Քննչական կոմիտեն կարճել է Դալմայի այգիներում հնձանի քանդման դեպքով հարուցված քրեական գործը

Քննչական կոմիտեն կարճել է Դալմայի այգիներում հնձանի քանդման դեպքով հարուցված քրեական գործը

ԷկոԼուր 

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը կարճել է Դալմայի այգիներում հնձանի քանդման դեպքով հարուցված քրեական գործը: Գործը հարուցվել էր «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանի դիմումի հիման վրա, ըստ որի` Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքների ընթացքում վնասել է պատմական հուշարձաններ, իսկ ինչ-որ անձինք ահաբեկել են տեղի բնակիչներին՝ փորձելով պարզել, թե ով է ահազանգել կատարվածի մասին:

Քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ե. Գևորգյանը N48/1004-20 գրությամբ «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանին է ուղարկել թիվ 16954419 քրեական գործը կարճելու մասին որոշումը.

Գրության մեջ մասնավորապես նշված է.

««Պարկ Գրուպ» ՍՊ ընկերության նախաձեռնությամբ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել և 2019 թ. սեպտեմբերի 1-ին տրվել է թիվ ԲՓ01 եզրակացությունը, որի համաձայն՝ հիշյալ տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, կենդանիներ, պատմամշակութային հուշարձաններ կամ վայրեր չեն հայտնաբերվել:

2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Դալմայի այգիների հարցը և արդյունքում դրան տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Նախաքննության ընթացքում վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ազգանուշ Դռնոյանը: «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից Շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացվել նախնական գնահատման հայտ: Փորձաքննությունն իրականացվում է ձեռնարկողի կողմից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված նախնական գնահատման հայտի հիման վրա, որում դիտարկվում են տարածքի շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները, այդ թվում նաև բնության և մշակույթի հուշարձանները: Համաձայն «Պարկ Գրուպ»-ի կողմից տրամադրված նախնական գնահատման հայտի՝ տարածքում հուշարձանները բացակայել են: Այդ հանգամանքը արձանագրվել է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքներում: Փորձաքննության ընթացքում ՊՈԱԿ-ը տեղում ուսումնասիրություններ և ստուգումներ իրականացնելու իրավասություն չունի, փորձաքննությունն իրականացվում է ձեռնարկողի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Նույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ձեռնարկողը պարտավոր է ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը: Նեկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է փորձաքննություն և 2019 թ. սեպտեմբերի 1-ին տրվել է թիվ ԲՓ01 եզրակացությունը:

Տարածքի բնակիչներին ահաբեկելու կապակցությամբ Մարի Չաքրյանը հայտնել էր, որ այդ տեղեկությունն իրեն հայտնի է դարձել հարևանությամբ բնակվողներից մեկից: Ըստ բնակչի հայտնածի՝ ինչ-որ անձինք մոտեցել են նրան և հարցրել, թե ինչու է տեղեկացրել հնձանի քանդման մասին։ Վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է Մարետա Ներսիսյանը, ով ցուցմունք է տվել այն մասին, որ բնակվում է Երևան քաղաքի Դալմայի Այգիներ 70Ա հողակտորում կառուցված հյուղակում: Իր հողակտորի հարևանությամբ գտնվող ցանկապատված տարածքում «Պարկ Գրուպ» ՍՊ ընկերությունը 2019 թ. ապրիլից շինարարություն է իրականացրել։ 2019 թ. նոյեմբեր ամսին նա նկատել է, որ շինարարության ժամանակ քանդել են գինու հնձան և այդ մասին անմիջապես տեղեկացրել է Մարի Չաքրյանին, ով իր հերթին դիմել է իրավապահ մարմիններին: Դրանից հետո «Պարկ Գրուպ» ընկերության ներկայացուցիչ Ղուկաս Հարությունյանն իրեն հարցրել է, թե ինչու է զանգահարել և հայտնել կատարվածի մասին, ապա, քանի որ ինքը վառելափայտ հավաքելու նպատակով հաճախ անցել է ցանկապատ տարածք, ուստի զգուշացրել է, որ այնտեղ չմտնի, որովհետև շինարարություն է ընթանում և հնարավոր է դժբախտ պատահար լինի: Այդ մասին նա պատմել է Մարի Չաքրյանին, ով սխալ ընկալելով այդ ամենը, ոստիկանությունում հայտնել է, թե իբրև սպառնալիքներ են հնչել իր հասցեին:

Ղուկաս Հարությունյանը Մարետա Ներսիսյանին սպառնալիքներ տալու կապակցությամբ նույնպես հայտնել է, որ ոչ թե սպառնալիք է տրվել վերջինիս, այլ նրան նախազգուշացրել է, որ ընկերությանը հատկացված ցանկապատված տարածք չմտնի դժբախտ պատահարից խուսափելու համար: Ղուկաս Հարությունյանի ցուցմունքին նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև «Պարկ Գրուպ» ՍՊ ընկերության հետ կնքված կապալի պայմանագրի հիման վրա Մոնթե Մելքոնյան 31 հասցեում շինարարական աշխատանքներ կատարող «Արփա-Սևան» ԲԲ ընկերության աշխատակից, շինարարական տեղամասի պետի տեղակալ Անդրանիկ Հովակիմյանը»:

Այս ամենը հաշվի առնելով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը տեղեկացնում է, որ սույն քրեական գործով «Պարկ Գրուպ» ընկերության որևէ աշխատակցի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի կարող իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ «Դալմայի այգիներ» կոչվող տարածքը և դրանում առկա շինությունները ընդգրկված չեն եղել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և պետության պահպանության տակ չեն գտնվել։ Իսկ Ղուկաս Հարությունյանի և Անդրանիկ Հովակիմյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի որ վերջիններիս կողմից Մարետա Ներսիսյանին սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք չի տրվել, այլ անվտանգության նկատառումներից ելնելով և հնարավոր անբարենպաստ հետևանքներից խուսափելու նպատակով պահանջ է ներկայացվել չմտնել շինարարական հրապարակ:

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության մասին սուտ մատնություն է, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է...»։ Ըստ քննչական բաժնի՝ Մարի Չաքրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում նույնպես չի կարող իրականացվել, քանի որ նրա կողմից ներկայացված վերոգրյալ տվյալների ոչ իրական լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածից վեր ապացույցների բավարարություն ձեռք չի բերվել և սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Քննչական կոմիտեի որոշումը քրեական գործը կարճելու վերաբերյալ շարունակում է որոշումների շարքը, որով արդարացվում է Դալմայի այգիների պատմամշակութային համալիրի հողատարածքների անօրինական օտարումը, այգիների ոչնչացումը:

Նշենք, որ Բնապահպանական հանրային դատարանն ուսումնասիրել և քննել է Դալմայի այգիների հողատարածքների օտարման հետ կապված օրենսդրական խախտումները, 2020 թ. փետրվարի 6-ին վճիռ կայացրել, որն այնուհետև ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հուշարձանների քանդման առնչությամբ վճռում նշված է.

- Հողօգտագործողները փորձել են (խմբ.` Դալմայի այգիների) հողերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել դատական կարգով՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը և 72-րդ հոդվածով սահմանված ձեռքբերման վաղեմության իրավունքը: Սակայն դատարանները մերժել են հողօգտագործողների հայցերը՝ պատճառաբանելով, որ Դալմայի այգիները համարվում են պատմամշակութային հուշարձան և ենթակա չեն սեփականաշնորհման /օրինակ` հ.2-442-2001թ. քաղ.գործով կայացված վճիռը/:

- Դալմայի այգիները` որպես տեղական նշանակության հուշարձան, ընդգրկված են եղել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության կողմից 24.01.1990թ. հաստատված ցուցակում: Սակայն, ՀՀ կառավարության 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես այգեպուրակային ժառանգության մաս կամ բնության հուշարձան չեն ընդգրկվել: Դա արվել է այն նպատակով, որ Դալմայի այգիների տարածքն օտարվի: Դալմայի այգիների տարածքը, չնայած հանդիսացել է ընդհանուր օգտագործման հող /ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդված/ և պատմամշակության հուշարձան և զբաղեցրած է եղել հողօգտագործողներով, որոնց հետ առկա էին կնքված պայմանագրերը, 2001-2004թթ. օտարվել է կամ տրամադրվել օգտագործման մասմաս տարբեր նոր անձանց, առանց հաշվի առնելու իրական, փաստացի հողօգտագործողների՝ այդ հողերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը, ինչով, կրկին խախտվել են հողօգտագործողների իրավունքները և օրինական շահերը: 

- ՀՀ կառավարության 27.03.2003թ. «Երևանի Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի սահմանների և նպատակային նշանակության փոփոխության մասին հ.1941-Ա որոշմամբ փոխվել են Դալմայի այգիների իրական սահմանները, ինչով կրճատվել են տարածքի չափերը, և բարձարժեք գյուղատնտեսական, անտառային ու պատմամշակութային հողերի կատեգորիան փոխվել է, հատկացվել են դրանք նոր անձանց կառուցապատման նպատակով: Սույն որոշումն ընդունվել է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի /Օրհուհի կոնվենցիայի/ խախտմամբ: Մասնավորապես, նշված որոշումն ընդունվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, քանի որ այն ընդունվել է 2003թ., իսկ ստորագրվել է ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի կողմից մեկ տարի անց` 2004թ., նույնիսկ համարակալումը չի համապատասխանում նույն օրվա ընդունված մեկ այլ որոշման հետ:

- Ճշտված չեն Դալմայի այգիների տարածքի չափերը և հողերի նպատակային նշանակությունը: Դալմայի այգիների հողերը պատշաճ քարտեզագրում և կադաստրային գրանցում չեն ստացել, ինչը հնարավորություն է տվել այդ հողերը ոչ նպատակային օգտագործելու, խախտելու իրական սեփականատերերի և օրինական հողօգտագործողների իրավունքները, ոչնչացնելու բարձարժեք այգիները, կենսաբազմազանությունը և պատմամշակութային օբյեկտները: Այսպես, Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանության և օգտագործման» նախագծով (Երքաղխորհրդի կողմից 1991թ. ապրիլի 17-ին հաստատված հ6/18 որոշմամբ), «Դալմայի այգիներ Սարդարի այգի» հատուկ պաշտպանվող գոտին կազմել է մոտ 750 հա մակերես, սակայն սահմանները փոփոխվել են, տարածքը կրճատվել է, քանի որ հետագայում այդ որոշումը (նաև նախագիծը) Երևանի քաղաքապետի 2002թ. օգոստոսի 30-ի հ 1137 որոշմամբ ճանաչվել է ուժը կորցրած: Այնուհետ, 27.03.2003թ. հ.1941-Ա որոշմամբ Դալմայի այգիների 256 հա տարածք նախատեսվել էր դարձնել անտառային կատեգորիայի հող: Դիմումատուի հարցման պատասխանում Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ 228 հա տարածք հանդիսանում է ««Հայանտառ» տնտեսության հող»: Սակայն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն այդ մասին տեղեկացված չէ և իր հաշվեկշռում և կադաստրում այդ հողը գրանցված չէ: Դիմումատուի վերջին հարցման պատասխանում Երևանի քաղաքապետարանը գրությամբ տեղեկացրել է, որ 256 հա անտառային նշանակության հողերը 2009թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ սանհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են Երևանի քաղաքային համայնքին:

- Այս հակասական տեղեկությունները հնարավորություն չեն տալիս պարզելու Դալմայի այգիների իրական սահմանները և չափերը, ինչը հնարավորություն է տալիս առանց հաշվառման, անօրինական օտարել անտառային և պատմամշակութային հողերը, խախտել հողի իրական սեփականատերերի և օգտագործողների իրավունքները: Այս կապակցության առաջանում են բազմաթիվ հարցեր, մասնավորապես, ինչի՞ հիման վրա է փոխվել հողերի կատեգորիան, արդյո՞ք այն արվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչի՞ հիման վրա են օտարվել Դալմայի այգիների հողերը, ինչու՞ չեն գրանցվել այդ գործարքները կադաստրում, ինչպե՞ս են փաստացի զբաղված /երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված/ հողերը օտարվել և օգտագործման հանձնվել այլ անձանց՝ առանց իրական տիրապետողների նախապատվության իրավունքը հաշվի առնելու: 

- Դալմայի այգիների հողերն օտարելու մասին որոշումներում չեն նշվել, որ դրանք գտնվում են Դալմայի այգիներում, այլ նշվել են միայն այն փողոցների անունները, որոնց այդ տարածքները հարում են: Դրանով քողարկվել է անտառային և պատմամշակութային հողերի անօրինական օտարումը և, կեղծ տվյալներ ներկայացնելով, ստացել են փորձաքննական դրական եզրակացություններ:

- Դալմայի այգիների հողերի սահմանների և նպատակային նշանակության փոփոխումը իրականացվել է հիմնականում անհատական ակտերով, որոնք չեն անցել հանրային քննարկումներ, չեն հրապարակվել այն դեպքում, երբ դրանք իրենց բնույթով նորմատիվ բնույթի են: Բացի այդ, Դալմայի այգիների առնչությամբ թույլ տրված օրինախախտումները, որոնք խաթարել են Երևանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի և պատմամշակութային օբյեկտների ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, խախտել են Երևանի բնակիչների էկոլոգիական, ինչպես նաև Դալմայի այգիների հողօգտագործողների իրավունքները, ինչի արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական, մշակութային և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ արդարադատության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետարանին:

Բնապահպանական հանրային դատարանի վճռի ամբողջական տեքստին ծանոթացեք հղմամբ:

18:09 Մարտ 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news