«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կառավարման գործում ՀՀ կառավարությունը եւ գերմանական KfW բանկը պետք է թափանցիկ աշխատեն

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կառավարման գործում ՀՀ կառավարությունը եւ գերմանական KfW բանկը պետք է թափանցիկ աշխատեն

ԷկոԼուր

Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում, 2013թ. ստեղծվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ ընդգրկված են տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը:  Մեկ միավորի կառավարման ներքո է ընդհանուր 70 000 հեկտար տարածք: Համալիրի ստեղծման համար KfW գերմանական զարգացման բանկը խոստացել է 8.25 միլիոն եվրո տրամադրել:

«Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ն 2015թ-ին «Հայաստանի հարավում հատուկ պահպանվող տարածքների սոցիալական եւ էկոլոգիական ռիսկերի մոնիտորինգ» ծրագրի շրջանանկներում հայտնաբերեց հետեւյալ խնդիրները`

  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կառավարման խնդիր
  • տարածքների վերահսկողության խնդիր
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծումն իրականացնող կառավարության եւ KfW բանկի գործողությունների թափանցիկության խնդիր
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման գործում համայնքների իրազեկման բացակայության եւ ներգրավված չլինելու խնդիր
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին հարակից տարածքներում եւ ներսում հանքարդյունաբերական գործունեության եւ փոքր ՀԷԿ-երի ազդեցության խնդիրներ:

«Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը ԷկոԼուրի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Սյունիքի մարզը Հայաստանի ամենահարուստ բնական պաշարներ ունեցող մարզն է: Ունի հարուստ անտառներ, հարուստ կենսաբազմազանություն, միաժամանակ ունի հարուստ մետաղական հանքեր եւ ջրային ռեսուրսներ (ԷկոԼուր` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից ՀՀ Սյունիքի մարզում օգտակար հանածոների արդյունահանման  նպատակով տրամադրված է 43 ընդերքօգտագործման իրավունք, որից 11-ը մետաղական հանքավայրերի համար, երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված է 29 ընդերքօգտագործման իրավունք, որից 26-ը մետաղական հանքավայրերի համար: Սյունիքի գետերի վրա կառուցված է 31 փոքր ՀԷԿ, կառուցվում է եւս 12-ը եւ գործում է Որոտան ՀԷԿ-երի համալիրը):

Մեզ անհանգստացնում են կատարվող գործողությունները, որոնք անվերահսկելի են այսօրվա դրությամբ:

Ամենակարեւոր հարցերից մեկը հանքարդյունաբերության խնդիրներն են: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում եւ հարակից տարածքներում տրամադրվում են հետախուզման եւ ընդերքօգտագործման լիցենզիաներ: Մեր կարծիքով` կենսոլորտային համալիրի ներսում եւ հարակից տարածքներում մինչեւ այսօր տրամադրված հանքարդյունաբերական լիցենզիաները  պետք է չեղյալ համարվեն: Խոսքը ոչ միայն հանքարդյունաբերության, այլ նաեւ ուսումնասիրման լիցենզիաների մասին է: Չի կարող կենսոլորտային համալիրում իրականացվել ուսումնասիրություն ապագայում հանքային գործունեության իրականացման նպատակով:

Մյուս խնդիրը փոքր ՀԷԿ-երն են, որ ազդեցություն ունեն կենսոլորտային համալիրի վրա: Բոլորս գիտենք, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ ստացվել են եւ կենսոլորտային համալիրի հարակից տարածքներում եւ ներսում: Այս պարագայում նույնպես անհասկանալի է կառավարության դիրքորոշումը: Գետերը բնության ամենակարեւոր օղակներից մեկն են: Մենք կարծում ենք, որ Մեղրի գետի վրա, Ծավ գետի վրա, Զանգեզուր կենսոլորտային համալիրի հարակից տարածքում պետք է դադարեցվեն եւ հետ վերցվեն այն լիցենզիաները, որոնք տրամադրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման նպատակով:

