

Հայացք
Ապրիլի 24-ի առավոտյան` ժ. 5:56-ին, տեղեկություն է ստացվել, որ 5:30-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերության արտադրական տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երևանի ծառայության պետը և այլ պաշտոնյաներ: Թեև մի շարք անձինք տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, սակայն պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել: Այրվածքներ ստացած աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Առավոտվա դրությամբ հոսպիտալացված էին 8 հոգի` Վարազդատ Հակոբյանը, Արսեն Մուրադյանը, Արմեն Կարապետյանը, Հարություն Սահակյանը, Ռոբերտ Հարությունյանը, Մելիք Կարապետյանը, Սևադա Մեսրոպյանը, Ազատ Սուլուգյանը: Նրանցից 7-ը «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» աշխատակիցներ են, մեկը` Արսեն Մուրադյանը, «ԱՐՄՈԲԻԼ» անվտանգության ծառայության աշխատակիցն է, որը պահակային կամ անվտանգության ծառայություն է իրականացնում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնում»:
- Արսեն Մուրադյանը պայթյունի ժամանակ ձուլարանից դուրս է եղել, այնտեղ «պոստ» ունենք, գիշերային ծառայություն որ իրականացնում են, այնտեղ է գտնվել,- մեզ հետ զրույցում ասաց «ԱՐՄՈԲԻԼ» ծառայության անվտանգության պահնորդային ծառայության ղեկավար Խաչիկ Կարապետյանը:- Պայթյունի ալիքը դարպասը, ապակիները դուրս է շպրտել, բարեբախտաբար, մեր աշխատողը դարպասի հետևում չի եղել, այլ` մի քիչ այն կողմ: Նա գլխի հատվածում ապակու բեկորներից վնասվածքներ է ստացել, մեկ էլ մատն է վնասել: Այրվածք չունի, մատն արդեն վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնի միկրովիրաբուժության բաժանմունքում:
Տեղեկացնենք, որ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ տեղափոխված 4 անձանցից 2-ի վիճակը ծանր է, նրանք հիշյալ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էին: 2-ի վիճակը միջին ծանրության է: Նախնական տեղեկություններով` բոլորի մոտ առկա են 2-4-րդ աստիճանի այրվածներ: Վերոնշյալ բուժհաստատությունից Panorama.am-ին տեղեկացրել են, որ «այրվածքները խորն են, նրանց մոտ ախտորոշվել է նաև այրման արգասիքներով թունավորում»:
- Տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտում, որի հետևանքով պայթյուն է առաջացել, պատճառները պարզելու համար հիմա փորձաքննություն է իրականացվում,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երևան քաղաքի ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը:
Տեղազննությամբ արդեն իսկ պարզ է դարձել, որ ֆերոմոլիբդենի արտադրության արտադրամասի խառնիչում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է արտադրամասի պատը` մոտ 4 քմ մակերեսով, կարճ միացումից այրվել է մոտ 4 գծամետր մալուխ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տեղեկացմամբ` «911» ծառայությունը հրդեհի և փլուզման մասին ահազանգ չի ստացել:
Չնայած այն բանին, որ դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Էրեբունի բաժնի պետի գլխավորությամբ, Tert.am-ի տեղեկացմամբ` «գործարանի անվտանգության աշխատակիցները մի պահ թույլ չէին տալիս, որ ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցները մտնեին տարածք` պատճառաբանելով, թե մասնավոր տարածք է: Սակայն բանակցությունների արդյունքում հաջողվեց նրանց մուտքը գործարանի տարածք»: Պատկերացնո՞ւմ եք` թույլ չեն տվել նաև ոստիկանության աշխատակիցներին` հաշվի չառնելով նույնիսկ հիշյալ բաժնի պետի ներկայությունը: «Ախրանան» իրեն երևի հանրապետության նախագահի, ոստիկանապետի կամ առնվազն ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնում է երևակայել: Եթե սա ինքնիրավչություն չէ ու բխում է ընկերության տնօրինության ընդհանուր վերաբերմունքից, այսպես ասած, արտաքին աշխարհի նկատմամբ վարվող քաղաքականությունից, ապա տեղի ունեցած պայթյունի պատճառները, կարծում ենք, նաև այդտեղ պետք է փնտրել:
2003 թ. հիմնադրված «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ն գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արինբերդի փողոցի 3/6 հասցեում, հիմնականում զբաղվում է ֆերոմոլիբդենի արտադրությամբ: Ձեռնարկությունում աշխատում է մի քանի հարյուր մարդ: Ըստ ընկերության` իրենց կենտրոնական լաբորատորիան հագեցված է ամենաժամանակակից, նորագույն սարքավորումներով: Ավելին. վերոնշյալ ՍՊԸ-ի ղեկավարությունը մինչ երեկվա դեպքը փորձում էր հավատացնել, թե «հատուկ ուշադրություն է դարձվում աշխատողների անվտանգության, առողջության և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը»: Հիմա թերևս արդեն պարզ է, թե անվտանգությանն ինչպիսի ուշադրություն է դարձվում:
Ըստ նույն ընկերության տնօրեն և հիմնադիր Կարեն Կարապետյանի` «վերջին երեք տարիների ընթացքում բարեգործական նպատակներով կատարվել են ծախսումներ շուրջ 1 մլն. դոլարի չափով, որոնք ուղղվել են կրթությանը, գիտությանը, արվեստին և տարբեր հիմնադրամներին»: Կարծում ենք, ավելի ճիշտ կլիներ այդ գումարներն ուղղել ընկերությունում պատշաճ անվտանգությունն ապահովելուն: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ` 2011 թ. ապրիլին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն: «Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանանք անկեղծորեն իրար հետ խոսել, քննարկել խնդիրները»,- ասել էր հանրապետության ղեկավարը:
- Այդ ընկերությունը մի քանի տարի է, ինչ մեզ մոտ փորձաքննություն չի անցել, մասնավոր ընկերություններում է անցել, իրենք գիտեն, թե ինչպես,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը:- Այդ դեպքի մասին ինձ ժամը 6:30-ին են ասել, ուղարկել եմ կենտրոնի փորձագետներին, գնացել նկարել են, ամեն ինչն էլ նկարներով կա, խախտումներ են եղել, տեխնիկական անվտանգության կանոնակարգերի խախտումներ էլ են եղել:
Մեզ ընկերությունից հաջողվեց տեղեկանալ, որ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» վերջին տարիներին, համենայն դեպս 2011 թ., փորձաքննության է ենթարկվել «ԴԱՄԻ» ՍՊԸ-ի կողմից, որի տնօրեն Դավիթ Աշոտի Սարգսյանը, ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր որդին է:
Ապրիլ 25, 2012 at 19:12
