ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՏԱՆԳՈ ՙGEOPROMINING՚ ԸՆԿԵՐՈՒԹԱՆ ՀԵՏ

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՏԱՆԳՈ  ՙGEOPROMINING՚  ԸՆԿԵՐՈՒԹԱՆ ՀԵՏ

Ա1+

«GEOPROMINING» ընկերությունը Սեւանի ավազանում նոր ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման աջակցության հարցում Էկոլոգիական եւ գիտական կազմակերպությունների կողմից հանդիպեց դժվարությունների: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ներկայումս «ԷկոԼուր»-ը անցկացնում է Սեւանում նոր ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված արշավ:

Հիշեցնենք, որ 2007թ. «GEOPROMINING»-ը հնդկական «Vedanta Resources» ընկերությունից գնեց Արարատի ոսկու արտահանման ձեռնարկությունը եւ Սոդքի ոսկու հանքի կոնցեսիան: Տնտեսական շահերից ելնելով՝ ընկերությունը որոշեց արտադրությունը Արարատից տեղափոխել Սոդք՝ Սեւանի ավազան: Այս առաջարկը լիովին հակասում է «Սեւանի մասին» ՀՀ օրենքին, քանի որ այդ ձեռնարկության ողջ գործընթացը հանքանյութի մանրացումից սկսած մինչեւ պոչամբարում պուլպայի կուտակումը կուղեկցվի օդի, ջրի եւ հողի՝ թունավոր տարրերով (մկնդեղ, ռենիում եւ այլն) աղտոտմամբ: Այդ տոքսիկ նյութերը չեն քայքայվում եվ մնում են ընդմիշտ: Ամենավտանգավոր նյութերից մեկն էլ ցիանային միացություններն են, որոնց միջոցով արտահանում են ոսկին:

Փորձելով ապահովել նախագծի նկատմամբ դրական կարծիք՝ ընկերությունը որոշեց ՀԿ-ների եւ գիտնականների համար կազմակերպել Ճամփորդություն դեպի Ավստրալիա կամ Հարավային Աֆրիկա՝ այդ երկրների օրինակով ցույց տալու, որ «նույնիսկ օվկիանոսի հարեւանությամբ կարելի է կառուցել ժամանակակից տեխնոլոգիաներ ունեցող նմանատիպ ձեռնարկություններ»:

Ճամփորդությանը մասնակցել ցանկացողների կարծիքը ամբողջացրեց «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա»-ի նախագահ Սրբուհի Հարությունյանը: «Մեր կազմակերպությունը պատրաստ է այդ ճամփորդության համար տրամադրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասնագետներ», - հայտնեց նա:

Նույն պարզությամբ արտահայտվեց նաեւ այդ ակցիային դեմ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: «Իրականում ընկերությունը եվ ընկերության հետեւում կանգնածները հրաշալի գիտեն, թե ինչ են անում՝ ե՜ւ երբ ցանկանում են գերշահույթ ստանալ, ե՜ւ երբ գայթակղիչ ճամփորդության միջոցով գնում են հասարակական կարծիքը»,- ասաց նա:

Ինչպես հայտնի դարձավ, գիտնականների մեծ մասը դեմ է այդ նախագծին: Նրանք պատրաստ են ավելի մանրամասնել իրենց մերժումը փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո:

Ճամփորդության համար հասարակայնության կողմից պատվիրակության ձեւավորմամբ զբաղվեց Էկո Դաշինքի խորհուրդը, որը ՀՀ բնապահպանության նախարարության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանին ներկայացրեց ճամփորդության մասնակիցների ցուցակը: Այդ պահից սկսած տեղեկատվությունը լայն հասարակայնության համար փակվեց:

Գաղտիությունը խախտվեց հուլիսի 25-ին՝ «GEOPROMINING»-ի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, երբ ընկերության ներկայացուցիչներ Կոբա Նակոպայան եվ Դիմիտրի Կալանդադզեն ստիպված էին բացատրություն տալ հասարակայնության ավելի լայն շրջանակի առջեւ: «Մենք ցանկանում ենք կայացնել համատեղ որոշումներ, որպեսզի Սեւանի էկոլոգիան չտուժի՝ ե՜վ դուք, ե՜վ մենք գոհ մնանք»,- հայտնեց Կոբա Նակոպայան՝ հավելելով, որ ընկերությունը մտադիր է ստեղծել Սեւանի հատուկ հիմնադրամ:

Կոբա Նակոպայան ընդունեց, որ եթե ձեռնարկությունը չկառուցվի Սոդքում՝ հանքից 40կմ հեռավորության վրա, ապա ողջ ձեռնարկության գործունեությունը կդառնա տնտեսապես անշահավետ եվ կկորցնի իր իմաստը: «Եթե մենք համաձայնության չգանք, ապա ստիպված կլինենք փակել ձեռնարկությունը»,-ասաց նա: Նրա խոսքերի համաձայն՝ Արարատի գործարանը վերամշակում է պոչերում մնացած երկրորդային հումքը, որը հիմնականում արդեն սպառված է: Ձեռնարկությունը ձեռքբերման պահից սկսած կանգնած է, սակայն մոտ ժամանակներս կաշխատի, որպեսզի ծածկի վնասները:

Կոբա Նակոպայան առաջարկեց դիտարկել ձեռնարկության ամենավտանգավոր հատվածը՝ պոչամբարը, Սեւանից հեռացնելու տարբերակը, օրինակ՝ կառուցել այն Գագարին գյուղի մոտակայքում: Սակայն այդ հարցը մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, քանի որ վտանգվում է տարածաշրջանի ջրահավաք ավազանը: Հասարակական կազմակերպություններից ոչ ոք համաձայնություն չտվեց Սեւանի ավազանի տարածքում ձեռանարկության կառուցմանը: Որոշ մասնակիցներ նշեցին, որ պետք չէ Սեւանը համեմատել օվկիանոսի հետ, քանի որ Սեւանը ոչ միայն Հայաստանի համար է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար, այլ նաեւ ողջ Կովկասի համար: «Վրաստանը մեզ համար եղբայր պետություն է, որը մեզանից է վերցնում քաղցրահամ ջուրը, եվ դուք առաջինը պետք է մեզ հասկանաք»,- ասաց հանդիպման մասնակից Քնարիկ Հովհաննիսյանը: «Սեւանը պաշտպանված է օրենքով» արտահայտությունը հանդիպման ժամանակ դարձավ գլխավորը:

«Սեւանի մասին» ՀՀ օրենքի եվ նախագծի միջեւ առկա հակասությունների վերաբերյալ պարոն Նակոպայան այսպես արտահայտվեց. «Մենք ոչ մի դեպքում չենք խախտի օրենքը, մինչդեռ օրենսդրությունը կարող է փոփոխվել, քանի որ փոփոխվում են նաեւ միջազգային տենդենցները»:

Մոտ 2 ժամ տեւած քննարկման արդյունքում ընկերության ներկայացուցիչները եկան այն հետեւության, որ դեռ վաղ է ճամփորդության մասին խոսելը եվ ընդունեցին առաջարկ հանդիպել Սոդքում, որտեղ ընկերությունը կներկայացնի իր նախագծի վերաբերյալ փաստաթղթերը եվ իրական առաջարկներ կանի: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Լրատվամիջոցների հետ շփումներից ընկերությունը հրաժարվեց՝ հայտարարելով, որ չի ուզում մասնակցել ՙհեռուստաշոուների՚: Ընկերությունը հրաժարվեց նաեւ հրապարակել իր գործընկերների եվ ներդնողների անունները՝ ասելով սակայն, որ դրանք խոշոր միջազգային բանկեր են, որոնք, ինչպես եւ ընկերությունը, հոգ են տանում իրենց իմիջի մասին:

Հուլիս 31, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր