Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծին

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծին

ԷկոԼուր

Ազգային Ժողովն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծին, որով նախատեսվում է ՀՀ Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 258.2 հոդվածով: Այդ հոդվածով սահմանվում է, որ կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը՝ պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 11 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

Ըստ օրինագծի` դաժան վերաբերմունքի դրսևորում է համարվում տնային և անտուն կենդանուն խեղելը, մասնատելը, թունավորելը, փորձարկելը, ողջ վիճակում անդամահատելը, մաշկահանելը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպուն ու անցկացումը:

Օրենքի նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: «Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք.
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը: Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբևէ մոռանան ձեր արած որևէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում»,- գրել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում:

16:19 Սեպտեմբեր 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news