Պայքարը շարունակվում է

Պայքարը շարունակվում է

ԷկոԼուր

Facebook սոցիալական ցանցում տեղադրված է լուսանկարիչ Հայկ Բիանջյանի ֆոտոռեպորտաժը` Մաշտոցի այգու պաշտպանության թեժ կադրեր (https://www.facebook.com/media/set/?set=a.3269193125359.2155217.1133252213&type=3): Մի կողմից ակտիվիստներն են ու Երեւանի բնակիչները, մյուս կողմից հասարակության համար անտեսանելի բուտիկների սեփականատերերը եւ նրանց մեջքին կանգնած քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունը:

Բայանդուր Պողոսյանը դադարեցրել է հացադուլը

1in.am

Րոպեներ առաջ Մաշտոցի պուրակում հացադուլ հայտարարած Բայանդուր Պողոսյանը դադարեցրել է հացադուլը։ Պողոսյանին է մոտեցել ոստիկանության աշխատակից, փոխգնդապետ Մովսիսյանը և հավաստիացրել, որ շինարարական աշխատանքները դադարեցվելու են և չեն շարունակվելու մինչև շաբաթվա վերջ: 

Ոստիկանության փոխգնդապետը խոստացել է, որ ակցիայի մասնակիցները կստանան իրենց պահանջած իրավական պատասխանը։

Մաշտոցի այգու վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնում

Ա1+

Երևանի Վ, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«ԵՊԼՀ-ն, գիտակցելով վերջերս քննարկումների առիթ հանդիսացող Մաշտոցի պողոտային հարող այգու հարցի հանրային կարևորությունը, այնուամենայնիվ, տվյալ հարցի շուրջ կարծիք արտահայտելը համարում է իր իրավասություններից դուրս:

Ո՛չ համալսարանը, ո՛չ էլ նրա ինքնակառավարման մարմին հանդիսացող Ուսանողական Խորհուրդը բուհի անունից վերոնշյալ հարցի վերաբերյալ հայտարարություններ տարածելու որևէ լիազորություն չունի: Համալսարանի դասախոսները և ուսանողները կարող են արտահայտել միայն իրենց անձնական կարծիքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ բուհի որոշ ուսանողներ մասնակցել են բնապահպանական ակցիային։

Բնապահպանները չեն նահանջում

Ա1+

Մաշտոցի պողոտային հարակից պուրակում այս պահին դադարեցված են առեւտրի կրպակների տեղադրման աշխատանքները, իսկ այդ գործընթացին ընդդիմացող բնապահպանները որոշել են կեսօրից հետո հավաքվել եւ տեղում որոշել հետագա անելիքները։

Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը «Ա1+»-ի լրագրողին հայտնեց, որ անկախ քաղաքապետի արած հայտարարություններից, թե կրպակների շինարարությունը դադարեցրել են 5 օրով, իրենց չի ստիպելու նահանջել կանաչ գոտին պահպանելու մտադրությունից։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հայտարարել էր, որ օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան, այգում տեղադրվում են Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարները, որոնք տրամադրվելու են հիմնական շինությունների սեփականատերերին՝ որպես փոխհատուցում: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտը:

Իսկ այսօր այգու համար պայքարի շրջանակում ակտիվիստները կիրականացնեն հետեւյալ միջոցառումները՝

13:00-14:00 համերգ կիթառով,
15:00-ին «Ձևակերպելով հանրային տարածքը» ստեղծագործական մտախաղ,
17:00-ին «Քաղաքացիական ամբիոն»-ի շրջանակում կկազմակերպվի
հանդիպում ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ, որը կխոսի «Երևանի քաղաքային մշակույթը՝ հանրային տարածք» թեմայով։
Այգում մշտապես կհերթապահեն կամավորներ, հանրային իրազեկում իրականացնելու համար:

Փետրվար 22, 2012 at 15:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր