ԷկոԼուր
Մարտի 4-ին տեղի ունեցավ «Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունված որոշումը և իրականացման հեռանկարները» թեմայով Կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հինգերորդ նիստը: Այն անցկացվեց ընդլայնված ձևաչափով՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների և քաղաքապետերի մասնակցությամբ:
«Փարիզյան համաձայնագրի հիմքում դրված հիմնարար սկզբունքն այն է, որ ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները պետք է սահմանափակվեն այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանը չգերազանցի 2 աստիճանը և, ավելին, ձգտի 1.5 աստիճան: Այդ գործընթացը բավականին բարդ է, և մենք միայն համատեղ ուժերով կարող ենք դա ապահովել՝ պետական մարմինները, մասնավոր հատվածը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը և, անշուշտ, միջազգային համագործակցության օգնությամբ», - ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Առաջնահերթ որ ոլորտներում պետք է իրականացնել ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակում և կրճատում: Ի պատասխան այս հարցի ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասաց. «Առաջին հերթին արտադրական ձեռնարկություններն են, բայց տարբերակում որպես այդպիսին, կարծում եմ, պետք չէ նշել, որովհետև մենք գնում ենք հիմնական խնդրի լուծման: Մենք պետք է կարողանանք խնդիրներն այնպես դնել, որպեսզի համաչափորեն նվազեցնենք ջերմոցային գազերի արտանետումները»:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով ստեղծվել է Կանաչ հիմնադրամ, որի նպատակն է զարգացող երկրներին ցուցաբերել համապատասխան ֆինանսական, տեխնիկական և տեխնոլոգիական աջակցություն կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: «Մենք հնարավորություն կունենանք օգտվել այդ հիմնադրամից և մեր տնտեսությունը զարգացնել ավելի արդի տեխնոլոգիաներով: Այսօրվա դրությամբ մենք արդեն այդ ուղղությամբ իրականացնում ենք քայլեր», - նշեց նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նիստի ժամանակ զեկույցով հանդես եկան ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի հիմնադիր նախագահ Մուշեղ Թումասյանը: Մանրամասները ԷկոԼուրի հաջորդ հրապարակումներում:
Մարտ 04, 2016 at 19:43