Ինչպես ջեռուցել տունը՝ պահպանելով անտառը, պատասխանում են մասնագետները

Ինչպես ջեռուցել տունը՝ պահպանելով անտառը, պատասխանում են մասնագետները

ԷկոԼուր

Հանրապետությունում շուրջ 93 տոկոս գազաֆիկացման պայմաններում մարդիկ վերադառնում են վառելափայտին գազի թանկ սակագնի պատճառով: «Վերջին հարցումը գյուղերում ցույց տվեց, որ մենք ունենք ոչ միայն 72 տոկոս վառելափայտի օգտագործում որպես առաջնային վառելիք գյուղակական բնակավայրերում, այլև քաղաքային բնակավայրերում մինչև 25-28 տոկոս օգտագործում են վառելափայտը կամ առաջնային, կամ երկրորդային վառելիք»,- ասաց Էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը հոկտեմբերի 22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված «Գագաթաժողով հանուն անտառների. Գլոբալ ջանքերը և Հայաստանը» միջոցառման ժամանակ, երբ քննարկվում էին գյուղական համայնքներում էներգիայի պահանջարկի, աղքատության և անտառների պահպանման հարցերը:

Աստղինե Պասոյանը նշեց, որ վառեափայտը, որպես վառելիք, անարդյունավետ է օգտագործվում: «Վառելափայտը հատման պահից մինչև այրվելը օդին մի քիչ չորանում է 15 տոկոսով, մնացած խոնավությունը մնում է վառելափայտի մեջ: Եվ տարօրինակ է, որ տղամարդկանց հետ հարցման արդյունքում հետաքրքիր պատասխան են ասում, լավ է, որ փայտը թաց է, որովհետև դանդաղ է վառում, ու խնայում ես: Այս կարծրատիպը պետք է արագ կոտրել: Խոնավ փայտից ջերմային էներգիա կորզելու համար այդ փայտում պահված կալորիաների 60 տոկոսն օգտագործվում է մեջի խոնավությունը գոլորշիացնելու համար, որ փայտը չորանա, հետո վառվի, ջերմություն տա: Իմանալով մեր անտառների վիճակը՝ դա հանցագործություն է:

Երկրորդ խնդիրը ջեռուցման վառարաններն են: Դրանց ՕԳԳ-ն 25 տոկոս է: Ասենք 10 խմ փայտ էր, 60 տոկոսը՝ 6 խմ, գոլորշիացման վրա օգտագործեցինք, 4 խմ-ից 3-ը վատնեցինք, որովհետև վառարանն արդյունավետ չէ: Մնացած 1 խմ փայտը վառեցինք, ստացանք ջերմային էներգիա, բայց կացարանը, որ մենք ջեռուցում ենք՝ օդափոխվող տանիքով, մի շերտանի մեծ ապակիներով, ճեղքեր ունեցող գյուղական դռներով, 1 վերջին ողորմելի խմ-ի տված ջերմային էներգիայի առնվազն կեսը տաքացնում է արտաքին աշխարհը:

Մենք խնդիր ունենք ոչ միայն անտառ հատելու, այլ իզուր, ապարդյուն անտառ հատելու, որովհետև գյուղական տներում էներգաարդյունավետության հարցն ունի պոտենցիալ՝ զգալիորեն նվազեցնելու վառելափայտի պահանջարկը»,- ասաց Աստղինե Պասոյանը:

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ խնդիրն ավելի բարդ է, քան պատկերացնում են Երևանում: Տարիներ շարունակ անտառ կտրող մարդը, ով իր ապրուստը հայթհայթել է փայտ կտրելով և նաև տաքացել է այդ փայտով, հիմա չգիտի՝ ինչ անել: «Այս պահի դրությամբ ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որ չգիտեն, ինչպես են հոգալու իրենց ձմեռվա փայտի հոգսերը: Այդ մարդկանց շարքում են միայնակ ծեր կանայք կամ բազմազավակ ընտանիքներ, որտեղ տան տղամարդիկ այստեղ չեն: Խնդիրները բազմաթիվ են, և, բնականաբար, լուծումներն էլ հեշտ չեն լինելու: Կարծում եմ, որ ամենաարագ էֆֆեկտը, որ կարող ենք թողնել բնակչի կախումն անտառից թուլացնելու հետ կապված, արևային էներգիան է»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը: Նա առաջարկեց լայնածավալ անտառապատման աշխատանքներում ներգրավել անտառամերձ համայնքների բնակիչներին: «Սա կարևոր է հոգեբանական տեսանկյունից, քանի որ իրենք հատել են տարիների ընթացքում, հիմա տնկում են, բնականաբար, իրենք էլ պահպանելու են: Բայց եթե այս պրոցեսներում բնակիչներին մասնակից չդարձրեցինք, ուղղակի օրենքներ խստացնելով, ասենք՝ դուք չեք կարող այստեղ մտնել, չեք կարող սա անել, մենք բնակչությանը կդարձնենք անտառի թշնամին»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

«Առաջին հերթին մենք պետք է հստակ ֆիքսենք, որ անտառը չի կարող լուծել ջեռուցման խնդիր, որովհետև այդ ռեսուրսը բավարար չէ ջեռուցման խնդիր լուծելու համար: Երկրորդը, ինքը չի էլ լուծում ջեռուցման խնդիր, որովհետև մեզ մոտ այդ խնդիրը շատ ավելի սոցիալական է, քան թե տնտեսական: Եվ հիմնական ընտանիքները, ովքեր օգտվում են փայտից, որպես ջեռուցման միջոց, այն ընտանիքներն են, որոնց ընտանեկան եկամուտը չի բավարարում ավելի քաղաքակիրթ ձևով իրենց խնդիրները լուծելու համար: Իսկ այդ ձևերը բազմաթիվ են և ամենավերջինը բնական գազն է, ոչ թե ամենաառաջինը»,- իր ելույթում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Տավուշի մարզպետի խոսքով՝ այսօր մարզում գույքագրում են բոլոր գործիքները, որոնք հնարավորություն են տալիս մարդուն ավելի արդյունավետ կառավարել իր էներգետիկ ծախսերը: «Դրանք ֆինանսական գործիքներ են, բանկային կարող են լինել, դրամաշնորհային կարող են լինել և այլն: Դրանք լոգիստիկ հնարավորություններ են, պետական գործիքներ են, որոնք իրականացվում են, դրանք մարդկանց հաշվառումն է՝ իրենց կարիքներից ելնելով: Փորձում ենք այս փուլում, ցավոք սրտի, ամենածանր վիճակում գտնվող մարդկանց խնդիրները լուծել: Սա տարածվելով կհասնենք բոլորին: Մենք սկսել ենք հաշվառումից: Փետրվար ամսից մենք հաշվառում ենք գյուղացիներին, գյուղական ընտանիքներին` ըստ կարիքավորության աստիճանի: Փորձում ենք «Հայանտառ»-ի սեղմ հնարավորությունները ուղղել ցուցակի ամենակարիքավոր մարդկանց: Փորձում ենք ինչ-որ սիստեմներ կամաց-կամաց ձևավորել, որ գոնե մարզի կտրվածքով, օրինակ, 2020թ-ին մենք ունենանք համակարգված մոտեցումներ»,- ասաց Տավուշի մարզպետը: Ըստ նրա՝ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է նոր համակարգերի ստեղծում: «Մենք, իհարկե, սովորություններից ենք կախված, և իներցիայի ուժով սովորությունների հետևից ենք գնում, տուն հենց կառուցում ենք, անմիջապես գազ ենք քաշում առանց մտածելու, որովհետև մենք շարժվում ենք իներցիայով: Այսօր էլ տուն է կառուցվում, օրինակ, Կիրանց գյուղում, և ակնհայտորեն այնտեղ չեն պահպանվում ջերմամեկուսացման կանոնները: Չի կարելի դա թողնել մարդկանց մտածողության վրա, դրա համար պետք է լինեն համակարգեր, ստանդարտներ, քաղաքաշինական նորմեր և այլն: …Երբ որ համակարգերը ստեղծվեն, կարկուլիացիաներն արվեն, ստանդարտները դրվեն, միանգամից մարդկանց կենսապայմանները կփոխվեն: Եվ, բնականաբար, առաջնահերթ մենք պետք է մեր սոցիալական խնդիրը լուծենք: Պետք է մեր տնտեսական խնդիրը լուծենք, մարդիկ պետք է եկամուտ ստանան, մարդու աշխատանքը պետք է արդյունավետ լինի»,- ասաց Հայկ Չոբանյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանն ասաց, որ նախարարությունն ուսումնասիրել է որպես ջեռուցման միջոց բրիկետների օգտագործման Մոլդովայի փորձը, և կառավարության միջգերատեսչական աշխատանքային խմբի այց է նախատեսվում Մոլդովա հաջորդ ամսվա վերջին՝ ուսումնասիրելու երկրի փորձը տեղում և փորձելու դա կիրառել Հայաստանում: Նա հայտնեց նաև, որ KfW բանկի աջակցությամբ իրականացված բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցման ծրագրի շրջանակներում որպես պիլոտային ծրագիր Սյունիքի մարզի 2 համայնքի 63 տնային տնտեսությանը 70 տոննա բրիկետ են տրամադրել, տնային տնտեսություններին ջերմամեկուսացման աշխատանքների համար գումարներ հատկացրել:

Իր հերթին ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանը, մասնավորապես նշեց, որ ՄԱԶԾ/ԳԷՀ ՓԴԾ-ի աջակցությամբ 2013-ին Բասեն համայնքում կենսավառելիքի՝ պելետի տեխնոլոիգիա է ներդրվել: «Այնտեղ օգտագործվել են գյուղատնտեսական թափոններ, այդ թվում՝ ծղոտը, որը նախկինում ֆերմերների կողմից այրվում էր դաշտերում: Սա գրանուլային տիպի կենսավառելիք է, արտադրական հզորություն չէ, 120 կգ/ ժամ մաքսիմալ արտադրողականությունն է, բայց իր կատալիտիկ էֆֆեկտն ուժեղ էր, որովհետև սա ցուցադրելուց հետո շատ մեծ մասնավոր ներդրումներ և այլ դոնոր կազմակերպությունների ռեսուրսներ ուղղվեցին այս ոլորտ»,- ասաց Հովհաննես Ղազարյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանը կարևորեց համայնքային անտառների ստեղծումը, որոնք կթուլացնեն բնական անտառների վրա ճնշումը: «Համայնքային անտառներն այլընտրանք են անտառային էկոհամակարգերին: Եթե դրանց արտադրանքը կարող ենք օգտագործել նաև որպես էներգակիր և ոչ միայն էներգակիր, այդպիսով, բնականաբար, անտառային էկոհամակարգերի դերը, թեթևացնում ենք: …Համայնքային անտառը պետք է սերտաճի անհատի մակարդակի, այսինքն, յուրաքանչյուր անհատ օգտագործող պետք է ունենա անտառային զանգված և դրա հաշվին կարողանա էներգետիկ խնդիր լուծել: Գազն էլ մերը չէ, նավթն էլ մերը չէ, հետևաբար, մենք պետք է ունենանք կայուն էներգետիկ ռեսուրս՝ օրհասին, ծայրահեղ պահին դրանով յոլա գնալու: … Մեր մոտավոր գնահատումներով՝ գյուղատնտեսական նշանակության հատկապես այն տարածքները, որոնք չեն օգտագործվում, այդ տարածքների հաշվին անտառային զանգվածներ հիմնադրելու դեպքում մոտավորապես կարող ենք հանրապետության գումարային անտառային մակերեսը հասցնել մինչև 17,5-18 տոկոսի այսօրվա 10-ի փոխարեն»,- ասաց Սամվել Թամոյանը:

WWF-Հայաստանի անտառագետ Արթուր Ալավերդյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ անտառի սեփականության երեք ձև կա՝ պետական, մասնավոր և համայնքային: Սակայն Հայաստանում պետականը գերակշռում է, մյուս 2 ձևերը կամ ներկայացված չեն, կամ ներկայացված են շատ թույլ: «Երբ դիտարկում ենք զարգացած երկրների փորձը, ակնհայտ է դառնում, որ միայն բալանսավորված, այդ սեփականության ձևերի մեջ բաշխված անտառային տնտեսությունը կարող է արգասաբեր լինել: Այդ տեսանկյունից բոլորս անելիքներ ունենք, որովհետև բացի օրենսդրական շեշտադրումներից, բացի թույլտվություններից մենք պետք է ստեղծեինք այս տարիների ընթացքում գործող մեխանիզմ, որ համայնքը կամ մասնավոր անձնիք, կազմակերպություններ ցանկանային ունենալ անտառ, տնտեսապես շահագրգռված լինեին անտառի առկայության, անտառ ունենալու, պահելու մեջ: Ցավոք սրտի, այդ գործընթացը մենք առ այսօր չենք իրականացրել, և այստեղ մեծ բաց կա»,- ասաց Արթուր Ալավերյանը: Նա նշեց, որ ժամանակակից գիտական նվաճումների օգտագործման արդյունքում, նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ այս կամ այն ծառատեսակի տեխնիկական հասունացման հնարավոր է հասնել 6, 10, կամ 15 տարվա ընթացքում ստանդարտ եղանակով՝ 120-ից 140 տարվա փոխարեն:

Ամփոփելով բոլոր բանախոսների ելույթները՝ Աստղինե Պասոյանն ասաց. «Դրամաշնորհները մեր երկրում ստեղծել են մի իրավիճակ, որ ամեն մի դոնոր, ամեն մի նախարարություն մտածում է, որ, այսպես մի բուռ ընտանիքի օգնելով, ինչ որ համակարգային խնդիր կարող է լուծել մեկ համայնքում: Իրականում դրամաշնորհները հակառակ էֆֆեկտ են ստեղծում, որովհետև ամեն հաջորդ գյուղը, ամեն հաջորդ քաղաքը, սպասում է, որ մանանան երկնքից թափվելու է իրենց գյուղի, քաղաքի հարցերը լուծելու: Ես կոչ եմ անում դրամաշնորհային աջակցությունները թեկուզ պիլոտային ծրագրերի համար անել հասցեական, միայն բացառապես ծայրահեղ անապահով ընտանիքների համար: …Եթե մենք ուզում ենք, որ բնապահպանության նախարարության 60-70 ընտանիքը վերածվի տիրաժի, դրա համար պետք է փող: Այսինքն՝ փոքր դրամաշնորհի կողքը եթե դնենք փոխառության միջոցներ, մենք կգանք մասշտաբի:

…Ես մեծ մտավախություն ունեմ, որ երբ կենսավառելիքը մասսսայական դառնա, և հայտնվի բիզնեսմենների զգալի խումբ, որ տեսնեն՝ ինչ շահութաբեր է, մենք հետո մտածելու ենք ոնց իրենցից անտառը պահպանենք, որովհետև երբ կվերջանա ծղոտը, իրենց մոտ կառաջանա գայթակղություն ԲՀՊՏ-ից, անտառից փնտրել մնացուկներ կամ ոչ մնացուկներ: Կենսավառելիքին էլ պետք է վերաբերել խնամքով:

… Արևային էներգետիկան Հայաստանում ջեռուցման միջոց չէ: Տաք ջրի պատրաստման հարցում անզուգական է, ունի 3-ից 5 տարվա հետգնման ժամկետ: Էլեկտրաէներգիա ստանալու համար արևային համակարգերն ունեն 6-ից 9-ը տարվա հետգնման ժամկետ: Ջեռուցման համար դուք այդպիսի մասշտաբային արևային ջրատաքացուցիչ համակարգ ոչ մի սեփական տան տանիքի չեք դնի, որովհետև, նախ, խելամիտ չէ որպես ներդրում, երկրորդը, դա շատ մեծ և ծանր համակարգ է: Դրա համար գուցե ջերմային պոմպերն են գյուղական տների համար ավելի լավ վերականգնող էներգետիկայի լուծում: Արևային համակարգերն այսօր զավթում են 100-ավոր հեկտարներով գյուղատնտեսական նշանակության վարելահողեր: Դեռ պետությունը չունի դիրքորոշում, թե ինչպես է դրանք պաշտպանելու, որովհետև կգա ժամանակ, որ արևային համակարգերը կուտեն մեր հացը, ցորեն պիտի աճի այդ դաշտերում: Մենք երկիր ենք, որ ունեցել է շրջափակում, ունի սեփական սննդամթերքի ապահովման անվտանգության հարց:

…Անտառների՝ որպես բիզնես մոդելի կիրառության միջազգային փորձն անընդհատ մեջբերելը մի մեծ վտանգ ունի. եկեք չմոռանանք, որ այսօր Հայաստանում տոկոսադրույքները բիզնես ներդրումների համար սկսում են 12-ից մինչև 18, ընդհուպ մինչև 24 տոկոս: Անտառ աճեցնելը դանդաղ գործ է, որի մեջ քնացվում է փողը 20-25 տարի առնվազն: Անտառը գալիս է շահութաբերության պիկի 65-րդ տարում, որն էլ պարզ պատճառ է, թե ինչու Հայաստանում մասնավոր անտառները չեն կարող լինել շահութաբեր, որովհետև ոչ մի խելացի բիզնեսմեն իր փողերն այդքան տևողությամբ չի ուզում քնացնել, եթե այդտեղ չենք ուզում արտառոց, սուբսիդավորված փողեր դնել: Կգա ժամանակ, երբ մեր տնտեսությունը կգա այդ 2 տոկոս տոկոսադրույքին, որ այսօր Ֆրանսիայում է, այստեղ էլ կտնկեն անտառներ, այ այս բիզնես մոդելի մեջ պիտի հասկանանք, որ մեր երկրում տոկոսադրույքները բարձր են, բայց այդ ճանապահին մենք հմտություն տալով և ճկուն ֆինանսական մեխանիզմ տալով, մարդկանց տանք գիտելիքը, հմտությունը և ճկուն ֆինանսական մեխանիզմը, որ ջերմամեկուսացնեն սեփական տունը, առնեն էներգաարդյունավետ վառարան և նվազեցնեն սեփական էներգիայի պահանջարկը, որն էլ հետո կլուծվի կենսավառելիքով, արևով, թե ջերմային պոմպով, արդեն ընտրության խնդիր է»:

14:59 Հոկտեմբեր 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news