ԷկոԼուր
Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1.1 աստիճանով: Ըստ գիտնականների կանխատեսումների` հետագայում կլիմայի փոփոխությունը կընթանա ավելի արագ, ինչը մարդկային գործոնի ուղղակի հետևանքն է: Անտառհատումները, տարբեր գործարանները, էլեկտրակայանները, մարդկային գործունեությունը նպաստեցին կլիմայի փոփոխությանը, որը 21-րդ դարի գլխավոր աղետն է:
Գլոբալ տաքացման հետևանքների մեղմացման նպատակով՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանում իրականացվում է «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագիր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Անտառները մեծ դեր են խաղում կլիմայի փոփոխության հարցում, այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք այս ծրագիրը,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բարքերը,- Հայաստանում մեր կողմից իրականացվող ծրագրերի մեծամասնությունը ազգային է, սակայն կլիմայի դեմ պայքարի ուղղված բոլոր ծրագրերը կրում են տարածաշրջանային բնույթ, քանի որ բնությունը չի ճանաչում սահմաններ»:
Ծրագրի համակարգող Սիրանույշ Գալստյանի խոսքով՝ չափանիշներց մեկը եղել է էռոզիայի կանխարգելումը: «Մեր նպատակն է բարձրացնել անտառային էկոհամակարգերի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչպես նաև ավելացնել տեղական բնակչության կենսամիջոցները և բարելավել կենսաբազմազանությունը»,- ասաց Սիրանույշ Գալստյանը` նշելով, որ տեղանքին հարմարված տնկանյութ ունենալու համար օգտագործել են տեղում աճեցված սերմեր:
Ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են Լոռու և Տավուշի մարզերում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում:
«Աշխարհում և Հայաստանում ապագայում սպասվում են բավականին բարդ ժամանակներ, սա շատ լուրջ խնդիր է, և կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցման ամենամեծ գործոններից մեկը անտառն է»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նա նաև առանձնացրեց ծրագրի դրական ազդեցությունը անտառտնտեսություններին կից համայնքների սոցիալական բարեկեցության վրա: «Ծրագրի շրջանակներում դաշտային աշխատանքներում երկու մարզերում կից համայնքներից աշխատել են 150-200 մարդ»,- ասաց նա: ԷկոԼուրի հարցին, թե ինչ ազդեցություն կունենա մեր գետերի ցամաքումը անտառների և կլիմայի փոփոխության վրա, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Գետերի ցամաքումը շատ վատ ազդեցություն կունենա անտառների վրա և անտառներն էլ գետերի վրա: Ամեն ինչը պետք է լինի չափավոր, մեզ մոտ դա պակասում է»:
«Մեր ծրագրի նպատակը ոչ թե ծավալն է, այլ նոր մոտեցումների, նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության ներդրումը»,- ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Լիխտենբերգերը եւ հավելեց. «Հույս ունենք նաև բարելավել տեղի բնակչության սոցիալական վիճակը: Այդ տարածքների հարևան համայնքները կունենան ավելի առողջ միջավայր, ավելի մաքուր ջուր և անտառներ, և որքան բազմազան լինի անտառը, այդքան բազմազան կկարողանա տեղի բնակչությունը օգտվել անտառներից»,- նշեց Մատիաս Լիխտենբերգերը:
Ծրագիրը մեկնարկել է 2011 թ-ին և կավարտվի 2014թ-ին: Հայաստանում ծրագրի արժեքն է 430 հազար եվրո:
Դեկտեմբեր 05, 2013 at 17:36