Ազատ գետի հունում ապօրինի ձկնաբուծարան կառուցած տնտեսվարողը ջրառի թույլտվություն ստանալու հայտ է ներկայացրել

Ազատ գետի հունում ապօրինի ձկնաբուծարան կառուցած տնտեսվարողը ջրառի թույլտվություն ստանալու հայտ է ներկայացրել

ԷկոԼուր

ՀՀ Կոտայքի մարզի Գողթ համայնքի վարչական տարածքում ապօրինի կառուցված ձկնաբուծարանի հետագա գործունեության համար տնտեսվարողի կողմից ջրառի թույլտվություն ստանալու հայտ է ներկայացվել: Այս մասին հայտնել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Լիազոր մարմինը վարույթ է հարուցել և փորձաքննություն է նշանակվել։ Թե՛ ՏԻՄ ղեկավարը, և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչությունը վարչական տույժ է կիրառել, ինչից հետո հայտ է ներկայացվել տնտեսվարողի կողմից` ջրառի թույլտվություն ստանալու։ Եթե բնապահպանական նորմերին կհակասի և ջրառի թույլտվություն չի տրվի, ապա այն ենթակա է քանդման, հակառակ դեպքում` կօրինականացվի», - նշել է Կոտայքի մարզպետը ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան այն գրառման, թե ապօրինի կառուցված ձկնաբուծարանի վերաբերյալ պատկան մարմինների կողմից իրականացված գործունեության արդյունքների մասին որևէ տեղեկություն չկա։

Ռոմանոս Պետրոսյանը նաև գրել էր, թե հարցն այս պահին Բնապահպանության նախարարության տիրույթում է. «Մենք հետևողական ենք վերջնական կարգավորմանն ամենասեղմ ժամկետներում»։

Հիշեցնենք, որ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը մարտի 28-ին ահազանգել էր, որ Ազատ գետի հունի մեջ ավազաններ են կառուցված: Ճակատը հրապարակել էր Ազատ գետի կիրճի 2018 թ. հոկտեմեբրին և այս տարվա փետրվարին արված լուսանկարները և մակագրել. «Ամբողջովին փոխվել է գեղեցիկ լանդշաֆտը, տեսարանն ու գետի հունը»։

Ահազանգին ի պատասխան, ՀՀ բնապահպանության նախարարությունից մարտի 29-ին պարզաբանել էին, որ ձկնաբուծարանն ապօրինի է՝ չունի համապատասխան թույլտվություն։ Միաժամանակ, հողատարածքի սեփականատերը ապօրինի ձկնաբուծական գործունեություն ծավալելու համար համայնքապետարանի կողմից տուգանվել էր 100 հազար դրամով՝ հողի նպատակայնությունն ապօրինի փոխելու համար։

Հունիս 03, 2019 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր