Դիանա Հարությունյան` անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի անտառների գույքագրում

Դիանա Հարությունյան` անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի անտառների գույքագրում

ԷկոԼուր

Անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի անտառների գույքագրում: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում  տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում և ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասաց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը: «Անտառի ճիշտ կառավարման համար հիմնական փաստաթուղթն անտառգույքագրման փաստաթուղթն է, որի հիման վրա էլ մշակվում  են անտառկառավարման պլանները, որոնք 10 տարվա ընթացքում ունեն վերանայման կարիք: Անտառգույքագրումն իրականացվում է հստակ մեթոդաբանությամբ և անպայմանորեն պահանջում է դաշտային աշխատանք, հատուկ տեխնիկական միջոցներ և այլն:  Այսինքն, չի կարելի արբանյակային նկարներ անել եւ դա համարել գույքագրում: Երբ մենք կազմում ենք ջերմոցային գազերի կադաստր, ամենամեծ թերությունն այն է, որ մենք միշտ կադաստր կազմելուց չունենք հնարավորություն՝ գնահատելու մեր անտառի վերաճը, տեսակային և դասային կազմը մեր անտառի պաշարը` որպես ածխաթթու գազի կուտակիչ: Մինչև հիմա մենք 1993թ. անտառգույքագրման թիվն ենք օգտագործում: Եթե մենք ուզում ենք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային  կոնվենցիայի ներքո անտառների հետ կապված ծրագրերի համար ֆինանսական միջոցներ ներգրավել, ապա պետք է ունենանք տվյալներ»,- իր ելույթում մասնավորապես ասաց Դիանա Հարությունյանը:

Դիանա Հարությունյանը կոչ արեց բնապահպանական ոլորտի ծրագրերին աջակցող դոնորներին նպաստել Հայաստանի անտառների համատարած գույքագրման իրականացմանը: Իր կողմից նա խոստացավ. «Կլիմայի փոփոխության ազգային զեկույցի պատրաստման հաջորդ ծրագրում հիմնավորել որոշակի գումարի տրամադրում անտագույքագրման գործի մեջ  լումա ունենալու համար»:

Կլոր սեղանին մասնակցում էին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Ղուրշուդյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Զիկատար» պետական արգելավայրի պետ, ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան մասնաճյուղի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը, WWF-Հայաստանի Անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի  Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Օգոստոս 07, 2015 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր