Վաճառվել է Երևանի հերթական կանաչ տարածքը, ահազանգում են բնակիչները

Վաճառվել է Երևանի հերթական կանաչ տարածքը, ահազանգում են բնակիչները

ԷկոԼուր

Ծարավ Աղբյուր և Զաքարիա Քանաքեռցի փողոցների բնակիչներն անհանգստացած են կանաչ այգու ճակատագրով: Նրանք Երևանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածուներին ահազանգել են, որ Ծարավ Աղբյուր և Զաքարիա Քանաքեռցի (Սարկավագի) փողոցների խաչմերուկում գտնվող շենքերի մերձակա տարածքում գտնվող 500 քմ այգին, որը տարիներ շարունակ խնամել են իրենք, 2007-ին վաճառվել է, հետագայում էլ՝ վերավաճառվել: Այս կապակցությամբ «Ելք» դաշինքի ավագանու անդամի թեկնածու, ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի աղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում մասնավորապես ասված է.

«Ծարավ Աղբյուր և Զաքարիա Քանաքեռցի (Սարկավագի) փողոցների խաչմերուկում գտնվող շենքերի բնակիչներից չափազանց մտահոգ մի նամակ եմ ստացել այն մասին, որ իրենց շենքի մոտ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող 500 քմ կանաչ տարածքը, որն իրենց ջանքերով վեր է ածվել գեղեցիկ այգու, դեռևս 2007-ին ոմն Վլադիմիր Մելքոնյան գնել է աճուրդով, հետագայում էլ վերավաճառել է: Քաղաքացիների մոտ այն ժամանակ բազմաթիվ հարցեր են ծագել, նրանք դիմել են թե՛ Երվանդ Զախարյանին, թե՛ Ձեզ, սակայն պատասխան մինչ օրս չեն ստացել: Ակնհայտ է ապօրինությունների շղթան, որի մեջ շրջանառվում է այսօրվա Ձեր խորհրդական, նախկինում՝ Քանաքեռ Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի անունը, ով, ի դեպ, թաղապետ եղած ժամանակ վստահեցրել է բնակիչներին, որ նմանատիպ մոտ երկու տասնյակ աճուրդներ են եղել, որոնք քաղաքացիների բողոքների հիման վրա վերանայվելու են և որոշում է կայացվելու վիճելի աճուրդներում «հաղթողներին» հողատարածքներ հատկացնել այլ վայրերում: Բնականաբար, չի կատարվել նրա խոստումը: Կարծում եմ՝ այս խնդիրը լուծելու պատեհ պահն է:

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին և տրամադրել այդ տարածքի կարգավիճակի մասին փաստաթղթերի կամ սեփականության վկայականի պատճենները.

1. ինչու՞ է աճուրդի հանվել հանրային սեփականություն համարվող պուրակի տարածքը,
2.ինչո՞ւ է այն ներկայացվել որպես անտեր ու անմշակ մի տարածք (հիշո՞ւմ եք, Տիգրան Պետրոսյանի վրայի կանաչ գազոնն էլ էին Ձեզ ներկայացրել որպես անբարեկարգ տարածք),
3. ինչու՞ շենքի բնակիչները, լինելով այդ տարածքի անմիջական օգտագործողները, ունենալով այնտեղ տնկած տասնյակ ծառեր, ընդհանրապես չեն իրազեկվել այդ «աճուրդ» կոչվածի մասին այն դեպքում, երբ ըստ ՀՀ Հողային օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ կետի, նրանք ունեին այդ տարածքից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, որից չեն հրաժարվել»:


Մայիս 06, 2017 at 15:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր