Ոստիկանության ծառայողը սպանել է կարմիրգրքյան բեզոարյան այծ

Ոստիկանության ծառայողը սպանել է կարմիրգրքյան բեզոարյան այծ

ԷկոԼուր

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի և ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Զաքարյանի, Արտաշատի ոստիկանապետ Ռ. Ներսիսյանի և Արարատի բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են Բեզոարյան այծի գլուխը՝ իր մորթիով։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում Դաշտաքար գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։ Է. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Արարատի բաժնում, ՊՊԾ դասակի ոստիկան է, նա հաջորդ օրը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AV 676 համարանիշի ավտոմեքենայով Բեզոարյան այծը տեղափոխել է Ազատավան գյուղի բնակիչ Խ. Մուրադյանի տուն՝ մշակելու նպատակով։

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

12:25 Դեկտեմբեր 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news