Առաջին հերթին պետք է վերահսկելի լինի այդ ամբողջ գործընթացը կառավարության եւ դոնորների կողմից: Դոնորները պետք է հետեւեն գումարների ճիշտ, նպատակային ծախսմանը:

Մյուսը համայնքների հետ կապված խնդիրն է: Մենք հանդիպել ենք գյուղացիների եւ համայնքների ղեկավարների հետ, ուսումնասիրել ենք տարածքները: Պարզվեց, որ հստակեցված չեն կենսոլորտային համալիրի սահմանները. համայնքները չգիտեն, թե համայնքին պատկանող որ հողերն են մտնում կենսոլորտային համալիրի մեջ: Կա սոցիալական խնդիր. մարդիկ զբաղվում են խոտաբույսեր, հատապտուղներ հավաքելով: Այսօր նրանք չգիտեն, թե որտեղից կարելի է, որտեղից չի կարելի հավաքել: Համայնքների ղեկավարներն ասում են, որ իրենց տրամադրության տակ չկան հստկեցված քարտեզներ, թե որ մասում է համայնքը, որ մասում կենսոլորտային համալիրը: Բոլոր համայնքները, որոնք գտնվում են կենսոլորտային համալիրի հարակից մասերում, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն: Այդ խնդիրը լուծելու համար պետք է այլընտրանքային գործողություններ իրականացվեն: Դրանք կարող է լինեն փոքր արտադրություններ` կապված գյուղատնտեսության ոլորտի հետ, կարելի է տուրիզմ զարգացնել, ինչը կարող է ստեղծել աշխատատեղեր եւ համայնքի համար բերել եկամուտ:

Մյուս խնդիրն ամբողջ գործընթացի թափանցիկությունը եւ հաշվետվողականությունն է: Մեր կարծիքով` KfW բանկն իր գործելաոճի մեջ անքան էլ թափանցիկ չի վերաբերվում այս ծրագրի իրականացմանը: KfW բանկը պայմանագիր է ստորագրել կառավարության հետ կենսոլորտային համալիրի ստեղծման համար: Այն, որ պայմանագրում նշված է, որ այսօրվա գործընթացի պարտավորությունները կրում է կառավարությունը, դա դեռ չի նշանակում, որ KfW բանկը ազատված է պարտավորություններ կրելուց: Մեր կարծիքով` բանկը պետք է վերահսկի գործընթացի իրականացման եւ թափանցիկությունը, եւ ֆինանսների ճիշտ ծախսելու գործընթացը: Եթե համայնքի ղեկավարներն անձամբ չեն տիրապետում սահմաններին, ապա KfW բանկը կամ նույնպես չի տիրապետում այս գործընթացը, կամ գործում է ոչ թափանցիկ:

Մենք առաջարկում ենք կառավարությանը աշխատել հասարակության հետ: Համայքները պետք է տեղեկացված լինեն գործընթացներից, իմանան, թե ինչ օգուտ եւ ինչ վնաս են ստանալու, ռիսկերը պետք է գնահատված լինեն: Նույն խորհուրդը նաեւ տալիս ենք   KfW բանկին` ֆինանսավորողին, որպեսզի իրենք աշխատեն շատ ավելի թափանցիկ,  քան այսօր մենք տեսնում ենք: Եւ գյուղացիները իմանան, թե ինչի մասին է խոսքը: Սկսած գյուղապետից, բնակիչները տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը: Չգիտեն` ինչ է կենսոլորտային համալիրը, ինչ ռեժիմ կարող է լինել: Այսինքն, ոչ թափանցիկ աշխատելուց է առաջացել այդ տեղեկատվության պակասը: Նաեւ հասարակության, ՀԿ-ների հետ շփումը պետք է այնքան թափանցիկ լինի, որ մեր մեջ հարցեր չառաջանան»:



Մայիս 28, 2015 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր