ԷկոԼուր
Մայիսի 14-ին ՀՀ կառավարությունը որոշեց Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.3932 հեկտար հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին:
Այս որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հողամասերի փոխանակման մասին» N 655-Ա որոշմամբ, որով Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցապատման աշխատանքների ամբողջականացման նպատակով «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտուց վերցվեց 1,3932 հա անտառապատ տարածք: Փոխարենը ազգային պարկին պետք է կցվեր «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի սեփականություն համարվող նույն տարածքով այլ հողամաս: Որոշման ընդունմամբ փոխանակված՝ 1.3932 հեկտար հողամասը հանձնվեց «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանը և օգտագործմանը:
Նշենք, որ փոխանակության արդյունքում Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցապատման համար տրված «Դիլիջան» ազգային պարկի տվյալ տարածքը 02-03 լրիվության անտառ է` տարածքում հաշվառված թվով 323 հատ տարբեր ծառերով և թփերով: Իսկ «Քեմփ վենչուրս» ընկերության կողմից առաջարկված տարածքը խնձորենու այգի է՝ 158 հատ ծառերով: «Քեմփ վենչուրս»-ը պատրաստակամությունն էր հայտնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ այդ տարածքում կատարելու ծառապատման համապատասխան աշխատանքներ՝ փոխանակվող հողամասերի համարժեքությունն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի համար 2010 թվականին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից տրամադրվել է 67 հա տարածք:
Լուսանկարը` www.uwc.org կայքի
Մայիս 14, 2015 at 16:32