

ԷկոԼուր
Չնայած հասարակայնության ակտիվ ընդդիմությանը` Բնապահպանության նախարարությունը իր թեկնածուին է անցկացնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնում: Նոյեմբերի 23-ին Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ տնօրենի թեկնածուների մրցույթ: Երեք թեկնածուներից ժամանեց միայն մեկը` Խոսրովի արգելոցի փոխտնօրեն Գաբրիել Պողոսյանը: Հենց այս թեկնածուի դեմ են հանդես եկել «Խոսրովի արգելոց» եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները: Նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ նախաձեռնությունների ներկայացուցիչներ Աննա Շահնազարյանը, Մերի Խաչատրյանը եւ Եղիա Ներսիսյանը անհանգստություն են հայտնել, որ թեկնածուն (մականունը` Նոնո) ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն չունի, այլեւ հայտնի է որսագողերի հետ ունեցած կապերով: Ինչպես հայտնի է, թեկնածուն պետք է մասնագիտական պատրաստվածության քննություն հանձներ, եւ նախարարություն վստահեցնում է, որ հարցերի 85 %-ին նա ճիշտ է պատասխանել: Արդյունքների մասին կհայտնեն ավելի ուշ:
Մեր կողմից նշենք, որ դա ցուցանիշ չէ: Ցուցանիշ է այն, որ մյուս երկու թեկնածուները մրցույթին չեն ներկայացել, ինչն արդեն իսկ խոսում է իմիտացիոն գործընթացի մեծ հավանականության մասին: Ստացվում է, որ մասնագիտական պատրաստվածության համար մրցույթները կազմակերպվում են տեղական կառավարման մարմինների ընտրությունների նմանությամբ: Ձեւի համար ներկայացնում են 2-3 թեկնածու, սակայն ընտրում են նրան, ում հովանավորում են վերեւից:
Նոյեմբեր 23, 2012 at 19:31
