Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԿենսաբազմազանություն

Զբոսաշրջություն եւ բնապահպանություն` կոնֆլիկտ, թե՞ համերաշխություն

Tourism and Nature Protection – Conflict or Unanimity
12:44 Օգոստոս 18, 2011

ԷկոԼուր – ԶԼՄ-ներից ընտրանի

Զբոսաշրջություն եւ բնապահպանություն` կոնֆլիկտ, թե՞ համերաշխություն: Այս թեման շոշափվեց օգոստոսի 17-ին Հենարան մամուլի ակումբում: Մամուլի ասուլիսին մասնակցեցին  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

ԶԼՄ-ում հրապարակված նյութերը` ստորեւ:

Դիլիջանի ազգային պարկում կատարվում են ապօրինի ծառահատումներ
Newa.am

Դիլիջանի ազգային պարկում նախորդ տարվա համեմատ 1.5 անգամ ավելացել են ապօրինի ծառահատումները: Այդ մասին այսօր` օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Նրա տեղեկացմամբ` ապօրինի ծառահատումներն իրականացվում են օբյեկտներ կառուցելու նպատակով, քանի որ Ազգային պարկի տարածքի մեծ մասում թույլատրված է հանգստի եւ զբոսաշրջության կազմակերպումը:

Ի պատասխան` Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարեց, որ բնությունը նրա համար չէ, որ հեռվից նայեն:

«Բնությունը եւ պատմաճարտարապետական հուշարձանները պետք է օգտագործել սահմանված ռեժիմներին համաձայն, իսկ եկամուտներն օգտագործել այդ նույն հուշարձանների ու բնության պահպանման նպատակով: Սա է կայուն զարգացման սկզբունքներից մեկը»,- ասաց էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան:

Սեւանի ափերը բարձիթողի վիճակում են. Բնապահպան
News.am

Սեւանի ափերը թողնված են բախտի քմահաճույքին, այսօր` օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Էկոլուր» բնապահպանական հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը: Նա նշեց, որ «Սեւան ազգային պարկի» 70 տոկոսը ճանաչվել է որպես ռեկրեացիոն գոտի, որտեղ թույլատրվում է քաղաքացիների հանգստի եւ զբոսաշրջության կազմակերպումը:

Ըստ Զառաֆյանի` կառավարությունը 125 մլն դրամ է հատկացրել 283 հա տարածքում անտառամաքրման աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն մինչ օրս պարզ չէ, թե որտեղ են իրականացվում այդ աշխատանքները:

Սեւանի բնապահպանական հավասարակշռությունը խախտում են նաեւ ափերին գտնվող 27 աղբանոցները: Բացի այդ` պլաստիկ թափոնների մի մասը հայտնվում է ջրում, ինչը բնապահպանական տեսակետից անթույլատրելի է:

Ըստ բնապահպանի` շարունակվում են նաեւ ապօրինի շինարարությունները ծովի մակերեւույթից 1905 մետր նիշից ցածր գոտում:

Ինչպե՞ս կարելի է կտոր–կտոր բաժանել Դիլիջանի ամբողջ տարածքը և վարձակալության հանձնել. Բանավեճ
Tert.am

Զբոսաշրջությունը Հայաստանում լուրջ վնասներ չի կրում և շարունակում է զարգացման ճանապարհ անցնել։ Այսպիսի տեսակետ լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հնչեցրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Իր կարծիքը ոլորտի պատասխանատուն հիմնավորեց վիճակագրական տվյալներով, որոնց համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Ընդլայնվել է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը, սակայն հիմնական այցելուները Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ–ից, Վրաստանից և Եվրոպական երկրներից»,–տեղեկացրեց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ այս տարի զբոսաշրջության բնագավառում ակնկալում են մոտ 20 տոկոս աճ։ Նա նշեց, որ իր ղեկավարած վարչությունը շարունակում է ոլորտի զարգացման ուղղությամբ տարաբնույթ ծրագրեր մշակել ու կյանքի կոչել։

