Ի՞նչ անել Խոսրովի կիսակառույց շինության հետ, պատասխանն ուշանում է

Ի՞նչ անել Խոսրովի կիսակառույց շինության հետ, պատասխանն ուշանում է

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունն անհրաժեշտ է համարել երկարացնել Խոսրովի արգելոցի Գիլան տեղամասում գտնվող կիսակառույց շինության խնդրով զբաղվող աշխատանքային խմբի աշխատանքը: Այս մասին ասվում է Բնապահպանության նախարարության՝  «ԷկոԼուր»-ին ուղղված պատասխան նամակում: «ԷկոԼուր»-ը նախարարությանը հարցրել էր, թե  աշխատանքային խումբը կիսակառույցի վերաբերյալ ինչ եզրակացության է եկել, եւ ինչպես է որոշվելու «Հովազաձոր» ընկերությանը փոխհատուցելու հարցը, որը կառավարության որոշմամբ սկսել էր շինարարությունը: Նամակում նշված է. «ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ. հունվարի 31-ի N18-Ա հրամանով ստեղծված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող  նախկին «Գիլան» պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման նպատակով աշխատանքային խումբը ս. թ. ապրիլի 26-ին քննարկել է պետական արգելոցի տարածքում գտնվող կիսակառույց շինության հետագա շահագործման եւ տնօրինման խնդիրները: Քննարկման ընթացքում առաջացել է տարբեր ոլորտների իրավական ակտերի ուսումնասիրման եւ համադրման անհրաժեշտություն:

Ուստի աշխատանքային խմբի վերջնական դիրքորոշումը հստակեցնելու եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով` ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով:

Ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են եւ դրանց արդյունքների վերաբերյալ Ձեզ լրացուցիչ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»:

Նամակում նաեւ նշված է, որ նախարարությունը չի առարկում, որ հասարակական կազմակերպություններն այցելեն Խոսրովի արգելոց՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Ինչպես հայտնում է Էկոլոգիական հասարակական դաշինքը, այցելությունը տեղի կունենա հուլիսի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի հետ միասին: Հասարակությունն ակնկալում է պարզաբանումներ ստանալ ինչպես Գիլան տեղամասի կիսակառույց շինության վերաբերյալ, այնպես էլ կառուցվող ճանապարհի վերաբերյալ, որը տանում է դպի Հավուց Թառ վանական համալիր:

Հուլիս 18, 2012 at 01:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր