

Հայ ազգային կոնգրես
Երևանում ավելի քան տասը տարի շարունակ իրականացվող գռեհիկ կապիտալ շինարարության հետևանքով անճանաչելիորեն աղավաղվել է մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը: Խոպանչու հոգեբանության կրող մի խումբ մարդիկ ամբողջովին յուրացրել են Երևանի բոլոր հանրային տարածքները և իրենց բնորոշ` օտարի գործելաոճով որքան հնարավոր էր ոչնչացրել են մեր քաղաքի պամական ու մշակութային ուրույն կոլրիտը: Հյուսիսային պողոտայի այլանդակ նախագիծը, Գլխավոր պողոտային հարակից հսկայածավալ, անհեթեթ շենքերը, Նալբանդյան 106/1 շենքի բակում և այլ վայրերում իրականացվող, այսպես կոչված` «կետային կառուցապատումները» ոչ միայն իրականացվում են մարդու իրավունքների աղաղակող խախտումներով, այլև ուղեկցվում են ժողովրդի պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ և առաջացնում պայթյունավտանգ սեյսմիկ իրավիճակ: Չեն մշակվում և կենսագործվում պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող` բնակչության տարաբնակեցման, տարածքային պլանավորման նախագծեր:
Ի պատասխան հասարակական կազմակերպություններից ստացված նամակի, որում կոչ է արվում Կոնգրեսի նախընտրական ծրագրերում ներառել Երևան քաղաքի քաղաքաշինական հիմնահարցերը, հայտարարում ենք, որ մատնանշված հիմնախնդիրների վերաբերյալ Կոնգրեսի դիրքորոշումն ու ծրագրային մոտեցումները մեծամասամբ ներկայացված են ՀԱԿ-ի ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգում, որը տեղակայված է Կոնգրեսի կայքէջում, հետևյալ հղման տակ`
http://www.anc.am/am/news/616/:
Ինչպես նշված է Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում բնության պահպանման, այդ թվում` քաղաքային շրջակա միջավայրի վերականգնման, պահպանման և բարելավման համար համար որպես մոդելային տարբերակ է ընտրվել «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի հիման վրա ստեղծվող` վայրի բնության միավորների ցանցը (Էմերալդ ցանց (Emerald network)): Այն որպես ուսանելի օրինակ և իրավական նախադեպ պետք է ծառայի` նմանատիպ սկզբունքով Հայաստանի բնության ամբողջական էկոլոգիական ցանց ստեղծելու համար: Ըստ այդմ, պետք է Հանրապետության ամբողջ տարածքը վերցնել էկոլոգիական հաշվառման, որի հիման վրա պետք է ստեղծվի էկոլոգիական ցանց` առանձին էկոլոգիական գոտիներով: Էկոլոգիական գոտիները պետք է ունենան պահպանման և տնտեսական նպատակներով օգտագործման աստիճանակարգված ռեժիմ: Էկոցանցի մեջ ընդգրկվող օբյեկտներն ունենալու են հետևյալ աստիճանակարգումը`
1/ հատուկ պահպանվող տարածքներ,
2/ այլ էկոլոգիական գոտիներ,
3/ էկոլոգիական գոտիները շրջապատող բուֆերային գոտիներ,
4/ էկոլոգիական ենթամշակույթի օբյեկտներ (այս կատեգորիայի տակ են մտնում նաև քաղաքային միջավայրին հատուկ կանաչ տարածքները, քաղաքային լանդշաֆտները, քաղաքային ենթամշակույթի մաս կազմող պատմամշակութային հուշարձանները):
Էկոցանցում ընդգրկվող էկոլոգիական գոտիների և էկոլոգիական ենթամշակույթի միավորների ամբողջական ցանկը կցվելու է սույն հայեցակարգի հիման վրա մշակվող` Կոնգրեսի ծրագրային փաստաթղթերին:
Էկոլոգիական գոտիների և էկոլոգիական ենթամշակույթի օբյեկտների համար պետք է սահմանվի դրանց նպատակային նշանակությունից բխող և օրենքով երաշխավորված հստակ իրավական կարգավիճակ: Արդեն իսկ աղճատված միջավայրը վերականգնելու համար անհրաժեշտ է լինելու դիմել սկզբունքային և վճռական քայլերի: Մասնավորապես, ողջամտության սահմաններում հանրային գերակա շահի կամ այլ իրավական ռեժիմով պետք է հանրայնացվեն և ըստ նախնական նպատակային ու ֆունկցիոնալ նշանակության օգտագործվեն մի շարք օբյեկտներ և հանրային տարածքներ` անկախ դրանց ներկայիս սեփականության ձևից (մասնավոր սեփականություն, վարձակալություն): Դրանցից են` Երևանի Հաղթանակ, Օղակաձև, Գլխավոր պողոտա և մյուս զբոսայգիների, Հրազդանի կիրճի, Բուսաբանական այգու մասնավորեցված կամ հիմնական շինություններով կառուցապատված հատվածները, Ուսանողական այգին և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ: Անվերապահորեն ապամոնտաժվելու են հանրային կանաչ գոտիներում ծանր կոնստրուկցիաներով կառուցված և մշակութային արժեք չներկայացնող բոլոր հիմնական շինությունները: Դրանցից են Օղակաձև զբոսայգում կառուցված հսկայածավալ շինությունները և բետոնե սրճարանները, Հաղթանակ զբոսայգում կառուցված բնակելի տներն ու առանձնատները, “Գոլդեն Փալաս” հյուրանոցը, իսկ տարածքը բերվելու է իր նախնական տեսքին ու վերադարձվի հանրությանը: Թեթև կոնստրուկցիաներով կառուցված ոչ հիմնական շինությունները չպետք է զբաղեցնեն հանրային կանաչ տարածքի ընդհանուր մակերեսի 20 տոկոսից ավելի տարածություն: Բնակավայրերի կառուցման քաղաքաշինական նախագծերում պետք է ներառել կանաչ գոտիների պարտադիր նվազագույն չափ` կառուցապատվող տարածքի 20 տոկոսից ոչ պակաս մակերեսով:
Պետք է առավելագույնս վերականգնվի Երևան քաղաքի «նախասրճարանային» արտաքին տեսքը: Ապամոնտաժված բոլոր մշակութային հուշարձանները պետք է վերականգնվեն ոչ թե հատվածական տեսքով, այլ հնարավորինս ապահովելով հուշարձանախմբի ամբողջական ճարտարապետական մտահաղացումը: Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի հարակից տարածքն ամբողջությամբ պետք է մաքրվի սրճարաններից: Այդ տարածքում կարող է լինել միայն հանրային կանաչ գոտի և արվեստի գործերի ներկայացման համար անհրաժեշտ ենթակառույցներ (բացօթյա ցուցահանդեսներին, գործիքային երաժշտական ներկայացումներին տրամադրող մշակութային միջավայր):
Ընդ որում, հանրային տարածքներում կառուցված ակնհայտ ապօրինի շինությունները ապամոնտաժվելու են առանց փոխհատուցման` դրանց սեփականատերերի հաշվին: Ի գիտություն այդպիսի օբյեկտների ներկա կամ ապագա սեփականատերերի նշենք, որ միջազգային իրավական պրակտիկայից բխում է, որ ձեռնարկատիրոջ կամ սեփականատիրոջ համար ակնհայտ անօրինական վարչական ակտերով թույլատրված գործողությունների դադարեցման պարագայում սեփականատերը զրկվում է հանրային միջոցների հաշվին պատճառված վնասի փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Վնասների փոխհատուցման հասցեատեր կարող է լինել միայն վարչական ակտը կայացնող պետական պաշտոնյան:
Քաղաքաշինական առանցքային հիմնախնդիրներից է այն, որ գործող ներպետական օրենսդրությամբ քաղաքային կանաչ տարածքները և լանդշաֆտային գոտիները շատ թույլ են պաշտպանված, և այդ միավորները էկոցանցում ընդգրկելը պայմանավորված է քաղաքաշինական, տնտեսական և այլ բացասական ազդեցություններից այդ օբյեկտները արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ: Օրինակ` փոքր մասշտաբների ճանապարհաշինության կամ կետային կառուցապատման ժամանակ (մինչև 1500քմ մակերես զբաղեցնող տարածքում), ըստ էության, չի իրականացվում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, չեն անցկացվում հասարակական լսումներ, ինչի հետևանքով թե հանրային կանաչ տարածքները, և թե պատմամշակութային օբյեկտները անվերահսկելիորեն ոչնչացվում են: Էկոցանցում այս տարածքների ընդգրկումը նպատակ է հետապնդում կանխելու դրանց այնպիսի շահագործումը, ինչի հետևանքով այդ օբյեկտները կարող են որպես այդպիսիք վերանալ կամ կորցնել իրենց նշանակությունը (Արմավիրի քաղաքային այգի, Դալմայի այգիներ և այլն): Քաղաքային միջավայրի նկատմամբ նմանօրինակ մոտեցումն անթույլատրելի է: Էկոլոգիական միավորներին վնաս պատճառող ցանկացած գործունեություն` անկախ մասշտաբներից, պետք է պաշտպանված լինի էկոլոգիական օրենսդրությամբ և վերահսկելի լինի շահագրգիռ հասարակության համար:
Կոնգրեսի Էկոլոգիական հայեցակարգին համապատասխան իրականացվելու են նաև օրենսդրական հետևյալ հիմնարար փոփոխությունները`
1. Անհրաժեշտ է արմատապես վերանայել «բացառիկ` գերակա հանրային շահ» եզրույթի իրավաբանական նշանակությունը: Ներկայումս հողի նպատակային նշանակությունը փոխելու և հանրային տարածքը կառուցապատման տրամադրելու համար բավարար է միայն, որ այդ մասին «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով կայացվի կառավարության որոշում, մինչդեռ նշված օրենքը չի սահմանում հանրային շահի «բացառիկության» կամ «գերակայության», ինչպես նաև այդ շահի «հանրային» լինելը հավաստող հստակ չափանիշներ: Գործնականում, գույքը «բացառիկ` գերակա հանրային շահի» պատրվակով օտարվում է գրեթե բոլոր այն դեպքերում, երբ մասնավոր ընկերությունները մտադիր են ձեռնարկել որևէ առևտրային գործունեություն (Արամի, Բուզանդի փողոցների նախադեերը, Հյուսիսային պողոտան և այլն): Շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման համար “բացառիկ` գերակա հանրային շահի” առկայությունը պետք է հիմնավորված լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականով` հանրային լսումներ անցնելուց և հասարակության (ազդակիր համայնքի և շահագրգիռ հասարակության) թույլտվության առկայությամբ:
2. Էկոլոգիական վտանգներին լիարժեք գնահատական տալու համար պետք է լրացնել «ազդակիր համայնք» եզրույթի օրենսդրական բովանդակությունը: Բացի ազդակիր համայնքից հանրային լսումներին պետք է մասնակցի «շահագրգիռ հասարակությունը», որը Հանրապետության ամբողջ բնակչությունն է` ինստիտուցիոնալիզացված տեսքով (բնապահպանական հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միավորումներ և այլն):
3. Օրհուսի կոնվենցիայով ամրագրված` որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունն իմաստավորելու համար պետք է ներդրվի տեղական հանրաքվեի և հարցման իրավական պրակտիկա, իսկ հասարակությունը (ազդակիր համայնքը) շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հարցերի շուրջ պետք է որոշիչ ձայնի իրավունք ստանա: Քաղաքային վայրերում «կետային կառուցապատում» իրականացնելու համար ևս պարտադիր պետք է լինի անմիջական հարակից տարածքի (տեղի ազդակիր համայնքի) բնակչության գրավոր համաձայնությունը` արտահայտված տեղական հանրաքվեի կամ հարցման արդյունքներով:
4. Շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող նյութական և դատավարական իրավունքների շրջանակներում շահագրգիռ հասարակությունը պետք է բնապահպանական հարցերի վերաբերյալ ունենա օրենքով երաշխավորված` դատարան դիմելու իրավունք: Ազդակիր համայնքի անդամներն այդ իրավունքից կարող են օգտվել ինչպես անհատապես, այնպես էլ խմբակային, իսկ շահագրգիռ հասարակությունը հասարակական կազմակերպությունների և այլ հավաքական կառույցների միջոցով, որոնց կանոնադրական նպատակների մեջ մտնում է բնապահպանությունը: Այս իրավունքը յուրաքանչյուրի` Սահմանադրության 18-րդ հոդվածի իմաստով դատարան դիմելու հիմնարար իրավունք:
5. Ներդրվելու է պաշտոնատար անձանց գործողությունների համար անհատական նյութական պատասխանատվության ինստիտուտ: ՀՀ քրեական, օրենսգրքում պետք է սահմանվեն շրջակա միջավայրի դեմ ուղղված նոր հանցատեսակներ, խստացվեն առկա պատժատեսակների պատժաչափերը` առավելապես գույքային պատասխանատվություն սահմանելու կամ դրա չափը մեծացնելու միջոցով: Պետք է մշակել անօրինական որոշումներ կայացրած պաշտոնատար անձանց անհատական նյութական պարտավորության մեխանիզմներ: Սկսած զանազան գլխավոր ճարտարապետներից, ընդհուպ մինչև քաղաքապետեր, նախարարներ և որոշումների կայացմանըմասնակից այլ պաշտոնյաներ պետք է անհատական նյութական պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների հետևանքով պատճառված վնասների համար:
Մանր վաճառականության դասի սպասի հիվանդագին ագահությունը չի ճանաչում ոչ մշակութային ժառանգություն, ոչ բնությանն ու ապրելու համար անհրաժեշտ շրջակա միջավայր: Դեռևս 2004 թվականին ՀՀ կառավարության հ.1616-Ն որոշմամբ հաստատված Երեւան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից գաղտագողի դուրս են բերվել ճարտարապետական այնպիսի կոթողներ, ինչպիսիք են «Հրազդան» մարզադաշտն ու «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որոնք առկա էին 1991 թվականին հաստատված ցանկում: Առևտրի գոտի կառուցելու պատճառով առկախված է «Հրազդան» մարզադաշտի հետագա ճակատագիրը: Բնակելի շենք կառուցելու համար քանդման վտանգի տակ է հանրապետական նշանակության մշակութային հուշարձան համարվող «ԱՕԿՍ»-ի շենքը (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերության): Սա ազգի մշակութային ինքնության աղճատում է, որը հանգեցնելու է սեփական պատմության և մշակույթի անդառնալի կորստի: Այսպիսի համակարգային ինքնաոչնչացման ընթացքը հնարավոր է շրջել միայն ավգյան ախոռները մաքրելու և այս քրեաօլիգարխիկ համակարգը փոխելու միջոցով:
Ապրիլ 25, 2012 at 18:03
