Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՔաղաքներ

Կանաչ գոտիների զավթումը Խանջյանում շարունակվում է (Լուսանկարներ)

Yerevan Expansion (Photos)

Yerevan Expansion (Photos) Yerevan Expansion (Photos) Yerevan Expansion (Photos) Yerevan Expansion (Photos) Yerevan Expansion (Photos) Yerevan Expansion (Photos) Yerevan Expansion (Photos)
13:06 Հունիս 18, 2012

ԷկոԼուր

Երկամսյա կարճատեւ լռությունից հետո Երեւանում նոր թափով սկսել են զավթել հանրային տարածքները, կտրել ծառերը շինարարության համար: Խանջյան փողոցում շարունակվում է կանաչ գոտիների զավթումը: Լունապարկի հարեւանությամբ շինարարության համար սահմանազատված է կանաչ գոտի, որտեղ մոտ 10 ծառ կա, եւ շինարարությունն արդեն իսկ սկսված է: Ավելի վերեւում մսաշտաբային շինարարություն է ընթանում, իսկ շինարարության անմիջապես հարեւանությամբ բարդիները չորացել են:

Գրեթե ամեն օր «ԷկոԼուր»-ը Երեւանի տարբեր համայնքների բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում, որ իրենց բակում, այգում, փողոցում  ինչ-որ մեկը ծառ է կտրում, ինչ-որ մեկն ինչ-որ բան է կառուցում: Կառուցում են այն վայրերում, որտեղ ժամանակավորապես դադար էր տրված: Այդ տարածքներն են Նոր Նորքի Գայի արձանի հարեւանությամբ գտնվող այգին, Աջափնյակ համայնքում մի տարածք, որը հարակից է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, բոլորին հայտնի Նալբանդյան 106/1 հասցեի բակը եւ Դալմայի այգիները:   Facebook սոցիալական ցանցով տարածված հաղորդագրությունները ռազմական ահազանգ են հիշեցնում:

Հավանաբար զավթողները, այլ կերպ նրանց չես անվանի, զբաղված էին ընտրություններով: Իսկ հիմա, երբ գլխավոր պաշտոններում հայտնվեցին ծանոթ դեմքեր, ապա կարելի է գործել նախկինի պես, բայց արագ եւ ավելի արագ: Հաջորդ ընտրություններին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, եւ միշտ էլ ավելի լավ է հասցնել մի անգամից զավթել եւ կառուցել:

Ոստիկանները հրաժարվեցին ընդունել քաղաքացիների՝ այգում կառուցապատման դադարեցման դիմումը

www.lurer.com

Նոր Նորք վարչական շրջանի՝ անաղարտ մնացած հազվագյուտ կանաչ տարածքներից մեկի՝ Նանսենի այգու տարածքում շինարարություն է նախապատրաստվում։ Բնակիչները երեկ ահազանգել են, որ այգու մի մասը գիշերով առանձնացվել է որպես շինհրապարակ։ 

Երեկ կեսօրին արդեն հայտնի դարձավ, որ տարածքում պատրաստվում են կառուցել Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան, ի դեպ՝ երկրորդը Երևանում։ Այսօր առավոտյան՝ ոչ աշխատանքային օրով, առավոտից սկսել են փորել առանձնացված տարածքը, և աշխատանքները դադարեցվել են միայն բնակիչների հավաքվելուց հետո։

Բնակիչներից ոչ ոք տեղյակ չի եղել, որ իրենց այգում պատրաստվում են շինարարություն կատարել, մինչդեռ Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրված խնդրանքին՝ դադարեցնել կանաչապատ տարածքում շինարարությունն ու չվտանգել այգին, պատասխանել են. «Մենք կուսումնասիրենք տարածքը և կհետևենք, որ կանաչ տարածքը չտուժի, ինչ վերաբերում է թանգարանին, ապա կառուցապատման որոշումն արդեն կայացված է, ընդ որում երկար ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում: Այգին չի վտանգվում, ընդամենն ավելանում է մեկ մշակութային փոքրիկ օջախով, որը համահունչ է այգու խորհրդին՝ Նանսենի անվան բարեկամության պուրակ, իսկ Նանսենը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է»։

Այսօր տարածքում հավաքված և բողոքող բնակիչներին մոտենալով՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության վաշտի հրամանատար Մովսիսյանը հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում, իսկ երբ նրան խնդրեցին արգելել ոչ աշխատանքային օրով շինարարական աշխատանքները, որպեսզի վաղվանից սկսած դիմեն վարչական շրջանի ղեկավարին և փորձեն այդ ճանապարհով լուծել հարցը, նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ «այգու մեջտեղում շինարարություն են անում, ո՞նց կարող  առանց լիցենզիայի լինի կամ ղեկավարությունը տեղյակ չլինի»։

Ի դեպ, բանվորներն ասացին, որ շուտով նոր աշխատողներ են գալու՝ փորման աշխատանքները շարունակելու համար;

Իսկ շինհրապարակի վրա փակցված նախագծի համաձայն՝ այգում կառուցվելու է քարե շրջանաձև շինություն։ Թե այն իր արտաքին ձևավորմամբ ինչքանով է համահունչ այգուն՝ կարող եք եզրակացնել ինքներդ։

Անօրինակ խայտառակություն

Lragir.am

Այսօր՝ հունիսի 16-ին, հայ քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի տարեդարձն է: Այօր նա կդառնար 89 տարեկան: Քանդակագործ Չուբարյանը Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ և­ ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանի որդին էր: Նրա հեղինակած բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ նրա կերտած «Մեսրոպ Մաշտոցը», որը Մատենադարանից նայում է դեպի Մաշտոցի պողոտա, պարզապես ազգային մշակութային խորհրդանիշ է դարձել:

Հոբելյանական այս օրը Նալբանդյան 106/1-ի կառուցապատող հանդիսացող «Ավագ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ ՀՀ իշխանությունների, և մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության լուռ համաձայնության պայմաններում, ներխուժեցին Չուբարյանների սեփական բնակելի տան հարակից տարածք, որտեղ գտնվում է Ղուկաս Չուբարյանի արվեստանոցն ու այգին, և որոշեցին երկաթե ցանկապատով առանձնացնել դրա մի հատվածը՝ բարձրահարկ էլիտար շենքերի շինարարության նպատակով:

Դեպքը հուզեց ոչ միայն Չուբարյանի կնոջն և դստերը, այլև շենքի մյուս բնակիչներին, ինչպես նաև Երևանի բազմաթիվ գիտակից քաղաքացիների: Այս հարցում հստակ է, որ ՀՀ իշխանությունները առաջնորդվում են խորհրդային ռեպրեսիվ, զավթողական մեթոդներով, որոնց պայմաններում Չուբարյանների հողատարածքը արդեն մեկ անգամ կրճատվել էր՝ տրամադրվելով ՆԳՆ նախկին մանկապարտեզին: Այսօր՝ անվանի քանդակագործի տարեդաձի առթիվ, փոխանակ պատկան մարմինները իրենց իսկ նախաձեռնությամբ և պահպանելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով հղված Կենտրոնի գոտիավորման նախագծի սահմանումները՝ աջակցեին անվանի գործչի ժառանգներին հիմնելու Չուբարյանի անվան մշակութային կենտրոն, նրանք, ընդհակառակը, խլում են այդ տարածքը և խախտելով օրենքը՝ հատկացնում այն Նալբանդյան 106/1-ի կառուցապատողին:

Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում հայ արվեստի, կրթության և լուսավորության բնագավառում մեծ վաստակ ունեցող գործիչների սեփականության զավթման առնչությամբ: Սա գնահատում ենք որպես մի անօրինակ խայտառակություն Հայաստան երկրի և հայ ժողովրդի համար, և գտնում ենք, որ այդ խայտառակության համար պատասխանատվություն են կրում հենց պատկան մարմինները:

Խստիվ դատապարտում ենք այն փաստը, որ քաղաքային իշխանությունները արտոնում են Երևանի կենտրոնի գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեություն՝ կոպտորեն խախտելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի դրույթները:

Քրեորեն պատժելի այս գործունեության թե՛ կարգադրիչները և թե՛ կատարածուները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հասարակության առջև մեկ առ մեկ ճանաչվեն որպես հայ մշակույթի գործիչների հիշատակն անարգող անձինք, որոնց փոխարինումը համարում ենք քաղաքաշինության ոլորտի համակարգային զարգացման թիվ մեկ նախադրյալ:

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Փրկենք հուշարձանները» նախագիծ

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպություն