Ակտիվիստները պահանջում են, որպեսզի ոստիկանապետը միջոցառումներ ձեռնարկի Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» ոչնչացման դեմ

Ակտիվիստները պահանջում են, որպեսզի ոստիկանապետը միջոցառումներ ձեռնարկի Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» ոչնչացման դեմ

ԷկոԼուր

Մեկ ամսից ավելի է, ինչ ակտիվիստները ահազանգում են Գառնիում հայտնի բնության հուշարձան «Քարերի սիմֆոնիա»-ի ոչնչացման մասին: Բազալտե ժայռը, որը երգեհոն է հիշեցնում, գտնվում է Կոտայքի մարզում` Գառնի գյուղից 1 կմ հեռավորության վրա, Ազատ գետի կիրճում և, համաձայն ՀՀ կառավարության 14.08.2008թ. «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» հ. 967-Ն ոորոշման, համարվում է երկրաբանական հուշարձան:   Այն մյուս հուշարձանների նման անձնագիր չունի: Հուշարձանների անձնագրերի կազմման և պահպանման ռեժիմի սահմանման աշխատանքները «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով պարտավոր է կատարել ՀՀ բնապահպանության նախարարությունը: Այս մասին նշված է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայացված է նաեւ տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես անհայտ անձիք ոչնչացնում են ժայռը, ջարդում են քարերը եւ տանում բեռնատարներով: Գառնիում կան օլիգարխների առանձնատներ, որոնք կառուցված են «Քարերի սիմֆոնիա»-ի բազալտից: Տեսանյութի հեղինակներն են`«Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը, Սարմեն Շահիջանյաը:

Ակտիվիստները տեսանյութը ցույց են տվել Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին, որպեսզի վերջինս միջոցառումներ ձեռնարկի: Գյուղապետի հետ հաջորդ զրույցի ժամանակ ակտիվիստները տպավորություն են ստացել, որ գյուղապետը քողարկում է այդ մարդկանց: «Հարց է առաջանում, թե ու՞մ հերթական առանձնատունն է կառուցվում հայ ժողովրդի հանրային սեփականության` չնաշխարհիկ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» քարերի հաշվին: Ո՞վ է հովանավորում և կոծկում տվյալ տարածքում կատարվող հանցագործությունը, ինչու՞ ոստիկանության տարածքային բաժինը քայլեր չի ձեռնարկում կատարվածը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ կամ ի՞նչ ընթացքում է այն գտնվում, որևէ տեղեկություն մինչև օրս չկա, իսկ վանդալիզմը նշյալ տարածքում շարունակվում է: Գառնու համայնքի ղեկավարը վստահեցրել է բնապահպան-ակտիվիստներին, որ ինքը կատարվող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունք, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

Մինչ ոստիկանության տարածքային բաժանմունքը տեղից կշարժվի, Գառնու տարածքի «Քարերի սիմֆոնիան» կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի: Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավիրում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին (հանցագործն) է անցել գործի՝ հանուն իր անձնական կամ հերթական օլիգարխի շահի: Կարծես թե Հայաստանում շինարարություն իրականացնելու համար էլ քար չի մնացել կամ էլ չի բացառվում, որ որոշ մարդիկ, չարաշահելով իրենց իրավունքներն ու դիրքը, որոշել են գումար տնտեսել և իրենց առանձնատները կառուցել պետության ու ժողովրդի սեփականության հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ակտիվիստները դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին,  որպեսզի ծառայողական քննություն անցկացվի՝ պարզելու, թե ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքն ինչու՞ մինչև օրս քայլեր չի ձեռնարկել Գառնու համայնքի ղեկավարի հաղորդմանն իրավական գնահատական տալու, Գառնու տարածքում «Քարերի սիմֆոնիայի» վանդալիզմը կանխելու, հանցագործներին հայտնաբերելու և քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:



Նոյեմբեր 29, 2012 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր