Առաջարկություններ կառավարությանը` ինչպես պահպանել էկոհամակարգերը կլիմայի փոփոխության պայմաններում

Առաջարկություններ կառավարությանը` ինչպես պահպանել էկոհամակարգերը կլիմայի փոփոխության պայմաններում

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխության արդյունքում սպասվող ջերմաստիճանի բարձրացումը ու տեղումների նվազելը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի կենսաբազմազանության վրա: Այս հարցը քննարկվեց «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էկոհամակարգերի խոցելիությունը` պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

ՄԱԶԾ/ԳԷՖ «ՄԱԿ ԿՓՇԿ-ի ներքո Հայաստանի երրորդ ազգային զեկույցի նախապատրաստում» ծրագրի խոցելիության և հարմարվողականության ավագ փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը, դիտարկելով էկոհամակարգերի վիճակը ջերմաստիճանի բարձրացման և տեղումների կրճատման սցենարում, մասնավորապես ասաց. «Այն վայրերի պայմանները, որտեղ այժմ տեղակայված են ալպյան  մարգագետինները և գորգերը, կհամապատասխանեն ենթալպյան մարգագետինների պայմաններին: Ենթալպյան գոտիներում կձևավորվեն տափաստանային պայմաններ: Այնտեղ, որտեղ այժմ մարգագետնատափաստաններ են, կլինեն զուտ տափաստանային պայմաններ:… Մեզ մոտ տեղի կունենա որոշ տարածքների ավելացում, իսկ որոշ տարածքներ կփոքրանան…Պայմանների նման փոփոխությունն անպայման կհանգեցնի ժամանակակից էկոհամակարգերի դեգրադացման»: Գեորգի Ֆայվուշը նաև նշեց, որ պետք արդեն այսօր փնտրել եղանակներ առանձին տեսակների պահպանման համար:  

«Եթե կլիմայի փոփոխության արդյունքում ջերմաստիճանը բարձրանա և տեղումները նվազեն, ապա աղբյուրները գնալով չորանալու են: Եթե աղբյուրները չորացան, նշանակում է, որ մենք կորցնելու ենք Հայաստանի տարածքից սաղմոնազգի ձկներից առաջին հերթին կարմրախայտին, որը բազմանում է ձմռան սկզբին»,- իր ելույթում մասնավորապես ասաց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը:

«Գլոբալ տաքացման գործընթացի ակտիվացման արդյունքում մեծանում է  կլիմայական բաղադրիչների բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա: Այն արտահայտվում է պոպուլյացիաների և տեսակների թվաքանակի կրճատմամբ, տարածման արեալների փոփոխությամբ, վնասատուների թվաքանակի և հիվանդությունների զանգվածային բռնկումների ավելացմամբ»,- կենսաբազմազանությանը սպառնացող վտանգները թվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Գագիկ Մանուչարյանը:

«Էկոլոգիական միջանցքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը, անդրադառնալով խոնավ տարածքների խնդիրներին, ասաց. «Կլիմայի փոփոխության` մասնավորապես կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման պայմաններում ամենախոցելի էկոհամակարգները կլինեն խոնավ տարածքները»: Խոնավ տարածքներից առանձնացնելով Սևանա լիճը` Կարեն Ճենտերեճյանն ասաց, որ վերջին 5 տարվա ընթացքում լճի մակարդակը չի բարձրացել:

