Հայաստանում իրականացվեց միջազգային բնապահպանական գիտաժողով

Հայաստանում իրականացվեց միջազգային բնապահպանական գիտաժողով

ԷկոԼուր- Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա

Ս/թ սեպտեմբերի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից կազմակերպված Ռաֆորդ փոքր դրամաշնորհների հաղթողների գիտաժողովը Հայաստանում: Ռաֆորդ փոքր դրամաշնորհների հիմնադրամը իրականցնում է կենսաբազմազանության հետազոտման, պահպանման և բնապահպանական կրթությանն ուղղված ծրագրերի աջակցություն (http://www.ruffordsmallgrants.org/): Հիմնադրամի աջակցության շնորհիվ իրականացվել է շուրջ 2000 բնապահպանական ծրագիր ավելի քան 130 երկրում` այդ թվում Հայաստանում:

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած գիտաժողովի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ Բնապահպանության նախարարության, բնապահպանական ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, գիտական ինստիտուտների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման հատուկ հյուրերն էին ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և Ռաֆորդ փոքր դրամաշնորհների հիմնադրամի տնօրեն Ջոշ Քոուլը:

Գիտաժողովի ընթացքում կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հետազոտական և կրթական ծրագրերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան 16 մասնակիցներ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Խորվաթիայի, Վրաստանի, Թուրքիայի և այլ երկրների բնապահպանական հասարակական և գիտական հիմնարկներից:

Գիտաժողովի ընթացքում իրականացված «Հաղորդակցությունը և համագործակցությունը կենսաբազմազանության պահպանման միջոցառումներում» թեմայով քննարկման ընթացքում, համագործակցությունը խթանելու նպատակով, որոշվեց ստեղծել տեղեկատվական ցանց մասնակից կազմակերպությունների մասնակցությամբ՝ հետագայում տարածաշրջանային և այլ շահագրգիռ բնապահպանական կազմակերպությունների ներգրավման ակնկալիքով: Մասնակիցները հնարավորություն ստացան նաև ծանոթանալ Հայաստանի կենսաբանական բազմազանությանը և պատմամշակութային արժեքներին` մասնավորապես կազմակերպվեցին ճանաչողական այցելություններ դեպի «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկեր:

Գիտաժողովը հնարավորություն տվեց հայաստանցի գիտնականներին և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներին կապեր ստեղծել արտերկրից ժամանած գործընկերների հետ, իրականացնել գիտական փորձի հաջողակ փոխանակություն:

15:27 Հոկտեմբեր 02, 2012


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news