ԷկոԼուր
Օգոստոսի 28-ի առավոտյան «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրում նոր ծխացող օջախներ են առաջացել, ծուխը սկսել է ակտիվանալ դեպի «Ձագեձոր»-ի հատվածը: Ներկայում իրականացվում են կանխարգելման աշխատանքներ: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:
«Օգոստոսի 27-ի առավոտյան հրդեհը մարվել էր, հետագայում շոգ եղանակային պայմանները նպաստել էին նոր ծխացող օջախների առաջացմանը: Այրվող տարածքն ամբողջությամբ խոտածածկ տարածք է, անտառ այնտեղ չկա: Այժմ տարվում են կանխարգելման աշխատանքներ, տեղում աշխատում են ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների, «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ-ը: Հարակից համայնքների բնակիչները նույնպես ակտիվ մասնակցում են աշխատանքներին», - փոխանցեց Արմեն Վարդանյանը:
«Խուստուփ» արգելավայրում հրդեհի առաջացման պատճառը հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ այրվել է 100 հեկտար խոտածածկ տարածք:
Հիշեցնենք, որ հրդեհը արգելավայրում բռնկվել էր օգոստոսի 26-ին:
Լուսանկարը՝ ՀՀ բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան էջից
Օգոստոս 28, 2017 at 13:40