«Ջերմաստիճանի 2 աստիճան բարձրացման սցենարը սիգի վրա ռեալ ազդեցություն չի ունենա, բայց կան սառնասեր ձկներ և ջերմասեր ձկներ: Եթե ավելի չոր կլիմա ստեղծվի, փաստորեն ջրի օգտագործումն էլ դրանից կավելանա, մենք կունենանք շատ մեծ խնդիրներ գետերում` հատկապես այն գետերում, որոնք աղբյուրներով են սնվում: Քանի որ իշխանը և կարմրախայտը հիմնականում այդ գետերում են բազմանում, ապա մենք կունենանք մեծ խնդիրներ ձվադրավայրերի հետ: Եթե մենք հույս ունենաք, որ կշարունակվի Սևանա լճի բարձրացումը, միևնույն է, չի կարելի ասել, որ վիճակը կբարելավվի, քանի որ բոլոր փոփոխությունները բերում են էկոհամակարգի ոչ ստաբիլ պայմանների: Ոչ ստաբիլ պայմանները բերում են ոչ կանխատեսելի փոփոխությունների էկոհամակարգում, որը ոչ ոք չի կարող կանխատեսել: Այդ 2 աստիճանը գետերի վրա ուժեղ ազդեցություն կունենա, բայց Սևանի վրա, գտնում ենք, որ` ոչ»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը բարձրացրեց բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքների փոխհարաբերությունների հարցը: «Պահպանվող տարածքն ապահովում է կայուն էկոհամակարգերի ծառայություն, և դա պետք է ոչ միայն կենդանիներին, բույսերին, այլ նաև բնակիչներին, որովհետև իրենք այդտեղ բնակվում են: Դա է մեզ մոտ բացակայում, որ բնակիչները հասկանան պահպանվող տարածքների օգուտը: Մենք առաջարկել ենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքներն ունենան խորհուրդ, և խորհրդի անդամ  լինեն ոչ միայն նախարարության ներկայացուցիչները, այլ առաջին հերթին այդ համայնքների բուֆերային գոտու բնակիչները, որ իրենք փորձեն այդ կոնֆլիկտային հարցերը իրար մեջ լուծել»,- ասաց Կարեն Մանվելյանը:

Ի լրումն ասվածի ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի  պետ  Արամ Աղասյանը նշեց, որ մշակվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» նոր օրենք, որում նախատեսված են օրենսդրական մեխանիզմներ այդ հարցը լուծելու համար: «Հարակից բնակավայրերին պետք է տրվեն որոշակի արտոնություններ, և փոխհատուցման մեխանիզմ պետք է լինի: Հենց հիմա «Շիկահող» պետական արգելոցի կողքը մարդը կարտոֆիլ է ցանել, կաբանները մտնում, ոչնչացնում են այդ կարտոֆիլը: Փոխհատուցման մեխանիզմ պետք է գործի, որը ընդունված է ամբողջ աշխարհում»,- ասաց Արամ Աղասյանը:

Կենսաբանանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը բարձրացրեց Ուրցասարի խնդիրը: «Նախկին նախագահը պոկեց Խոսրովի արգելոցի ամենակարեւոր կտորը`  Ուրցասարի լեռնաշղթան: Ամբողջ կյանքում ես պայքարել եմ Ուրցասարի լեռնաշղթայի համար, որ այն չսեփականաշնորհեն: Դա մուֆլոնի ծննդավայրն է եւ այնտեղ կա իրանական ֆլորայի շատ հետաքրքիր կտոր: Ես` ինքս, այնտեղ գիտության համար նոր 5 տեսակ եմ հայտնաբերել: Այժմ այնտեղ տրավերտինի հանք են շահագործում: Հանքերը բարձրացել են մինչեւ Ուրցասարի վերին հատվածը: Այնտեղ աճում է հազվադեպ հանդիպող տերեփուկը, որը կա միայն Մուշում, Բիթլիսում եւ Վանի մոտ: Եւ ես այն գտել եմ հենց այն վայրի ստորոտին, որտեղ տրավերտին են արդյունահանում: Այդ տրավերտինները կարելի է անընդհատ արդյունահանել եւ ոչնչացնել Ուրցասարը: Պետք է քայլեր ձեռնարկել` փրկելու Ուրցասարը»,- ասաց Էլեոնորա Գաբրիելյանը:

«Ցավոք սրտի, Հայաստանում չունենք կենսաբազմազանության մոնիտորիգ, մենք չգիտենք` ինչ ունենք, բայց փորձում ենք կանխատեսումներ անել: Եկեք հասկանանք՝ ինչ ունենք, նոր հետո վերլուծենք՝ ավելանում է, պակասում է»,- ասաց Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը:

«Կլիմայի փոփոխության կոնվենցիայի երկրորդ հոդվածում այսպիսի բան է գրված, որ կլիմայի փոփոխության դեմը պետք է առնել այնպիսի տեմպով, որ էկոհամակարգերը հասցնեն ադապտացվել: Դա շատ կարևոր է. կլիման ուզենք, չուզենք, փոխվում է: Այսօր արդեն այդ ֆունկցիան խաթարվել է: Դրա համար մենք երկու մոտեցում ենք առաջարկում` և էհոկամակարգերը վերականգնել, պահպանել, և տնտեսական բոլոր ճյուղերն այնպես տանել` չվնասելու էկոհամակարգերը»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

«Հայաստանի կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության մեջ կա մեծ բաժին նվիրված կենսաբազմազանության խոցելիությանը: Եթե էկոհամակարգը  լավ է կառավարվում, կլիմայի փոփոխությունը ավելի քիչ կազդի դրա վրա: Խոցելիության գնահատման ժամանակ հաշվի է առնվել նաև այդ համակարգերի վրա այլ ազդեցությունները: Կա նաև մի կարևոր խնդիր, որը պետք է համակարգի բնապահպանության նախարարությունը, որպես կոնվենցիայի պատասխանատու գերատեսչություն, դա է մշակել ՀՀ հարմարվողականության ծրագիրը: Սկզբունք է դրված, որ հարմարվողականությունը պետք է լինի էկոհամակարգային մոտեցմամբ: Դա Հայաստանի դիրքորոշումն է»,- ասաց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

Քննարկման արդյունքում կառավարությանն արվեցին հետևյալ առաջարկությունները.

  • կենսաբազմազանության մոնիտորինգի համար մշակել մոտեցումներ ըստ խնդրի (վարչական, գիտական, ազդեցության գնահատման),
  • կառավարության կողմից ստեղծել իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվության թափանցիկ համակարգ՝ խորհուրդ, որին կներկայացվեն այն բոլոր ծրագրեըը, որոնք նախարարությունները համակարգում են  
  • բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում ստեղծել խորհուրդներ, որոնց անդամ  լինեն ոչ միայն նախարարության ներկայացուցիչները, այլ բուֆերային գոտու համայնքների բնակիչները, որպեսզի իրենք փորձեն կոնֆլիկտային հարցերը իրար մեջ լուծել
  • մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա պետք է նորմավորվի` հիմնվելով գիտական   հիմնավորված  ցուցանիշներով
  • ջրամբարների  մակարդակի մեծ տատանումները պետք է հաշվի առնեն առկա ձկնային ֆաունայի խոցելիությունը
  • վերանայել ՀԷԿ-երի և ջրամբարների աշխատանքը ձկնաբանական տեսանկյունից
  • վերանայել գետերի ջրի էկոլոգիական թողքի չափաբաժնի նորմավորման սկզբունքները,  սակավաջուր ամիսներին ընդհանրապես կանգնեցնել ՀԷԿ-երի աշխատանքները ձկնառատ գետերի վրա
  • մշակել Հայաստանի գետերի յուրահատկությանը համապատասխանող ձկնանցուղիների կառուցման նորմատիվային փաստաթղթեր
  • կարմրախայտին ներառել ՀՀ Կենդանիների կարմիր գրքում
  • կազմակերպել Սևանա լիճ թափվող, ձվադրման համար օգտագործվող գետերի  մոնիտորինգ
  • ապահովել յուրաքանչյուր տարի Սևանա լճի բարձրացման կայուն տեմպերը
  • պահպանել և վերականգնել խոնավ տարածքները և դրանց էհոկամակարգերը
  • տնտեսական բոլոր ճյուղերն այնպես կազմակերպել, որ էկոհամակարգերին վնաս չտալ
  • այնպես անել, որ գիտական հիմնարկները կարողանան իրենց ուսումնասիրություններով աջակցել կառավարությանը` քաղաքական որոշումներ ընդունելիս:
 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



Հունիս 16, 2015 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր