Հայաստանում ջերմաստիճանի բարձրացումը եւ տեղումների պակասը կհանգեցնեն էկոհամակարգերի դեգրադացման

Հայաստանում ջերմաստիճանի բարձրացումը եւ տեղումների պակասը կհանգեցնեն էկոհամակարգերի դեգրադացման

ԷկոԼուր

Ի՞նչ է սպասվում Հայաստանի էկոհամակարգերին կլիմայի փոփոխության արդյունքում: Այս հարցին «Էկոհամակարգերի խոցելիությունը` պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ անդրադարձավ ՄԱԶԾ/ԳԷՖ «ՄԱԿ ԿՓՇԿ-ի ներքո Հայաստանի երրորդ ազգային զեկույցի նախապատրաստում» ծրագրի խոցելիության և հարմարվողականության ավագ փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը: Դիտարկելով էկոհամակարգերի վիճակը ջերմաստիճանի բարձրացման եւ տեղումների կրճատման սցենարով` Գեորգի Ֆայվուշը նշեց, որ տեղի կունենա պայմանների փոփոխություն. «Այն վայրերի պայմանները, որտեղ այժմ տեղակայված են ալպյան  մարգագետինները և գորգերը, կհամապատասխանեն ենթալպյան մարգագետինների պայմաններին: Ենթալպյան գոտիներում կձևավորվեն տափաստանային պայմաններ: Այնտեղ, որտեղ այժմ մարգագետնատափաստաններ են, կլինեն զուտ տափաստանային պայմաններ: Այնտեղ, որտեղ տափաստաններ են, տափաստանները կմնան, բայց պայմանները կհամապատասխանեն տափաստանների ավելի չոր տարբերակի: Ահա այս պայմաններով տեղի կունենա տարածքների փոփոխությունը, որոնք այժմ զբաղեցված են այդ հիմնական էկոհամակարգերով: Այսինքն, մեզ մոտ տեղի կունենա որոշ տարածքների ավելացում, իսկ որոշ տարածքներ կփոքրանան… Ամենակարևորը, որ միգրացիայի ենթարկվել էկոհամակարգերը չեն կարող, այլ կարող են միայն առանձին տեսակները: Պայմանների նման փոփոխությունը անպայման կհանգեցնի ժամանակակից էկոհամակարգերի դեգրադացման»,- իր խոսքում մասնավորապես ասաց Գեորգի Ֆայվուշը եւ նշեց, որ պետք արդեն այսօր փնտրել եղանակներ առանձին տեսակների պահպանման համար:  

Նա նաեւ առաջարկեց գիտականորեն հիմնավորված կարգավորել մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա: «Էկոհամակարգերի մեծ մասը կարիք ունեն ներկայումս մարդու ազդեցության: Դա հատկապես վերաբերում է  խոտային էկոհամակարգերին: Արդեն հիմա մենք տեսնում ենք, ինչպես են շատ վայրերում մեզ մոտ անհետանում ալպյան գորգերը՝ վերածվելով ալպյան մարգագետինների: Դա առաջին հերթին կապված է արածեցման պակասի հետ, եւ խոտաբույսերին փոխարինելու են գալիս գեղեցիկ ծաղկող, բայց ոչ ուտելի տեսակներ: Անտառային էկոհամակարգերի համար. եթե անտառին ձեռք չտաս, ապա ներկայիս էկոհամակարգը կփոխվի, և, հավանաբար, անտառը կվերածվի մի բանի, որն անգամ չի կարելի վայրի անտառ անվանել: Այսինքն, որոշակի ազդեցություն ներկայումս պետք է լինի»: 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

 Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



Հունիս 01, 2015 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր