Մեր քարանձավների էկոհամակարգերը վտանգված են, պնդում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան

Մեր քարանձավների էկոհամակարգերը վտանգված են, պնդում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան

ԷկոԼուր

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` պահանջելով փրկել Մագելի, Մոզրովի եւ Արջերի քարանձավների յուրահատուկ բնական էկոհամակարգերը: Նամակում մասնավորապես ասված է. «Վերջերս ակտիվացել են դեպի Հայաստանի տարբեր քարանձավներ տուրեր կազմակերպող ակումբները, խմբերն ու գործակալությունները, նաև բազմաթիվ ծրագրեր են առաջարկվում դեպի քարանձավներ զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Այցելությունները կարող են վտանգել այդ քարանձավներում բնակվող կենդանատեսակների՝ մասնավորապես չղջիկների գոյությունը: Մեզ մասնավորապես անհանգստացնում է Վայոց Ձորում գտնվող Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավների ճակատագիրը: Այս քարանձավներում իրենց ապաստանն են գտել ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում: Վերոհիշյալ քարանձավներն արագորեն վեր են ածվում զբոսաշրջության կենտրոնների:  Մագելի քարանձավի մուտքը փակվել է 2007թ-ին, սակայն զբոսաշրջիկների այցերը շարունակվում են: Մուտք գործելով քարանձավ` զբոսաշրջիկն արթնացնում է ձմռան քուն մտած չղջիկներին, որոնք սկսում են այս ու այն կողմ թռչել: Կենդանու մոտ կենսական պրոցեսներն արագանում են, և նա փաստորեն սկսում է օգտագործել էներգիայի այն պաշարները, որոնք կուտակել էր  ամռան ամիսներին ձմռանը գոյատևելու համար: Քանի որ ձմռանը կեր չկա (մոծակներ, գիշերաթիթեռներ) և  էներգիայի պաշարները բավարար չեն ձմեռն անցկացնելու համար, կենդանին կանգնում է ոչնչացման վտանգի առջև:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքում ստացված փաստարկների վրա, ահազանգում է մեր երկրի յուրահատուկ էկոհամակարգերի` Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավները կորցնելու վտանգի մասին և աղետը կանխելու համար առաջարկում է  իրականացնել հետևյալ քայլերը.

1. Ճաղավանդակով արգելափակել և կողպել Մոզրովի և Արջերի քարանձավների մուտքը:

2. Չղջիկների բնականոն կենսակերպը չխաթարելու նպատակով գիտնականների, պետական և ոչ պետական սեկտորի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել և ներդնել Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավներ այցելությունների և պահպանման կանոնակարգ, ինչպես նաև քարանձավներ այցելությունների ժամանակացույց»:

Լուսանկարները` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի

14:18 Հոկտեմբեր 20, 2011


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news