Տրամագծորեն հակառակ կարծիքն ուներ ասուլիսի մյուս բանախոսը՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ–ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զառաֆյանը. ««Հայաստանում չկա բնապահպանության զարգացման լուրջ ռազմավարություն, այն բացակայում է նաև զբոսաշրջության ոլորտում»։ Մասնագետը գոյություն ունեցող խնդիրների մեջ հատկապես առանձնացրեց Դիլիջան և Սևան ազգային պարկերի, ինչպես նաև Ծաղկաձորի և Ջերմուկի ներկայիս անմխիթար իրավիճակը։ «Ես զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է կտոր–կտոր բաժանել Դիլիջանի ամբողջ տարածքը և վարձակալության հանձնել։ Էլ չեմ ասում, որ ավելացել է ապօրինի անտառահատումների քանակը»,–նկատեց Ինգա Զառաֆյանը։ Անդրադառնալով Սևանի խնդրին, նա նշեց, որ լճի շրջակայքում առ այսօր շարունակվում է ապօրինի կառույցների շինարարարությունը, իսկ այդօրինակ կառույցների ապամոնտաժման գործընթացը կազմակերպվում է կամայականորեն, թվերը, որոնք ներկայացվում են Սևանի հարցով հանձնաժողովի և պատկան գերատեսչության կողմից, հակասական են։

Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուն էլ հակադարձեց, որ Սևանի հարցը շարունակվում է մնալ կառավարության առաջնահերթ խնդիրների օրակարգում։ «Պետք է բարելավվել համապատասխան ենթակառուցվածքները, վերահսկողություն սահմանել հատուկ պահպանման գոտիներում, նաև՝ արդյունավետ օգտագործել բնության ռեսուրսները՝ նույն բնության կայուն զարգացման սկզբունքի վրա»,–շեշտեց Մեխակ Ապրեսյանը։

Իր հերթին, Ինգա Զառաֆյանը մտահոգություն հնչեցրեց, որ Սևանին լրջագույն վնաս են հասցնում տարածաշրջանում գործող լեռնահանքային ձեռնարկությունները։ Մեխակ Ապրեսյանը հակադարձեց, որ պետք չէ միակողմանի հարց բարձրաձայնել տնտեսական այս կամ այն ճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին.

«Կարծում եմ՝ բոլորս պետք է մտահոգ լինենք այդ խնդիրներով, բայց եթե լսենք բնապահպաններին, ապա պետք է ընդհանրապես պետք է դադարեցնենք բոլոր ենթակառուցվածքների աշխատանքները, հրաժարվենք արդյունաբերությունից և զբաղվենք միայն բնապահպանական խնդիրներով»–ասաց Մեխակ Ապրեսյանը։

Հայաստանի հանգստավայրերը սպառնալիքի տակ են
www.1in.am

Հայաստանում ներկայում բնապահպանական տեսակետից առավել շատ վտանգ է սպառնում Ծաղկաձորին, որտեղ անտառները զանգվածայնորեն հատվել են, և դրանց տեղում կառուցապատում է ընթանում. Սևանին, որտեղ շարունակվում է անօրինական կառուցապատումը, 122 մլն դրամ է հատկացվել 283 հա անտառների մաքրման համար, սակայն դրանք դեռ ջրի մեջ են, ավազանում գործում են 27 լեռնահանաքային ձեռնարկություններ, որոնք մեծ վնաս են հասցնում շրջապատին. Դիլիջանին, որը շուտով կարող է վերածվել Ծաղկաձորի. Ջերմուկին, որտեղ ներդրումներ են արվում առողջարանային նպատակներով, սակայն հաջորդ տարի սկսվելու է Ամուլ սարի ոսկու հանքի շահագործումը:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «ԷկոԼուր» հկ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ըստ նրա՝ ՀՀ 2 ազգային պարկերում`Սևանում և Դիլիջանում, զբոսաշրջության զարգացումը վնասում է բնությանը: Ընդ որում, Սևանում զբոսաշրջությունը ծաղկում է լճի սկզբնամասում, իսկ Արեգունի և Շիշկայա գյուղերի հատվածում ոչ մի ենթակառուցվածք չի ստեղծվում: Լճի համար մեծ խնդիր են դարձել աղբի կուտակումները, մինչդեռ Գագարինում աղբի վերամշակման գործարանի կառուցումը մնացել է թղթի վրա: Իսկ Դիլիջանում օբյեկտների կառուցման պատճառով 1.5 անգամ ավելացել են ծառահատումները:

«Ամեն ինչ թողնված է բախտի քմահաճույքին: Կոնցեպցիա է պետք մշակել ռեկրեացիոն գոտին զարգացնելու համար»,- ասաց Ի. Զարաֆյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ճիշտ չէ հրաժարվել բնությունն օգտագործելուց, պարզապես դա պետք է խելամիտ արվի, և եթե որևէ ձեռնարկություն վնասում է բնությանը ու չի փոխհատուցում, ապա պետք է դադարեցնի գործունեությունը:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե արդյոք հանքարդյունաբերության ծավալների աճի ներկա միտումները չե՞ն խանգարում զբոսաշրջությանը, Ապրեսյանը պատասխանեց, որ դա գնահատելու համար հատուկ մասնագիտական վերլուծություն է հարկավոր և միաժամանակ նշեց, որ, դատելով զուտ զբոսաշրջիկների այցելությունների աճից, հանքարդյունաբերությունը չի խանգարում զբոսաշրջությանը:

