ԷկոԼուր
ԷկոԼուրը սկսել է միջոցառումների շարք` մամուլի ասուլիսներ, կլոր սեղաններ, հրապարակումներ` նվիրված Հայաստանի էներգետիկ, ջրային, պարենային, գյուղատնտեսական անվտանգությանը: Մենք անհանգստացած ենք այն վատ կանխատեսումներով, որոնք սպառնում են մեր երկրին գլոբալ տաքացման արդյունքում: Թեպետ մենք չենք կարող էապես ազդել այդ գլոբալ գործընթացի վրա, բայց խելամիտ կառավարման դեպքում կարող ենք պատրաստ լինել այդ բացասական փոփոխություններին և կանխարգելել ամենածանր սոցիալական, տնտեսական, էկոլոգիական և առողջապահական վտանգները: Հայաստանի անվտանգության թեման արդեն իսկ արծարծվել է «Հայաստանի անվտանգությունը, գլոբալ տաքացումը եւ եղանակի կանխատեսումները», «Ջրի համաշխարհային օր, ջրային անվտանգություն, Սեւանա լիճ» մամուլի ասուլիսների ընթացքում եւ ««Հայաստանի տարածքի 43 տոկոսը ենթարկվում է անապատացման». ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող», «Հայաստանը սեփական էներգառեսուրսներով ապահովում է իր պահանջարկի միայն 8.32 տոկոսը», «Հայաստանը գլոբալ տաքացման առումով գերազանցում է մյուս երկրներին», «Սպիտակը եւ Վայքը պարտավորվում են մինչև 2020 թվականը 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազի արտանետումները», «Հայաստանում ոռոգման ջրի պահանջարկը 3 անգամ ավելի է, քան խմելունը», «2014թ-ի համեմատ Սեւանա լճի մակարդակը իջել է 7 սանտիմետրով», «Ջրպետկոմը ջրային անվտանգության հարցը պատրաստվում է լուծել ջրամբարաշինարարությամբ և ջրային ռեսուրսների կուտակմամբ»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 24, 2015 at 12:04