Երեւանի քաղաքապետին չի գոհացրել ենթակաների պարզաբանումը Ամիրյան 2-ի շինության քանդման վերաբերյալ

Երեւանի քաղաքապետին չի գոհացրել ենթակաների պարզաբանումը Ամիրյան 2-ի շինության քանդման վերաբերյալ

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պահանջել է պարզաբանել փետրվարի 20-ին մայրաքաղաքի Ամիրյան 2 հասցեում մեկնարկած երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման շուրջ առաջացած աղմուկն ու հստակեցնել խնդիրը: «Այնպիսի տպավորություն է, թե վերջին շրջանում քաղաքային իշխանության համապատասխան ծառայություններն ընդհանրապես չեն կարողանում ճիշտ աշխատել, ինչն իր հերթին բերում է հանրության արդարացի դժգոհությանը: Մայրաքաղաքի հուշարձան շենքերի և, առհասարակ, հին Երևանի պահպանման հարցում մեր համաքաղաքացիների կողմից վստահության ակնհայտ պակաս կա քաղաքային իշխանությունների նկատմամբ, ինչը կարող եմ գնահատել որպես ձեր խիստ թերի աշխատանքի հետևանք: Ու այս մասով մենք շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր համաքաղաքացիների վստահությունը: Իսկ դրան հնարավոր է հասնել բացառապես համապատասխան ծառայությունների կոշտ դիրքորոշման և ակտիվ գործունեության շնորհիվ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետին զեկուցվել է, որ արտաքին գործերի նախարարության շենքից դեպի ձախ գտնվող, 1896 թվականին կառուցված արական գիմնազիայի երկհարկանի հուշարձան շենքի պահպանված ճակատամասին կից 1980-ական թվականներին կառուցվել է երկհարկանի կցակառույց, որը չհանդիսանալով հուշարձան շենքի մաս, նախանշվել է որպես ապամոնտաժման ենթակա հատված: Պատասխանատուները նաև նշել են, որ հուշարձան չհանդիսացող կցակառույցի պահպանման հարցը բազմիցս քննարկվել է մասնագիտական շրջանակներում, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարությունում, և հուշարձան շենքի ճակատային մասի ընդգծման և արժևորման նպատակով, հավանություն է տրվել ապամոնտաժել հուշարձան չհանդիսացող կցակառույցի հատվածը: Նաև նշվել է, որ այս պահին տվյալ աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, մինչև հարցը լրացուցիչ ևս մեկ անգամ քննարկվի մշակույթի նախարարության հետ:

Ներկայացված պարզաբանումն, այնուամենայնիվ, չի գոհացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով նկատել է, որ հանրությանը պետք է նախապես իրազեկել Երևանում իրականացվող քաղաքաշինական այս կամ այն լուծումների մասին՝ տարընկալումներից զերծ պահելով իրականացվող գործընթացները:

Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Լուսանկարը վերցված է www.a1plus.am կայքից:

Փետրվար 23, 2016 at 11:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր