Հրազդանի բնակիչ` Հրազդանում չունենք գոնե մեկ լիարժեք այգի, որտեղ մարդն իր երեխայի հետ կարող է ժամանակ անցկացնել (Լուսանկարներ)

Հրազդանի բնակիչ` Հրազդանում չունենք  գոնե մեկ լիարժեք այգի, որտեղ մարդն իր երեխայի հետ կարող է ժամանակ  անցկացնել (Լուսանկարներ)

 ԷկոԼուր

Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում այգի կա: Այն հանրային տարածք է, որը կառուցապատվել է կամայականորեն, այսինքն` առանց թույլտվության: Նաեւ առանց թույլտվության այդ տարածքում հայտնվել են մրգատու այգիներ եւ բանջարանոցներ: Հրազդանի հանրային այգիների խնդիրը «ԷկոԼուր»-ին ներկայացրեց Հրազդան քաղաքի բնակիչ, ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը: «Գտնվում ենք Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի այն հատվածում, որը, քաղաքի հաստատված նախագծի համաձայն, հանդիսանում է զբոսայգի-ճեմուղի: Չնայած դրան, տարիներ շարունակ տարածքը մնացել է պատկան մարմինների ուշադրությունից դուրս, եւ որոշ ժամանակահատված հետո քաղաքի որոշ բնակիչներ փորձել են այդ տարածքի վրա ինքնակամ շինություններ սարքել, կամ մի որոշ հատվածում բնակիչներն իրենց համար փոքր տնամերձ այգիներ են սարքել: Վերջին շրջանում, մոտ 2-3 տարվա մասին է խոսքը, քաղաքի իշխանություններն իրենց քիմքին հաճելի որոշում են կայացրել, քանի որ չկան ֆինանսական միջոցներ, եւ տարածքը մնացել է, այսպես ասած, անտեր, անմխիթար, որոշել են մասնավորեցնել այս  հողատարածքը, կառուցապատման տակ են դրել եւ մասնավոր սեկտորին թույլ են տվել, որ հողատարածքի վրա հասարակական սննդի օբյեկտ կառուցեն: Եւ այդ ամենն արել են, իմ ունեցած տեղեկություններով, նույնիսկ օրենքի անհրաժեշտ պայմանները չպահելով: Այս պահին հողի վրա կառուցապատում է գնում, բայց հողի կարգավիճակը չի փոխվել, հանդիսանում է զբոսայգի-ճեմուղի, իսկ զբոսայգի ճեմուղու վրա հիմնական կառույցի թույլտվություն, գիտեք, որ չկա: Ավելի խորքում սեփական տուն են կառուցել, ռեստորանային համալիր է կառուցվում: Ես սեփականատերերից որեւէ մեկի նկատմամբ անձնավորված որեւէ խնդիր չունեմ, խնդիրն այն է, որ մենք առանց այն էլ ունենք շատ անբարեկարգ, անմխիթար վիճակում գտնվող քաղաք, եւ փոխանակ  մտածելու, որ այս տարածքը կանաչապատվի եւ բուն իր նպատակին ծառայեցվի, հանգստի գոտի դառնա, կառուցապատման տակ են  մտցրել: … Առանց չափազանցության կարող եմ ասել, որ մենք այսօր Հրազդանում չունենք  գոնե մեկ լիարժեք այգի, որտեղ մարդն իր երեխայի, իր ընտանիքի հետ կարող է ժամանակ  անցկացնել: Այն, ինչ էլ որ եղել է խորհրդային տարիներից, ժամանակի ընթացքում բռնազավթվում է, ապօրինի շինություններով, ինքնակամ շինություններով: Այսօր միակ այգին, որ փորձում են արդեն 5 տարի շարունակ բարեկարգել, մարզպետարանի` քաղաքապետարանի դիմացի այգին է, բայց դա էլ, անհամեստություն թող չթվա, մեր պայքարի  արդյունքն է, որ ժամանակին մենք այդ հարցը բարձրացրել ենք, ուշադրություն ենք հրավիրել դրա վրա: Քաղաքի իշխանությունները սրանից 4-5 տարի առաջ հայտարարեցին, որ մի քանի ամսում այդ զբոսայգին կբարեկարգեն, կկանաչապատեն, բայց արդեն 4-5 տարի ժամանակ է անցել, այգին դեռ կիսակառույց է, հետեւի հատվածը մնում է կիսաքանդ վիճակում:

…Աղբյուրակ թաղամասում  շատ լավ այգի կար խորհրդային ժամանակաշրջանում: Երեխա ժամանակ գնում էինք մեր ժամանցը անցկացնում, եղեւնիների պուրակ էր կոչվում Հրազդանի վերեւի հատվածում` շուկայի մոտ: Այսօր ինչ է կատարվում այնտեղ, դա ուղղակի մեկ բառով կարելի է ասել բնության սպանդ, բնության գենոցիդ»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը:

Իրենց երեխաներին զբոսանքի բուրս բերած Հրազդանի բնակչուհիները, չհամաձայնվելով նկարահանվել, «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասացին. «Ինչի մեր իշխանությունները չգիտե՞ն, թե ինչ պայմաններում են Հրազդանի բնակիչները, փոշու մեջ: Որ հնարավորություն լինի, ոչ մեկը չի ուզենա այս փոշու մեջ երեխա պահի: Ովքեր հնարավորություն ունեն, դուրս են գալիս, որտեղ լավ են ապրում, իրենց երեխաների կյանքը, ապագան այնտեղ են ստեղծում»: «ԷկոԼուր»-ի այն հարցին, թե ինչ կցանկանային, որ փոխվի քաղաքում, հրազդանցի մայրերն ասացին. «Ցանկացած տարածք թող այգեպատվի` կառուսելներ, ճոճանակներ լինեն, որ երեխաների  համար ինչ-որ մի հետաքրքիր, տեսարժան վայր լինի, որ մի ժամով կարողանաս տնից հանես:… Առաջնահերթ խնդիրը, որ օդը մաքուր լիներ, որ երեխաները մաքուր օդը շնչեին»:



Մայիս 09, 2012 at 23:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր