Ծառահատում Երեւանի Մաշտոցի պողոտայում

Ծառահատում Երեւանի Մաշտոցի պողոտայում

ԷկոԼուր

Այսօր ԷկոԼուրը Երեւանի բնակչից ահազանգ ստացավ, որ կտրել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Զիգզագ» խանութի մոտի թթենին: Բնակչի համոզմամբ ծառը կտրել են «Զիգզագ»-ի աշխատակիցները: «Երիտասարդ ծառ էր: Անցած տարի ճյուղերը կտրեցին, հիմա էլ ամբողջությամբ կտրեցին:  Հարցիս, թե ինչու ծառը կտրեցիք, ասացին, որ խանգարում էր, իսկ խանութի մենջերն ինձ ընդհանրապես չուզեց ընդունել՝ դուռը փակելով երեսիս»,- ասաց բնակչուհին եւ նշեց. «Մեզ մոտ ծառերը, որոնք թթվածնի աղբյուր են, գնալով պակասում են, մենք այդ ծառը մանկուց խնամում էինք, պարարտացնում էինք, իսկ հիմա այն չկա: Որոշ ժամանակ առաջ էլ կտրեցին ավելի տարեց մի թթենի, որ ավտոտնակ սարքեն: Մեր բակում, շուրջդ նայելով, այսօր միայն մեքենաներ ես տեսնում»:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության նախարարություն եւ Երեւանի քաղաքապետարան:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երեւանում կատարված ապօրինի ծառահատումներին եւ մասնավորապես ասել. «Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: Ընդհանրապես ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Ըստ այդմ, ակնկալում եմ կոշտ և հետևողական պայքար նման երևույթների դեմ»:

Լուսանկարը Երեւանի բնակչուհու:

Փետրվար 29, 2016 at 16:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր