Հանքարդյունաբերական Շամլուղ քաղաքում բնակչությունը կրճատվել է 4-5 անգամ (Լուսանկարներ)

Հանքարդյունաբերական Շամլուղ քաղաքում բնակչությունը կրճատվել է 4-5 անգամ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Չնայած Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործելուն`Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակչությունը կրճատվել է 4-5 անգամ: Եթե մինչեւ Խորհրդային Միության անկումը Շամլուղում ապրում էր մինչեւ 5000 մարդ, ապա հիմա` մոտ 1000 մարդ: Նրանցից 100-ը զբաղված են արդյունաբերության մեջ. աշխատում են Շամլուղի պղնձամոլիբդենային հանքավայրում եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Մի քանի մարդ աշխատում է Ջիլիզայի անտառտնտեսությունում: Կա դպրոց, փոստ, խանութ: Մնացածը օրվա հացն են հայթհայթում օժանդակ տնտեսություններում եւ անտառում, զբաղվում են անասնապահությամբ: Ամենից քիչ զբաղված կոնտինգենտը կանայք են: «Ես միշտ ասում եմ, եթե մեզ մոտ տղամարդիկ չեն աշխատում, ուրեմն չեն ուզում»,- ասում է քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը: Հարցին, թե արդյոք շարունակվում է արտագաղթը ներկայումս, նա պատասխանեց. «Գնացել են 90-ականներին: Ով գնաց, գնաց, իսկ ով մնաց, մնաց: Մարդիկ եկան հանքարդյունաբերության համար` տեխնիկներ, աշխատողներ, ինժեներներ: Մենք հարուստ անտառներ ունենք, լավ պայմաններ կային: Հետո սկսվեց արտագաղթը, իսկ հիմա կանգնեց»:

Քաղաքապետի խոսքերով` քաղաքը Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից ոչինչ չի ստանում: ENPI EAST FLEG 2 ծրագրի աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ շամլուղցիները  ցույց տվեցին իրենց իրավունքների հրաշալի իմացություն. «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում ասված է, որ բնօգտագործման վճարների 15%-ը պետք է փոխանցեն համայնքներին: Եւ նաեւ պետք է փոխանցեն եկամուտի 20%-ը: Բայց մենք ոչինչ չենք ստանում: Բոլորը գնում է Երեւան` բյուջե… Մենք դիմել ենք տարբեր ատյաններ, բայց` ապարդյուն»:

Մեր կողմից նշենք, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն այն ընկերությունների ցանկում է, որոնք նպատակային բնօգտագործման վճարներ են հատկացնում համայնքների բյուջեներ: Այդ համայնքը Ախթալան է: Անհասկանալի է, թե Շամլուղը, որի հարեւանությամբ է հանք, ինչու է մնացել  առանց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գումարի:

Չնայած նրան, որ Շամլուղում տները քաղաքային տիպի են, սակայն ջեռուցվում են փայտով: «Խորհրդային տարիներին էլ գազ չենք ունեցել, չենք հասցրել անցկացնել: Բայց կար կենտրոնական ջեռուցում մազութով: Իսկ հիմա միայն փայտ է»:

Շամլուղի վարչական տարածքի մեջ է մտնում Ջիլիզայի անտառային տնտեսությունը: Այս անտառտնտեսությունն ուշադրության կենտրոնում է, քանի որ այն մուտք ունի նաեւ Վրաստանի կողմից: Մի քանի տարի առաջ հարց բարձրացվեց, թե «մյուս» կողմից անտառը հատում են, եւ Հայաստանի հետ սահմանը, որն անցնում է անտառային սահմանով, փոխվում է: «Նման բան չկա,- ասում է Լենդրուշ Բեժանյանը, ով մի քանի տարի առաջ ղեկավարում էր Ջիլիզայի անտառտնտեսությունը,- Իրենք էլ չգիտեն, թե ինչ են գրում: Վրացական կողմից այնպես են հսկում սահմանը, որ որեւէ մեկը չի համարձակվի նույնիսկ մի ծառ կտրի. կարող է նրա նկատմամբ խիստ սանկցիաներ կիրառեն: Իսկ մենք ընդհանրապես շատ քիչ ենք փայտ օգտագործում, կարող է տարեկան օգտագործենք 10-12խմ»: Հարցին, թե դա ինչպես է ստացվում, երբ հարեւան Շնող գյուղում վառում են 15-20խմ, քաղաքապետը պատասխանեց. «Մեզ մոտ շատ են միայնակ մարդիկ»: «Վառելափայտի մեկ խորանարդ մետրի արժեքը 6000-7000 դրամ է, գնում ենք Թեղուտում»,- ասացին բնակիչները:

 
 
 
 
 
 

Սեպտեմբեր 02, 2015 at 14:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր