533.html
Բնապահպաններն ահազանգում են՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը սպառնալիք է կենսաբազմազանության և առաջին հերթին Սևանա լճի համար:
Նրանց կարծիքով, առողջարանային Ջերմուկից ընդամենը յոթ կիլոմետր հեռու գտնվող հանքավայրի բացասական հետևանքները երկար սպասել չեն տա։
Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի խոսքով՝ առաջին վնասը կհասցվի Սևանի քաղցրահամ ջրին․ - «Այդ հանքավայրից մոտավորապես մի կիլոմետր հեռավորության վրա անցնում է Որոտան - Արփա - Սևան թունելը, և էդ արդեն թթվային ջրերը կազդեն ոչ միայն թունելի ինֆրաստրուկտուրային կառույցների քայքայման տեսանկյունից, այլ նաև էդ ջրերը կտեղափոխվեն բուն թունելի մեջ և կփոխեն էդ թունելով տեղափոխվող ջրերի որակը․․․ և հետո կտեղափոխվեն Սևանա լիճ՝ ազդելով նաև Սևանա լճի ջրի որակի վրա»:
Բնապահպանն ասաց, թե այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կփոխվի Սևանի ջրի որակը․ ռիսկերի հստակ գնահատում չի կատարվել, ինչը նշանակում է, որ ինչպես իրենց՝ բնապահպանների, այնպես էլ հակառակ կողմի պնդումները կարող են ստույգ չլինել։
«Մենք համոզված ենք, որ վտանգը կարող է շատ լուրջ լինել և ինքը անկառավարելի է: Մենք կարող է ունենանք Սևանա լճի ջրի որակի լուրջ փոփոխություններ՝ դեպի թթվայնացում», - ասաց Գալստյանը:
Բնապահպանները նաև իրավական բացեր են նկատել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում։ Ջերմուկցի բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը շեշտում է, որ «Սևանի մասին» օրենքով լճի ջրահավաք ավազանում խստիվ արգելվում է ցանկացած արդյունահանություն, թափոնների տեղադրում, վերամշակում և այլն․ - «Եվ պատահական չէ, որ 2012 թվայանին Սևանի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Եվ դրա վերաբերյալ առաջին փորձաքննության եզրակացության մեջ նշված է որպես պարտադիր պայման, որ երաշխիքներ ներկայացվեն, որ Սևանը չի աղտոտվելու: Դրանից հետո չգիտեմ ինչ արեցին, որ նորից դիմեցին Սևանի հանձնաժողովին և ստացան դրական եզրակացություն»:
Հանձնաժողովի եզրակացության փոփոխության հետևում իրավաբանը տեսնում է «պետական պատվեր»՝ պնդելով, թե կառավարության բոլոր որոշումները, փորձաքննական եզրակացությունները ակնհայտորեն հարմարեցված են ծրագրին․ - «Ամեն ինչ անում է կառավարությունը, որ հասարակության բերանը փակի և ասի, որ այդ խնդիրը լուծված է։ Դրա համար մենք գալիս ենք եզրակացության, որ սա պետական պատվեր է»:
Բնապահպանների մտահոգությունները, սակայն, չեն կիսում Ամուլսարի հանքավայրը շահագործող բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ»-ի դուստր ընկերությունում՝ «Լիդիան Արմենիա»-ում։
Ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ռիսկերի գնահատում են իրականացրել՝ եզրակացնելով, որ Սևանին որևէ վտանգ չի սպառնում․ - «Էդ փաստաթղթերը, մասնավորապես ՇՄԱԳ֊ը՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունը, մի քանի անգամ հանձնվել է Սևանի տեխնիկական պաշտպանության հանձնաժողով, վերջին երկու անգամն էլ դրական եզրակացություն է ստացվել՝ համապատասխան փոփոխություններ նախագծում կատարելուց հետո»:
«Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչը նաև վստահեցրեց, որ հանքավայրի շահագործման ծրագիրը իրականացվում է օրենքին համապաստախան:
Անցած ուրբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անձամբ էր ներկա գտնվել հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը։ Կառավարությունը իր հաղորդագրությունում նշել էր, որ սա Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:
«Լիդիան ինթերնեյշնլ»-ը, որը գրանցված է Լա Մանշի կղզիներից մեկում, իսկ կենտրոնակայանը տեղակայված է ԱՄՆ-ում՝ Կոլորադո նահանգում, ներդրումների մեծ մասը ներգրավել է անցած տարվա վերջին հենց ամերիկյան ընկերություններից:
Ընկերության գործադիր տնօրեն Հովանդ Սթիվենսընը «Ազատության»-ը անցած շաբաթ հայտնել էր, որ արդյունահանումը կսկսվի հաջորդ տարեվերջին, և ընկերությունը ոսկի կստանա 2018-ի առաջին եռամսյակում:
Բնապահպանները, սակայն, կարծում են, որ ծրագիրը հնարավոր կլինի չեղյալ հայտարարել հանրային բողոքի ալիք բարձրացնելու միջոցով:
«Պետք է ստեղծվի, ձևավորվի քաղաքացիական բողոք, և այս քաղաքացիական բողոքի արդյունքը պետք է լինի այս ծրագրի չիրագործումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
Ամուլսարի հանքավայրը վտանգում է Ջերմուկ քաղաքն ու Սեւանա լիճը. բնապահպաններ (տեսանյութ)
http://www.a1plus.am/1482296.html
Ջերմուկ քաղաքն ու Սեւանա լիճը վտանգված են՝ ահազանգում են բնապահպանները: Պատճառը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն է: Մասնագետները վստահ են՝ հանքավայրում անընդհատ պայթյունները, վիբրացիաններն անհետեւանք չեն մնա:
«Նույնիսկ, երբ Ջերմուկում շենք են կառուցում, ֆունդամենտի պայթեցումներ չեն անում, քանի որ ցանկացած ցնցում առաջացնում է ջրի աղբյուրի կորուստ»,-ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:
Ջերմուկը բարձրադիր բնակավայր է եւ այնտեղ արդեն իսկ բնական՝ թթվածնի պակաս կա: Հանքավայրի շահագործումը կնպաստի խնդրի ավելացմանը: Բնապահպանները վստահ են՝ խնդիրը կազդի նաեւ զբոսաշրջության վրա:
Իսկ հանքավայրից արտանետվող ակտիվ քիմիական միացություններն էլ կաղտոտեն ջրերի ստորգետնյա ավազանը: Աղտոտված ջուրն էլ ի վերջո կհայտնվի Սեւանա լճում:
«Ամուլսարը գտնվում է մի տեղ, որտեղ ձեւավորվում են Որոտանն ու Արփան: Քիմիական կազմը միանգամից փոխվելու է, քամու հետեւանքով ծանր մետաղները տեղափոխվելու են այնտեղ: Կփոխվի նաեւ Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարների ջրային կազմը»,- զգուշացնում է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը:
Ամուլսարի հանքավայրը ազդեցություն կունենա նաեւ որոշ տեսակի բույսերի ու կենդանիների վրա, որոնք, ի դեպ, գրանցված են «Կարմիր Գրքում»: Հանքավայրի շահագործման աշխատանքներից տուժում են նաեւ հարակից բնակավայրերի շինությունները: Բնապահպաններն արդեն տեսել են տների ճաքած պատերը, որոնք, ըստ նրանց, կավելանան ու հնարավոր է նաեւ անդառնալի հետեւանքներ ունենան:
Ցանկացած ցնցում, պայթեցում կազդի Ջերմուկի ջրերի աղբյուրների գոյության վրա. «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն
http://www.panorama.am/am/news/2016/08/24/%D4%B6%D5%A1%D6%80%D5%A1%D6%86%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%84%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6/1630949
Ամուլսարի ծրագիրը ենթարկվել է բավականին լուրջ գնահատականների և միջազգային, և տեղի փորձագետների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ ներկայացնելով կառավարության կողմից տրված մի քանի բացասական գնահատականներ:
«Դրանցից է Սևանի հանձնաժողովի կողմից սեյսմիկ ռիսկերի գնահատումը, որտեղ գրված է, որ իրենց բացասական կարծիքը ենթակա չէ փոփոխության, սակայն երկու տարի հետո նրանք փոխեցին իրենց կարծիքը: Մենք ունենք Ջերմուկի գնահատականը, երբ քաղաքապետ և ավագանու կազմը դիմել է վարչապետին խնդրելով՝ թույլ չտալ այդ ծրագիրը, քանի որ դա Ջերմուկի վերջը կլինի: Այսպիսի բացասական գնահատականների դեպքում ինչու՞ է այս ծրագրիը այսպիսի բուռն ձևով կյանքի է կոչվում:
Հանդիպմանը ներկա «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանն էլ նշեց, որ ջերմուկցիները բազմաթիվ անգամ հավաքվել են, իրենց խոսքն ասել են այս ծրագրի վերաբերյալ, ստորագրահավաք են արել:
«Վերջերս Ջերմուկը ճանաչվեց ազդակիր համայնք, սակայն այնտեղ որևէ լսումներ, քննարկումներ չեղան: Ջերմուկը եվրոպական ստանդարտների կառուցված միակ առողջարանն է, իսկ այնտեղի ջուրը՝ աշխարհում հազվագյուտներից մեկը: 2008 թվականին կառավարությունը որոշում է կայացրել Ջերմուկը ճանաչել որպես զբոսաշրջության կենտրոն: Հիմա այդ որոշումը և Ամուլսարի ծրագրի շահագործումը հակասում են իրար»,-ասաց Նազելի Վարդանյանը:
Նա մանրամասնեց, որ ցնցումները պայթեցումները, կազդեն Ջերմուկի ջրերի աղբյուրների գոյության վրա.
«Նույնիսկ երբ Ջերմուկում շենք են կառուցում, ֆունդամենտի պայթեցումներ չեն անում, քանի որ ցանկացած ցնցում առաջացնում է ջրի աղբյուրի կորուստ: Բաց ապարների ազոտային միացությունները, նիտրատները և այլ քիմիական տարրերը կախտոտեն ջրերի սորգետնյա ավազանը: Այսինք այդ ջրերը կլցվեն նաև Սևան, իսկ Սևանի ջրհավաք ավազանի մեջ է մտնում Կեչուտը, Սպանդարյանը, Արփան: Փաստորեն անտեսվել են և սրանք:
Գյուղատնտեսությամբ ջերմուկցիները չեն զբաղվում և օրենքով էլ չի թույլատրվում, նրանց միակ ապրուստի միջոցը երկու-երեք ամիս իրենց տները վարձով տալն է, հիմա եթե հանգստացողների քանակը կտրուկ պակասի, նրանք կտրվում են ապրուստի միջոցներից»:
WWF- Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ անդրադառնալով բուսական և կենդանական աշխարհին՝ նշեց, որ իրենց կատարած ուսումնասիրություններով այնտեղ կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներ և ըստ օրենքի, այտեղ ոչ մի հանքարդյունաբերություն չպետք է իրականացվի. «Հասկանալի է տնտեսական խնդիրների և աշխատատեղերի հարց կա, բայց այդ հարցերը պետք է լուծվեն ոչ ի հաշիվ արդեն գործող, շահ բերող տնտեսության հաշվին»:
Ինչ վերաբերում է տարածքից բույսերի և կենդանիների տեղափոխմանը, նա նշեց, որ դրա համար պետք է պայմաններ լինեն, միգուցե տեղափոխվի, սակայն բույսը կամ կենդանին պետք է լինեն հենց իրենց տեղում:
Ամուլսարի շահագործմամբ գարշահոտություն, փոշու մեծ ծավալ ու թունավոր նյութեր են արտանետվելու շրջակա միջավայր (Տեսանյութ)
Լուսինե Բուդաղյան, http://www.aravot.am/2016/08/24/728630/
Վայոց ձորում` Գնդեվազ համայնքում շահագործվող Ամուլսարը, որից պետք է ոսկի արտահանեն, բնապահպանների համոզմամբ, «իսկական փորձանք է, դառնալու շրջակա միջավայրի գլխին»: Այսօր «Էկոլուր» ակումբում «Հայաստանի անտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը թվարկեց բոլոր այն վտանգները, որոնք առաջանալու են հանքի շահագործմամբ: «Լինելու է փոշու շատ մեծ ծավալ, գարշահոտություն եւ վիբրացիա: Իրենք նախկինում հերքում էին, բայց հիմի իրենք են նշում , որ բաց ապարներից լվացվելու է ե’ւ նիտրատները եւ այլ ծանր մետաղներ ու Մենդելեեւի աղյուսակի բոլոր նյութերը լցվելու են ստորգետնյա ջրավազան եւ դա ներծծվելու է ու լցվի Սեւանա լիճ: Ջերմուկ քաղաքը սնուցող հիմնական խմելու ջրի աղբյուրներն ընդհանրապես ցամաքելու են»:
Նշենք, որ Ամուլսարից ոսկին արդյունահանելու է «Գեոթիմ» ընկերությունը, որի ներդրումային ծրագրով նախատեսված է 370 միլիոն դոլար դնել այս գործի մեջ: Ըստ բնապահպանների, այս ծրագիրն իրագործվելու դեպքում, բացի այն, որ տարածքի այգիների բերքն ու բարիքն այլեւս չի լինելու էկոլոգիապես մաքուր, քանի որ հանքի շահագործումից արտանետվելու են թունավոր նյութեր, հանքի շահագործումը սպառնում է նաեւ Ջերմուկի՝ որպես տուրիստական քաղաք լինել-չլինելուն: Հանգստյան գոտի համարվող Ջերմուկը շատ մոտ է գտնվում Գնդեվազին, ուստի հանքավայրի գոյությունը կսպառնա քաղաքի էկոլոգիային՝ ընդերքից դուրս եկող հանքային ջրերի բաղադրությանը, հարակից տարածքների բուսատեսակներին ու կենդանատեսակներին, որոնցից շատերն, ըստ բնապահպանների, նույնիսկ «Կարմիր գրքում» են գրանցված: Այսինքն, ըստ բնապահպանների, 370 միլիոն ներդնելու են, սակայն միլիարդների վնաս են պատճառելու: Վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց, որ Ամուլսարի տարածքում կան կրիտիկական վիճակում գտնվող բույսեր, 25, տեսակի կենդանիներ` երկու տեսակի սողուն, 15 տեսակի թռչուն եւ 4-5 տեսակի կաթնասուն: Ըստ նրա, հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը ցանկություն է հայտնել Վայրի բնության հիմնադրամի հետ համատեղ ստեղծեն Ջերմուկ ազգային պարկ, սակայն պարոն Մանվելյանը հրաժարվել է, պատճառաբանելով, որ ինքը ոչ որպես մասնագետ, ոչ էլ քաղաքացի, չի կարող այդ ծրագիրն իրագործել, քանի որ, ըստ նրա, «չի կարելի մի կողմից քանդել բնությունը, մյուս կողմից Ազգային պարկ ստեղծել»:
Բնապահպանների ներկայացմամբ Ամուլսարի տարածքում բացի արժեքավոր բույսերից ու կենդանիներից կան հնագույն դամբարաններ, սակայն դրանց կարեւորություն չի տրվել եւ հանքի շահագործմամբ հիմնահատակ քանդվելու են: Ինչ վերաբերում է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներին, ապա կառավարությունը դրանք տեղափոխելու որոշում է կայացրել: Համաձայն այդ որոշման, ընդերքօգտագործման գոտիներից կարող են այդ բուսատեսակները տեղափոխվել բուսաբանական այգիներ եւ այլ վայրեր: Մինչդեռ բնապահպանները նշեցին, որ այդ բուսատեսակները պետք է իրենց արիալում աճեն: Բնապահպան Լեւոն Գալստյանի ներկայացմամբ, Ամուլսարի սեփականատերը օֆշորում գրանցված ընկերություն է եւ նրա ներդրումային ծրագիրը հաստատվել է «կասկածելի պայմաններում» եւ իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
«Գեոթիմի» ներկայացմամբ՝ նախատեսվում է ոսկու կորզումն իրականացնել Գնդեվազի տարածքում գտնվող տարալվացման հարթակում: 2015 թվականին նշված տարածքից ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարալվացման հարթակի տարածքում: Շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում: Ընկերությունը կառավարությանը հավաստիացրել է, որ շինարարության եւ դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում կիրականացվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ, ծրագրի շինարարության տարբեր փուլերում կբացվեն մինչեւ 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի եւ շրջակա համայնքների աշխատուժով:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ ոչնչացվելու են Ջերմուկի ջրի աղբյուրները
http://news.am/arm/news/343095.html
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը ենթարկվեց բացասական գնահատականի թե միջազգային, թե տեղական մակարդակի կազմակերպությունների կողմից, սակայն այդ ծրագիրը իրականցվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24–ին, հրավիրված ասուլիսում հայտարարել է «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը։
«Դեռես երկու տարի առաջ Ջերմուկի քաղաքապետը եւ ավագանու ամբողջ կազմը դիմել էր վարչապետին, որ թույլ չտան այդ ծրագրի իրականացումը, քանի որ Ջերմուկի վերջն է տրվելու այդ ծրագրով։ Այսօր այդ ծրագիրը իրականացվում է, ես ուզում եմ հայտարարել, որ սա քաղաքական որոշում է, ոչ մի հիմնավորում չկա, այն կայանում է լրիվ ուրիշ ձեւով՝ պայմանավորվածությունների հիման վրա, եւ ստույգ կարող ենք տեսնել՝ խոշոր քաղաքական խաղացողները ովքեր են»,–հայտարարել է Ինգա Զարաֆյանը։
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը նշել է, որ ոսկու հանքի շահագործման դեպքում ոչնչանալու են Ջերմուկի ջրի եզակի աղբյուրները։ Նա նշել է, որ ջրի բաղադրությունը եզակի է աշխարհում, իսկ պայթեցումների, ցնցումների դեպքում դրանք պարզապես ոչնչանալու են։
«Ջերմուկը յուրահատուկ վայր է, Հայաստանի գանձն է, միակ եվրոպական ստանդարտներով կառուցված առողջարանն է, իսկ Ջերմուկի ջուրը աշխարհի հազվագյուտ ջրերից մեկը։ Աշխարհում երկու տեղ կա այդ բաղադրությամբ ջրից՝ Չեխիայում Կարլովի վարը եւ Ջերմուկում։ Այսօր մենք Ջերմուկը կորցնում ենք։ Կառավարությունը 2008 թվականին որոշում է ընդունել, որ Ջերմուկը զբոսաշրջության կենտրոն լինի ու այս ծրագրով ոչնչացնում են այդ ծրագիրը։ Այդ պայթեցումները կազդեն Ջերմուկի ջրերի աղբյուրների գոյության վրա։ Նույնիսկ Ջերմուկում շենք կառուցելու դեպքում պայթեցումներ չեն անում, որովհետեւ ցանկացած ցնցում բերելու է ջրի աղբյուրի ոչնչացման»,–ասել է Նազելի Վարդանյանը։
Նա փաստարկել է, որ ոսկու հանքի շահագործման ծրագիրը իրականացվում է օրենքի խախտումներով։ Նախկինում Ջերմուկը չեն ներգրավել ազդակիր համայնքների շարքում եւ կատարել են մի շարք փորձաքննություններ, իսկ հետո, երբ Ջերմուկի բնակիչների ճնշման ներքո, ներգրավվել է, պետք է չեղյալ հայտարարվեն կատարված փորձաքննության արդյունքը, ինչի չի արվել։
«Ի սկզբանե, որ Ջերմուկը չէր հանդիսանում ազդակիր համայնք, ինչն անթույլատրելի էր, մի քանի փորձաքննություն անցավ ծրագիրը առանց Ջերմուկը ներգրավվելու ազդակիր համայնքների մեջ։ Ջերմուկցիների բողոքի ակցիաների, ստորագրահավաքների, դատարան դիմելուց հետո, ճնշումների ազդեցության անտակ, մի գուցե նաեւ իրենց ծրագիրը իդեալական դարձնելու նպատակով, Ջերկումը ճանաչեցին ազդակիր համայնք, բայց Ջերմուկի համար որեւէ բան չփոխվեց։ Ջերմուկցիների կարծիքը չլսեցին, իսկ դա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության» մասին օրենքի կոպիտ խախտում է։ Եթե ազդակիր համայնք է ու քննարկումներ չեն կատարվում եւ ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում, ուրեմն այդ փորձաքննությունը չի կարող օրինական ճանաչվել։ Եթե նախկինում Ջերմուկը չի ճանաչվել ազդակիր համայնք ու հետագայում է չանաչվել ուրեմն նախկինում տրված փորձաքննության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Մի շատ կարեւոր հանգամանք եւս։ ՇՄԱԳ–ի մասին օրենքում շատ հղումներ կան, որ տարբեր որոշումներ պետք է կառավարության կողմից կարգավորվեն, մի շարք որոշումներ ընդունվել է, բայց մի կարեւոր որոշում չի ընդունվել՝ շրջակա միջավայրի վրագնահատման մեթոդիկան հաստատելը, ինչը կառավարությունը մինչ այսօր չի հաստատել։ Եթե դա չկա, նշանակում է փորձաքննություն իրականացնող մարմինը չի իրականացնում ռեալ գնահատում, որովհետեւ մեթոդիկա չունի եւ բոլոր կայացրած եզրակացություները պետք է անվավեր ճանաչվեն»։
Օգոստոս 25, 2016 at 14:20