Զբոսաշրջությունն ու բնապահպանությունը փոխկապակցված են
Yerkir.am

Դեռևս այն վիճակում չենք, որ զբոսաշրջությունը վնասի էկոլոգիային: «Կան փոքր, լուծելի խնդիրներ, որոնք կապված են աղբահանության հետ, եւ մենք բոլորս պետք է շահագրգիռ լինենք` դրանք լուծելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա նաեւ նշեց, որ զբոսաշրջությունը պետք է զարգացնել այնպես, որ դրանից բնապահպանական խնդիրներ չառաջանան, իսկ ստացվող եկամուտները կարողանան փակել վնասը, պահպանել ռեսուրսները:

Սակայն «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը դեմ արտահայտվեց նախորդ բանախոսի ասածներին` հայտարարելով, որ սխալ են պնդումները, թե զբոսաշրջությունն ազդեցություն չի ունենում բնապահպանության վրա: Դրա վառ օրինակները «Դիլիջան» եւ «Սեւան» ազգային պարկերն են:

«Դիլիջան» ազգային պարկի 70 տոկոսը ռեկրեացիոն գոտի է, սակայն այդ տարածքներում կառուցվում են օբյեկտներ, կտրվում են անտառներ. ծառահատումները նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ ավելացել են: Իսկ Սեւան կամ Գավառ գնալու ճանապարհին կարելի է հանդիպել նոր կառուցվող օբյեկտների:

Ի.  Զառաֆյանը նաեւ հայտատարեց, որ Սեւանա լճի մոտակայքում կա 27 աղբավայր, որոնք մեծ մասամբ պլաստիկ թափոնների աղբանոցներ են, իսկ այդ թափոններն անթույլատրելի գործոն են Սեւանա լճի էկոլոգիայի համար: Նա նաեւ նշեց, որ հարկավոր է մշակել ազգային պարկերի զարգացման եւ պահպանման նոր հայեցակարգեր:

«Դեռևս չենք հասել նրան, որ զբոսաշրջությունը վնասի էկոլոգիային»
Aysor.am

«Այսօր դեռևս չենք հասել նրան, որ զբոսաշրջությունը վնասի էկոլոգիային, կան փոքր, լուծելի խնդիրներ, որոնք կապված են աղբահանության հետ և մենք բոլորս պետք է շահագրգիռ լինենք դրանք լուծելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա նշեց, որ զբոսաշրջությունը պետք է զարգացնել այնպես, որ դրանից բնապահպանական խնդիրներ չառաջանան, իսկ դրանից ստացվող եկամուտները կարողանան ծածկել վնասը, պահպանել ռեսուրսները և փոխանցել դրանք ապագա սերունդներին:

«Մեր հորդորը բնակչությանը` չթափել աղբը որտեղ պատահի, այլ թափել այն դրա համար նախատեսված վայրերում»,-ընդգծեց Մ. Ապրեսյանը:

Իր հերթին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը նշեց, որ համաձայն չի այն բանի հետ, թե զբոսաշրջությունը չի անդրադառնում էկոլոգիայի վրա, օրինակ բերելով Դիլիջանի և Սևանի ազգային պարկերը:

Նրա խոսքերով, Դիլիջանի ազգային պարկի 70%-ը ռեկրեացիոն գոտի է, սակայն այդ տարածքներում կառուցվում են օբյեկտներ, կտրվում են Դիլիջանի անտառները, իսկ ծառահատումն այդտեղ նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ ավելացել է:

Ի. Զառաֆյանը պարզաբանեց, որ Սևանի վրա էկոլոգիական ճնշումը նույնպես մեծ է. Սևան կամ Գավառ գնալու ճանապարհին կարելի է հանդիպել նոր կառուցվող օբյեկտների:

Նա նշեց, որ Սևանա լճի շուրջ կան 27 աղբանոցներ, որոնք մեծամասամբ պլաստիկ թափոնների աղբանոցներ են, իսկ այդ պլաստիկ թափոնները անթույլատրելի գործոն են Սևանա լճի էկոլոգիայի համար:

Ի. Զառաֆյանը հավելեց, որ պետք է մշակվի Սևանի և Դիլիջանի ազգային պարկերի զարգացման և պահպանման նոր կոնցեպցիաներ:



Առնչվող նյութեր