«Քաղաքապետարանը հիշյալ կառուցապատումը չի՛ իրականացնում Երևանի գլխավոր հատակագծին և Կենտրոնի գոտևորման նախագծին համապատասխան»

«Քաղաքապետարանը հիշյալ կառուցապատումը չի՛ իրականացնում Երևանի գլխավոր հատակագծին և Կենտրոնի գոտևորման նախագծին համապատասխան»

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Վերջին օրերին Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում իրականացվող ապօրինի շինարարության շուրջ բարձրացած բողոքին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը տարածել է պաշտոնական պարզաբանում, որի մեջ ասվում է, թե քաղաքապետարանը «Երևանի Կենտրոնի գոտևորման նախագծին» համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում պողոտայի նշյալ հատվածում: Հիշեցնենք, որ խոսքը Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցների՝ այդ տարածքում վերակառուցման մասին է:

Վերոնշյալի հետ կապված արձանագրում ենք, որ, իրականում, Երևանի քաղաքապետարանը հիշյալ կառուցապատումը չի՛ իրականացնում Երևանի գլխավոր հատակագծին և Կենտրոնի գոտևորման նախագծին համապատասխան: Նշված փաստաթղթերով խնդրո առարկա տարածքը կանաչ գոտի է, որում սպասարկման որևէ օբյեկտի կառուցումը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է այն պարզ պատճառով, որ չի համապատասխանում տարածքի նպատակային և գործառնական նշանակությանը: Հետևաբար անհիմն ենք համարում տարածքն ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսանալու՝ քաղաքապետարանի պնդումը, և համոզվելու համար առաջարկում ենք բոլորին ծանոթանալ Երևանի գլխավոր հատակագծին և Կենտրոնի գոտևորման նախագծին:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև նույն պարզաբանման մեջ տեղ գտած մեկ այլ փաստարկի, ըստ որի կառուցապատումը «հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը»: «Հին Երևան» ծրագրի նախագիծը երբևէ հանրային քննարկման չի դրվել, ինչը նշանակում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվող որևէ շինարարություն անօրինական է, քանի որ խախտում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը հաստատելուց առաջ ներկայացնել հասարակական քննարկումների: Առանց հասարակայնության իրազեկման և քննարկումների նման քաղաքաշինական նախագծի իրականացմանն ուղղված որևէ քայլ պարզապես հակաօրինական է:

Ավելին` զավեշտալի ենք համարում այն հանգամանքը, որ քաղաքային իշխանություններն այսպես հապճեպ իբր նախաձեռնում են ուրվական այդ ծրագրով նախատեսված հատվածի «սպասարկման» ապահովումը, այնինչ արդեն վաղուց ապամոնտաժված՝ տեղափոխման ենթակա հուշարձաններից և ոչ մեկի հիմնաքարն անգամ տեղադրված չէ: Բավարարվելով այսքանով՝ հարկ չենք համարում անդրադառնալ կառուցվող խանութների գեղագիտական կամ նպատակային նշանակության առանձնահատություններին, որովհետև կարծում ենք, որ ՀՀ օրենդրության խախմամբ իրականացվող որևէ շինարարական նախագիծ քննարկման անգամ ենթակա չէ: Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք քաղաքապետարանից դադարեցնել տարածքում իրականացվող շինարարությունը և ապամոնտաժել նշյալ կառույցները:

Տեղեկացնում ենք նաև, որ կառուցապատումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի, շինհրապարակում շինարարության մասին իրազեկող և որևէ ցուցանակ չկա, ինչը ևս իրավական խախտում է: Հետևաբար, մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան` ձեռք բերելու շինարարությունը հիմնավորող բոլոր փաստաթղթերը, որոնք, օրենքի համաձայն, մեզ պետք է տրամադրվեն 5 օրվա ընթացքում: Փաստաթղթերը ձեռք բերելուն պես մենք կհանրայնացնենք դրանք:

Մեր խորին համոզմամբ` ընդհանուր օգտագործման տարածքը մասնավոր բիզնեսի տեղը չէ, և մենք հետևողական ենք լինելու զբոսայգին կրպակներից ազատելու և հանրությանը վերադարձնելու հարցում:

Փետրվար 01, 2012 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր