Ջրպետկոմը ջրային անվտանգության հարցը պատրաստվում է լուծել ջրամբարաշինարարությամբ և ջրային ռեսուրսների կուտակմամբ

Ջրպետկոմը ջրային անվտանգության հարցը պատրաստվում է լուծել ջրամբարաշինարարությամբ և ջրային ռեսուրսների կուտակմամբ

ԷկոԼուր

Ամբողջ աշխարհում տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում, գոլորշիացման ավելացում: Բնակլիմայական ոչ հուսադրող պայմանները չեն անտեսի նաև Հայաստանի Հանրապետությունը: Արդեն իսկ բոլոր գործողությունները միտված են այդ խնդիրների կանխարգելմանը, և առաջիկայում բոլոր ծրագրերը ուղղված են գետային հոսքերի ամբարմանը և ջրամբարաշինարությանը:  Այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում մարտի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման խնդիրները, ըստ Մհեր Մկրտումյանի, հիմնականում պայմանավորված են սեզոնայնությամբ և ջրային ռեսուրսների անհավասարաչափ տեղաբաշխմամբ: «Մեր ունեցած ջրային ռեսուրսները հիմնականում կենտրոնացված են հարավային և հյուսիսային մասերում, ոռոգման համար անհրաժեշտ ռեսուրսները կենտրոնացված են Արարատյան դաշտում: Հիմնական խնդիրը (կապված ոռոգման հետ) Արմավիրի տարածաշրջանում է, Արագածոտնի մարզում` Թալինում»,- ասաց Մհեր Մկրտումյանը: 

«Այս տարի  Ախուրյանի ջրամբարը 20 միլիոն խմ-ով պակաս է, Արփի լիճը 1 միլիոն խմ-ով պակաս է: Այսօրվա դրությամբ Ազատի և Ապարանի ջրամբարներն անցյալ տարվա համեմատ համարյա նույն լցվածությունն ունեն, Ապարանի ջրամբարն անցյալ տարվա համեմատ 1 միլիոն խմ-ով ավելի քիչ է լցված, Ազատի ջրամաբարը  նույնպես 1 միլիոն խմ-ով քիչ է  լցված: Բայց եղանակային պայմանները, ձյան ծածկույթը հուսադրող են, և կանխատեսումները հույս են տալիս, որ ամեն ինչ պետք է լավ լինի»,- նշեց Մհեր Մկրտումյանը:

Ջրային անվտանգության ապահովման համար, ըստ Մհեր Մկրտումյանի, ներկայումս Ջրպետկոմը նախատեսում է իրականացնել 4 խոշոր ջրամբարաշինական ծրագրեր՝ Վեդի, Կապս, Եղվարդ, Մաստարա:

«Արդեն իսկ իրականացվել են գործողություններ` Կապսի ջրամբարը` KfW բանկի ֆինանսավորմամբ, որը նախատեսվում է այնպես կառուցել, որ 25 միլիոն խմ-ից հասնի 60 միլիոն խմ-ի: Վեդին՝ Ֆրանսիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Եղվարդի ջրամբարը՝ 90 միլիոն խմ ծավալով, նախատեսվում է կառուցել Ճապոնիայի կառավարության աջակցությամբ», - ասաց Մհեր Մկրտումյանը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



Մարտ 23, 2015 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր