Բուսաբանության ինստիտուտի տնօրեն` դա ծառերի պլանավորված էտում է

Բուսաբանության ինստիտուտի տնօրեն` դա ծառերի պլանավորված էտում է

ԷկոԼուր

Ապրիլի 22-ին կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Facebook սոցիալական ցանցով տարածեց ահազանգ, որ «Դրախտ» ռեստորանի հարեւանությամբ ծառեր են հատում: «Այս պահին բուսաբանական այգւմ առողջ բարդիներ են տապալվում գետնին: Դրախտ ռեստորանի կողմից երբեմնի զավթած հողատարածքում բարդիները մեկ առ մեկ հավասարվում են գետնին: Բուսաբանական այգու տնօրինությունը, հետաքրքիր է, գիտի՞ այդ մասին,- հարցնում է Մարիամ Սուխուդյանը,- Ոչ տնօրինությունից մարդ կար այգում, ոչ էլ պահակներն էին տեղում, դուռը կողպած, տարածքը լքած»: Բուսաբանական այգու աշխատակիցները «ԷկոԼուր»-ին մեկնաբանեցին, որ այգի տեխնիկա է բերվել, օրվա ընթացքում կատարվել է բարդիների նախատեսված էտում փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանի ղեկավարությամբ: «Դրանք պլանավորված աշխատանքներ են»,- ասաց Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը` նշելով, որ Բուսաբանության ինստիտուտն ամենաշահագրգռվածն է իր հավաքածուների պահպանման գործում: Մեր կողմից նշենք, որ «կանաչ» ահազանգերը պետք է ամեն կերպ  ողջունեն այն հաստատությունները,որոնց տիրապետության ներքո մեծ տարածքներ են, որոնք դժվար է հսկել: Բուսաբանական այգին բաց է այցելությունների համար: Մարդիկ կոլեկտիվներով են գալիս այստեղ, իրենց հետեւից թողնում են աղբ, հրդեհ են առաջացնում: Եւ օգնության են հասնում սրտացավ մարդիկ, որոնց համար միեւնույնը չէ, թե արդյոք եւս մեկ ծառ կհատվի, թե ոչ:

Ստորեւ ներկայացնում ենք Բուսաբանության ինստիտուտի տնօրինության տարածած հայտարարությունը:

Երևանի Բուսաբանական այգին հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանութան ինստիտուտի ամենախոշոր ստորաբաժանումը: Այգում աշխատում են բարձրակարգ և սրտացավ մասնագետներ:

Վաղ գարնանից Երևանի Բուսաբանական այգում տարվում են բարեկարգման աշխատանքներ: Այգու տնօրինության կողմից պարբերաբար կազմակերպվում են շաբաթօրյակներ, որոնց մասնակցում է Բուսաբանության ինստիտուտի ողջ աշխատակազմը:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Բուսաբանական այգու տարածքում առողջ բարդիներ են տապալվում գետնին, տեղեկացնում ենք, որ այգու տարածքում ոչ մի առողջ ծառ չի հատվել: «Դրախտ» ռեստորանի սեփականությունը հանդիսացող տարածքում ծերատվել է 30 մ բարձրություն ունեցող 1 հատ բարդու չորացած վերին 10 մ հատվածը, որն ուժեղ քամիների դեպքում կարող էր տապալվել այգու մուտքի լիաններով պատված գեղազարդ կամարի վրա, ինչպես նաև վտանգ էր ներկայացնում այցելուների համար: «Դրախտի» տնօրինությունը դիմել էր Բուսաբանական այգու մասնագետներին, և միայն իրավիճակը գնահատելուց հետո, տնօրինությունը թուլատրել էր կատարել այդ ծառի երիտասարդացման աշխատանքները:

Բուսաբանական այգու տնօրինությունը և աշխատակիցները գտնում են, որ Մարիամ Սուխուդյանի կատարած անհիմն հայտարարությունները  Երևանի Բուսաբանական այգու անմխիթար վիճակի մասին, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Այգու մշտական այցելուները նկատում են տարեց տարի  կատարվող բարեփոխումները, այն սուղ ֆինանսական պայմաններում, որում գտնվում է այգին: Վատ չէր լինի, որ այն եռանդը, որն ուղղված է Բուսաբանական այգին վարկաբեկելուն, օգտագործվեր օգնելու քարոզչությանը, քանի որ հաճախ այգու աշխատակիցների կատարած գործը չի գնահատվում մի շարք այցելուների կողմից` այգու տարածքը աղտոտվում է, նետվում են չմարած ծխախոտի մնացորդներ, կոլեկցիոն հողամասերից գողացվում են բույսեր, պոկվում են ճյուղեր և այլն:

Ապրիլ 23, 2012 at 19:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր