

ԷկոԼուր
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանը իրականացնում է ծառատունկ: Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի Կանաչապատման բաժնի գյուղատնտես Սամվել Ալեքսանյանի խոսքով`Րաֆֆու փողոցի երկայնքով տնկվել է 121 հացենի, տնկելու են նաև ծաղիկներ: Ըստ գյուղատնտեսի` կանաչապատվող տարածքը եղել է անմշակ: Սակայն, ի տարբերություն գյուղատնտեսի, ՀՀ քաղաքացի Անի Խաչատրյանը պնդում է, որ տվյալ տարածքում ծառեր են եղել, որոնք այս ձմեռ կտրել են: «Մի քանի ամիս առաջ, ինչքան հիշում եմ, փետրվարի 24-ն էր, կանգառում կանգնած էի, տեսա, որ էստեղ ինչ-որ ծառահատումներ են, մոտեցա, հարցրեցի, թույլտվություն ունեք, ասեցին` մենք կանաչապատման աշխատողներ ենք, ասեցի` կապ չունի, պետք է թույլտվություն ունենաք: Կանգնեցրեցի ծառահատումը, ոստիկանություն կանչեցի, եկան, պարզվեց, որ ոչ մի թույլտվություն չունեն: Դրանից հետո պարզվեց, որ իրանց 1,5 միլիոն տուգանել են,15 հատ ծառ էին կտրել: Ու շարքով մնացել էին մնացած ծառերը... Հիմա չկան... Հիմա պարզվում է, որ էդ ամեն ինչը հեչ, տուգանքը հեչ, Բնապահպանության նախարարության էդ ամեն ինչը հեչ, մեկա իրանք իրանց ուզածը արեցին...Ինչ-որ մեկը արդեն պետք է պատասխանատվություն կրի, սենց չի լինի»,-ասաց Անին:
Նա նշեց, որ հատվող ծառերի մեջ եղել են նաև պտղատու ծառեր, իսկ իր այն հարցին, թե ինչու են դրանք հատում, պատասխանել են, որ բարեկարգում են:
Ի պատասխան հնչեցված մեղադրանքների, աշխատողներից մեկը ասաց, որ չորացած ծառերն են հատվել, իսկ պտղատու ծառերը տեղափոխվել են: Նա
ներկաներին ուղեկցեց այն վայրը, որտեղ պտղատու ծառերը տեղափոխվել են: Այնինչ Անին հավաստիացրեց, որ դրանք այն ծառերը չեն, որոնք եղել են փողոցի վրա, քանի որ վերջիններս ավելի հաստաբուն էին և մոտ 10 տարվա ծառեր էին:
«Ծառերը խոչընդոտում են, խոտը չի աճում, երեխաները մի քանի ցոգոլի համար գալիս, ծառը ջարդում են: Որը հնարավոր էր, տեղափոխել ենք, չորացած մի քանի հատ եղել է, կտրել ենք»,-պարզաբանեց գյուղատնտես Սամվել Ալեքսանյանը:
Մայիս 10, 2013 at 15:31




