ՀՀ բնապահպանության նախարարությունն այլևս Ամուլսարի դատական գործով պատասխանող կողմ չէ

ՀՀ բնապահպանության նախարարությունն այլևս Ամուլսարի դատական գործով պատասխանող կողմ չէ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն Ամուլսարի դատական գործընթացում այլևս պատասխանող կողմ չէ: Այս մասին այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնեց Ամուլսարի գործով դատավոր Կարեն Զարիկյանը:

«Բնապահպանության նախարարությունն այս գործով պատասխանող կողմ չի հանդիսանում, քանի որ նրա դեմ ուղղված պահանջի մասով՝ անվավեր ճանաչել փորձաքննական եզրակացությունը, հայցադիմումի քննումը մերժվել է», - ասաց դատավոր Կարեն Զարիկյանը: Պատճառն այն է, որ Վարչական դատարանը բնապահպանական եզրակացությունը չի համարել վարչական ակտ, այլ համարել է որպես գործով ապացույց: Այժմ պատասխանող կողմ է միայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով դատարան հայց են ներկայացրել Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունները:

Այս նիստին դատարանը քննեց երկու հարց: Առաջինը վերաբերում էր ՀԿ-երի՝ դատական գործընթացին մասնակցելու իրավասությանը: Դեռ նախորդ նիստին դատավորը «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանից պահանջել էր ներկայացնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան հիմնավորումներ, որ նշված ՀԿ-ն կարող է դատարան հայց ներկայացնել:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքով՝ ՀԿ-ն կարող է դատարան հայց ներկայացնել, եթե՝
- հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից;
- հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում;
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին:

Այսօրվա նիստի ժամանակ Արթուր Գրիգորյանը նշեց, որ առաջին երկու պահանջների մասով ապացույցները ներկայացված են ՀԿ-ի կանոնադրության մեջ, իսկ համապատասխան փաստաթղթերը ներկայացված են դատարանին: Երրորդ պահանջի՝ հանրային լսումներին մասնակցելու մասով հայցվորը որպես ապացույց ներկայացրեց «ԷկոԼուր»-ի հրապարակումներից մեկը: Երրորդ կողմի՝ «Լիդիան Արմենիա»-ի իրավաբան Սայադ Բադալյանը միջնորդեց պահանջել ՀՀ բնապահպանության նախարարությունից Ամուլսարի ծրագրի լսումների արձանագրությունները՝ հիմնավորելու Արթուր Գրիգորյանի մասնակցությունը: Դատավորը բավարարեց միջնորդությունը: Արթուր Գրիգորյանը նշեց, որ արձանագրությունները կազմում է ընկերությունը, և չկա վստահություն, որ բոլոր մասնակիցների անունները նշված կլինեն: Նա ասաց, որ որպես ապացույց դատարան կներկայացնի տեսանյութեր լսումներից:

Այնուհետև դատարանն անցավ երկրոդ հարցի քննմանը, որը վերաբերում է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անկախ փորձագետների կարծիքներին: Հիշեցնենք, որ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել Ամուլսարի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթուղթը նոր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ: Դատավորն ասել էր, որ փորձաքննություն դատարանի կողմից կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը կունենա կասկածներ փորձաքննության օբյեկտիվության կամ եզրակացության թերի լինելու վերաբերյալ: Այս դատական նիստին հայցվոր կողմը դատարան ներկայացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի եզրակացությունը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Դատավոր Կարեն Զարիկյանը նշեց, որ հարկավոր է հայցի հիմքերը հստակեցնել մասնագիտական կարծիքներին համահունչ: Այսինքն, հայցադիմումը փոփոխել այնպես, որպեսզի այն խնդիրները, որոնք արտացոլված են այլընտրանքային փորձաքննական եզրակացություններում, արտացոլվեն նաև հայցադիմումում: Դատարանը երկու շաբաթ ժամանակ տվեց հայցվորին հայցադիմումը հստակեցնելու և պատասխանողին ուղարկելու համար: Նույնքան ժամանակ տվեց պատասխանողին՝ ծանոթանալու և դիրքորոշումը ներկայացնելու համար:

Ամուլսարի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց ս.թ. հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ին (333 դատական դահլիճ):

Մայիս 15, 2017 at 18:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր