Ոստիկանությունը հարձակվել է, բռնություն է գործադրել և ձերբակալել է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

Ոստիկանությունը հարձակվել է, բռնություն է գործադրել  և ձերբակալել է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ

Արդեն ավելի քան 80 օր է, ինչ մենք` Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներս, Մաշտոցի պուրակում պայքարում ենք մեր հանրային տարածքի պաշտպանության, հանրային սեփականության վերանվաճման և մեր սահմանադրական իրավունքները կենսագործելու համար: Այս ընթացքում մենք կիրառել ենք իրավական և քաղաքացիական խաղաղ պայքարի բազմաբնույթ մեխանիզմներ, քաղաքացիական անհնազանդություն և դիմադրություն, հետևողական գործընթաց ենք ծավալել մեր իրավունքները պաշտպանելու և նվաճելու համար:

Երևանի քաղաքային իշխանությունները և ՀՀ կառավարությունը այս ընթացքում չեն կարողացել ադեկվատ իրավական ու քաղաքական արձագանք և լուծում տալ: Մինչև օրս իշխանությունները հանրությանը չեն տրամադրել բազմաթիվ տեղեկություններ և փաստաթղթեր Աբովյան փողոցում տեղադրված խանութների և Մաշտոցի պուրակի գործընթացների օրինականության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ քաղաքապետի և ՀՀ կառավարության  որոշումների հետևանքով արդեն 80 օրից ավելի է, որ հարյուրից ավելի ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ, երբեմն նաև հատուկ ռազմական պատրաստությամբ, օր ու գիշեր պահակություն են անում ապօրինի շինություններում` պաշտպանելով ապօրինի որոշումները և մասնավոր անձանց ոչ իրավաչափ շահերը՝ ի հաշիվ հանրայինի:

Այսօր, ապրիլի 29-ին, ակտվիստները շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են  վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ բռնի ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), ինչպես նաև անձամբ հրամանատարական անձնակազմից Ռ. Մելքոնյանը, Կ. Մովսիսյանը և Վ. Օսիպովը քաշքշել են, հարվածել են, նետել են գետնին, փորձել են խեղդել, հայհոյել են, սադրել են, վիրավորել են քաղաքացիներին և առգրավել երկու վրան: Բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ սալջարդերով, ծնոտի կոտրվածքով, կողոսկրերի և ներքին օրգանների վնասվածքներով տեղափոխվել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց հետազոտության և բուժօգնության համար:

Ոստիկանությունը դիմեց սադրանքների, սկսեց բղավել ակտվիստների վրա և հայհոյել նրանց, ինչին ի պատասխան ակտիվիստները արձագանքեցին խաղաղության կոչերով: Սակայն ոստիկանությունը և պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ) հանկարծակի զանգվածաբար հարձակվեցին ակտիվիստների վրա և առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, առանց նախազգուշացման և իր գործողությունների հիմնավորման բռնի կերպով, ձերբակալեցին ակտիվիստներից վեց հոգու և մեկ հոգու ապամոնտաժող բրիգադից. Արման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Գևորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանը, Կարեն Հարությունյանը Վահրամ Սողոմոնյանը, և ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանը: Ներկա պահին նշված ակտիվիստները գտնվում են արգելանքի տակ ոստիկանության Կենտրոնի բաժնում:

Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, հայտարարում ենք, որ անկախ ոստիկանության գործադրած բռնությունների և ակտվիստների ձերբակալման փաստից, չենք լքելու Մաշտոցի պուրակը, պաշտպանելու ենք խաղաղ ցույցի իրականացման մեր իրավունքը, մինչև վերջ տեր ենք կանգնելու հանրային տարածքին և սեփականությանը, հասնելու ենք պուրակում գտնվող կրպակների և մյուս հիմնական շինությունների ապամոնտաժմանը: Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը և հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Մաշտոցի պուրակի ակտիվիստների պահանջը միջազգային կազմակերպություններին

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ

Այսօր` 29.04.2012, Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ կիրառած բռնությունները, վայրագությունները և մարդու իրավուքնների կոպիտ խախտումները վկայում են այն մասին, որ 2008 թ. Մարտի 1-ից ի վեր ոստիկանության և նրանց հրահանգողների ձեռագիրը մնացել է նույնը: Ոստիկանությունը ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն քաղաքացիական հասարակության նկատմամբ, են ոստիկանական շարասյունների տակ: Նրանք իրենց առաքելությունը պատկերացնում են բացառապես  որպես անօրինականությունները պաշտպանող բութ գործիք: Ինչպես արդեն նշվել է մեր հայտարարության  մեջ, ակտիվիստների նկատմամաբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, ինչի հետևանքով 10-ից ավելի  ակտիվիստներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության բարձր հրամանատարական կազմի վարքագիծը վկայում է, որ չնայած միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ոստիկանական համակարգի բարեփոխմանը միտված ծրագրերի` ակնհայտ է, որ ոստիկանական համակարգում որևէ բարեփոխում տեղի չի ունեցել: Մինչև օրս Հայաստանում Եվրոպական Միության պավիրակությունը և Եվրոպայի խորհուրդը որևէ կերպ չեն արձագանքել մեր բաց նամակին և անտարբերություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից կատարված բռնությունների նկատմամբ: ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 18—ին տեղի ունեցավ հանդիպում Մաշտոցի պուրակի նախաձեռնությունների անդամների և ԵԱՀԿ ներկայացուցիչների միջև: ԵԱՀԿ-ի ներկայցուցիչները նշեցին, որ չնայած իրենց կարծիքով ոստիկանության վարքագծի և վարվելակերպի մեջ կան փոփոխություններ, սակայն նրանք ևս գտնում են, որ ոստիկանների ներկայությունը Մաշտոցի պուրակում ակտիվիստների համեմատ անհամաչափ է: ԵԱՀԿ-ի ներկայցուցիչները նշեցին նաև, որ վրանի հեռացնելը ոստիկանության կողմից համապատասխան արձագանք չէր և դրա անհրաժեշտությունը պարզապես չկար: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ ոստիկանության հասարակական կարգի պահպանման վարչության ունեցած հանդիպման ընթացքում, ոստիկանության աշխատակիցները ևս ընդունել են, որ վրանի հեռացման անհրաժեշտություն չկար:

Ելնելով այս ամենից` մենք կոչ ենք անում ոստիկանության հետ ծրագրեր իրակակացնող միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ ազմակերպություններ,  ոստիկանության հետ իրականացվող բոլոր ծրագրերը, քանի դեռ կատարված բռնությունների և անօրինականությունների համար պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր մեղավորները, այդ թվում` բարձրաստիճան հրամանատարական կազմը: Մենք գտնում ենք, որ միջազգային կազմակերպությունների և ոստիկանության համագործակցությունը չի տալիս որևէ դրական արդյունք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ոստիկանական համակարգը իրականում խորապես արհամարհում է միջազգային կազմակերպությունների կողմից խթանվող ժողովրդավարական սկզբունքները և շարունակում է մնալ կարծրացած բռնի ավանդույթների կրողը, որի համար մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն հասկացությունները ոչինչ չասող, բովանդակազուրկ բառեր են:

Բախում Մաշտոցի այգում. ակտիվիստներից մի քանիսը վնասվածքներ են ստացել

Tert.am

Մաշտոցի այգում ապամոնտաժողը բրիգադը՝ շուրջ հինգ տասնյակ, փորձում են քանդել հեռացնել ճաղավանդակները և ապամոնտաժել այգում տեղադրված կիսակառույց կրպակները, ինչի հետևանքով մի քանի ակտիվիստ վնասվածքներ են ստացել։

Այս պահին ոստիկանների և ակտիվիստների միջև քաշքշուկ է ծավալվել։ Ոստիկանների հետ առաջին բախման արդյունքում ապամոնտաժող բրիգադի անդամները կարողացան անցնել ներս, սակայն ոստիկանները կրկին նրանց դուրս հանեցին։

Երիտասարդ ակտիվիստները չեն մոտենում բրիգադին և միօայն հեռվից կանգնած վանկարկում են «Ա–պա–մոնտաժում», «Այ–գին մեր–ն է»։

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ապամոնտաժող բրիգադին հորդորում է անօրինականությունների չդիմել ոստիկանների նկատմամբ և ակցիան չվերածել բախումների։

Երկաթե ճաղավանդակները քաշքշելու ժամանակ վնասվել է ակտիվիստներից մեկի ձեռքը։

Մաշտոցի պուրակում են նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում գրանցված Կարապետ Ռուբինյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, քաղաքագետ Մանվել Սարգսյանը և հասարակությանը հայտնի այլ մարդիկ։

Բնապահպանները վրան են տեղադրել այգում։ Ոստիկանական մի խումբ փորձում է արգելել նրանց։ Ոստիկաններն ակտիվիստների դեմ պայքարում են երկու ճակատով։ 

Ակտիվիստներին մի պահ հաջողվեց ճեղքել ոստիկանական օղակը՝ մի կողմ նետելով ճաղավանդակները, սակայն ոստիկանները կրկին դուրս հանեցին ակտիվիստներին։ 

Ոստիկանները տեղահանեցին և տարածքից հեռացրեցին վրանը, որից հետո ակտիվիստները երկրորդ վրանը տեղադրեցին։ Երկար քաշքշուկից հետո ոստիկաններին չհաջողվեց տանել երկրորդ վրանը. ակտիվիստները նստել էին վրանի և թույլ չէին տալիս։ 

Բախումների արդյունքում տուժել են մեկից ավելի ակտիվիստներ, իսկ մի քանիսն էլ գնացել են այգու հարևանությամբ գտնվող Մարգարյան հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով։

Մաշտոցի այգուց բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել

Tert.am

Այսօր կեսօրին Մաշտոցի այգուց Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված բոլոր բնապահպան ակտիվիստները քիչ առաջ ազատ են արձակվել, այս մասին Tert.am-ին հայտնեց ակտիվիստներից Անահիտ Մուշեղյանը:

Նա նշեց, որ ակտիվիստներից երեքը՝ Գոռ Հակոբյանը, Կարեն Հարությունյանը, Արման Յարալյանն ազատ արձակվելուց հետո անմիջապես այգի են գնացել, որտեղ և շարունակում են ակցիան:

Նրանցից Եղյա Ներսիսյանը դեռևս գտնվում է հիվանդանոցում, ով որովայնի շրջանում վնասվածքներ է ստացել ոստիկաների հետ ունեցած բախումների հետևանքով: Մյուսների վնասվածքներն ավելի թեթև են:



Ապրիլ 30, 2012 at 00:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր