Հեշտ որս. Հայաստանի բնապահպաններն անհանգստացած են Կարմիր գրքում գրանցված կենդանիների շարունակվող որսագողով

Հեշտ որս. Հայաստանի բնապահպաններն անհանգստացած են Կարմիր գրքում գրանցված կենդանիների շարունակվող որսագողով

Սիրանույշ Գեւորգյան, ԱրմենիաՆաու

Հայաստանի բնապահպաններն անհանգստացած են այն կենդանիների որսագողով, որոնց պահպանությամբ պետք է զբաղվի պետությունը:

Ոլորտի պատասխանատուներն անընդհատ հայտարարում են, թե որսագողության դեպքերը տարեցտարի նվազում են: Նրանք նաև ասում են, որ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Կարմիր գրքում գրանցված և անհետացման եզրին հայտնված կենդանիների պաշտպանությանը:

«ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն ասաց, որ հատուկ պահպանվող տարածքներում «որսագողության հատուկենտ դեպքեր են գրանցվում»: Աղասյանը դա բացատրում է վերջին տարիներին հատուկ պահպանվող տարածքներում ռեժիմի խստացմանն ուղղված միջոցառումներով: Նրա խոսքով` ավելի շատ մարդիկ են աշխատում, մեքենաներ են տրամադրվել աշխատողներին, ավտոմեքենաների համար` վառելանյութ, տարածքները զինվել են հսկման նորագույն սարքավորումներով և այլն:

Սակայն բնապահպանները պնդում են, որ ազգային պարկերում և արգելավայրերում, ի տարբերություն արգելոցների, ավելի հաճախ են տեղի ունենում որսագողության դեպքեր: Իսկ այն վայրերում, որոնք չեն մտնում հատուկ պահպանվող տարածքների մեջ, ավելի հեշտ է որսալ արգելված կենդանիներ:

Բնապահպանության նախարարությունն ամեն ամիս հրապարակում է Բնապահպանական պետական տեսչության ստուգումների արդյունքները, որտեղ միջինն ամսական ապօրինի որսի 5-6 դեպք է գրանցվում, գերակշռում են ձկան և խեցգետնի ապօրինի որսի դեպքերը: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` հայտնաբերվել է 71 խախտում (2010 թ. նույն ժամանակահատվածում` 79 խախտում):

Բոլորովին վերջերս հարավային Սյունիքի մարզի Կապանի մոտակայքում երեք անձինք երկու բեզոարյան այծ էին սպանել: Ոստիկանությունը բերման էր ենթարկել որսագողության մեջ կասկածվող երեք անձի, որոնցից մեկը խոստովանել էր, որ ինքն է սպանել այծերին` իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն ակոսավոր հրացանով: Ըստ ոստիկանության հաղորդագրության` պետությանը պատճառվել էր մոտ 6 միլիոն դրամի (մոտ 16.000 դոլար) վնաս:

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի որսագողության համար նախատեսվում է տուգանք 3 միլիոն դրամի (մոտ 8000 դոլար), իսկ կովկասյան գորշ արջի համար` 1 միլիոն դրամի (մոտ 2700 դոլար) չափով: Տուգանքի չափը հնգապատկվում է, եթե որսագողությունը կատարվել է հատուկ պահպանվող տարածքում:

Հայաստանում որսի պաշտոնական սեզոնը սկսվում է օգոստոսի 27-ին և ավարտվում փետրվարի 27-ին: Ամեն տարի բնապահպանության նախարարությունը հրապարակում է այն կենդանիների ցուցակը, որոնք կարող են որսալ որսի լիցենզիա գնած որսորդները: Ըստ այդմ` թույլատրվում է որսալ լոր, աղավնիներ, քարակաքավ, կտցարազգիներ, արտույտներ, սարյակներ, կեռնեխներ, մոխրագույն ագռավ և կաչաղակ, ջրլող թռչուններ, աղվես, վայրի խոզ և նապաստակ: Բնապահպանության ոլորտի պաշտոնյաների հավաստմամբ` որսագողությունը նվազում է որսաշրջանի ընթացքում:

Որագողության մասին խոսելիս բնապահպաններն առաջինը մատնացույց են անում Սևանա լճի վիճակը: Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով` Սևանա լիճը տարիների անխնա ձկնագողության հետևանքով «դատարկվել է, ձուկ չկա»:

«Իսկ դա միայն ձկան խնդիրը չէ, ձկների բացակայությունը հանգեցնում է լճի ջրի որակի անկմանը, լիճը ճահճանում է,- ահազանգում է բնապահպանը` հավելելով,- նույն խնդիրն ունենք անտառային ոլորտում: Ինչո՞ւ են գայլերը հարձակվում բնակավայրերի վրա, որովետև առաջին` կրճատվել են անտառները, երկրորդ` վերացել է գայլերի սննդի բազան, նրանք սոված են մնում, իջնում բնակավայրեր: Խախտվել է էկոհամակարգի սննդային շղթան: Այս երևույթը պետք է մեզ համար ահազանգ լինի»:

«Էկոլուր» բնապահպանական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ ընդգծում է, որ հասարակ որսագողերին պատժելու փոխարեն պետք է կարողանալ նախևառաջ այն մարդկանց պատժել, որոնք օգտագործում են որսագողության արդյունքները: Նա մատնացույց է անում մի շարք հայտնի ռեստորաններ, որտեղ կարելի է համտեսել Կարմիր գրքում գրանցված կենդանիների մսից պատրաստված կերակուրներ:

14:31 Սեպտեմբեր 16, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news