ԷկոԼուր
«Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը և այն պետք է դադարեցվի»: Նման ուղերձ - պահանջով այսօր մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ կառավարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գրասենյակի դիմաց:
Մասնակիցները պարզեցին «Կյանք, թե՞ հանք», «Ջուր, թե՞ ցիանիդ», «Դուք շահագործում եք, մենք մահանում ենք», «Գնացեք ցիանիդի ծոցը» գրությամբ պաստառներ:
Ակցիան մեկնարկեց կառավարության շենքի դիմաց: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը թվարկեց Ամուլսարի ծրագրի արդյունքում Հայաստանի ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգները: Դրանք մասնավորապես կապված էին Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի ու Սևանա լճի ջրերի ծանր մետաղներով և վտանգավոր նյութերով աղտոտման հետ:
Բնապահպան Ապրես Զոհրաբյանը խոսեց ծրագրի արդյունքում Ջերմուկ առողջարանային քաղաքում տուրիզմի զարգացմանը սպառնացող վտանգների մասին՝ նշելով, որ տուրիստական բիզնեսը շատ ավելի ձեռնտու է Հայաստանին , քան հանքարդյունաբերականը: «Առողջարանային քաղաքից Ջերմուկը վերածվելու է հանքափորների քաղաքի», - հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:
Ակցիային միացած քաղաքացիները նշեցին, որ ծրագրի արդյունքում պետությունը կարող է ունենալ կարճատև տնտեսական օգուտներ, բայց փոխարենը անդառնալի վնասներ կհասցվի Հայաստանի բնությանը:
«Հանցագործություն է Հայաստանի նման փոքր երկրներում հանքեր շահագործելը, և ոչ միայն միջավայրն է աղտոտվում, այլև առողջ ապրելակերպն է լրիվ վտանգվում», - նշեց գառնեցի ակտիվիստ Արուսյակ Այվազյանը:
Կառավարության ներկայացուցիչներից ոչ ոք դուրս չեկավ՝ լսելու ակցիայի մասնակիցների բողոքներն ու պահանջները:
Կառավարության շենքի մոտից բնապահպանները շարժվեցին դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ - ի գրասենյակ՝ «Կանաչ , մաքուր Հայաստան» վանկարկելով:
Մանրամասները՝ տեսանյութում
Հոկտեմբեր 27, 2016 at 19:35