ԷկոԼուր
Երևանի Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:
Օպերայի մերձակայքում կանաչ գոտի ստեղծելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռ տարեսկզբին ծանուցումներ է ուղարկել Ազատության հրապարակին հարող հատվածում քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողներին՝ առաջարկելով նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ բիզնեսն առանձնապես չի տուժելու, սրճարանների մեծ մասն ունի երկու գոտի, ազատվելու է միայն մեկ գոտին: Ըստ նրա՝ Օպերայի մերձակայքի կանաչապատումը Ազատության հրապարակը վերակառուցմանն ուղղված ծրագրի առաջին քայլն է:
Փետրվար 11, 2019 at 16:20