Տեղադրվել են բարձր արդյունավետության էներգախնայող լուսատուներ

Տեղադրվել են բարձր արդյունավետության էներգախնայող լուսատուներ

ԷկոԼուր

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի 18 համայնքներում փողոցային հին լուսատուները փոխարինվել են բարձր արդյունավետությամբ, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի փակմանն այս մասին ասաց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի հիմնական նպատակն էներգախնայողության խթանումն էր քաղաքային տնտեսությունում: Մենք ունեինք 70-ական թթ. տեղադրված նատրիումական լամպեր, որոնք 20 տարի չէին էլ փոխվել կամ փոխարինվել էին ավելի անորակ լամպերով: Հին տեխնոլոգիան սպառել էր իր հնարավորությունները: Հիմա դրանք փոխարինել ենք նոր լուսադիոդային լուսատուներով: Առավելությունն այն է, որ դրանք էներգախնայող են»,-ասաց Հարությունյանը:

Ծրագրի շրջանակում իրականացվել է մոտ 59 կմ փողոցային լուսավորության արդիականացում 18 համայնքերում: Ընդհանուր առմամբ տեղադրվել են 2990 լուսադիոդային լամպեր, որոնք ապահովում են տարեկան 1986 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա կամ 89 մլն դրամի տնտեսում և մոտ 100 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատում: Տեղադրված լուսադիոդային համակարգերն ապահովել են առնվազն 60 տոկոս արդյունավետություն, առանձին դեպքերում՝ մինչ 80 տոկոս:  Տեղադրված նոր տեխնոլոգիաները բավականին թանկարժեք են: Առաջին ծրագրի ժամանակ լուսատուների գնման համար ամբողջությամբ ֆինանսավորել է ՄԱԿ-ը, իսկ տեղադրման ծախսերը հոգացել քաղաքը: Երկրորդ ծրագրի համար գումարի 50 տոկոսը ստացվել է  առաջին ծրագրի տնտեսումներից: Եվ հետագա ծրագրերը բոլորն իրականացվել են ՄԱԿ-ի՝ միայն տեխնիկական աջակցությամբ։

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը սկսել են իրականացնել 2014-ից: Դրանում ներգրավված են եղել միջազգային փորձագետներ, ովքեր ուղեցույցներ են տվել: Գայանե Հարությունյանի խոսքով՝ լուսատուները գնելիս որակի շատ խիստ պահանջներ են դրվել: Խնդրել են, որ որակը ստուգվի լաբորատորիայում, երաշխիքը լինի առնվազն 5 տարի: «Առաջինը լուսատուները տեղադրվել են Երևանի Իսակովի պողոտայում: Առաջին որակյալ ծրագիրը նոր հեռանկար բացեց, քաղաքային իշխանությունների մեջ վստահություն առաջացրեց: Ծրագրի շնորհիվ արդեն վստահություն կա, և քաղաքներն արդեն բյուջետային ու վարկային միջոցներով անում են նման ծրագրեր, քանի որ արդեն տեսել են դրա առավելություններն ու տնտեսական օգուտները: Մենք նաև գնահատել ենք, որ նման փողոցներում ավտովթարները նվազել են 20 տոկոսով»,-նշեց Հարությունյանը:

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրն իրականացվել է ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ: Ծրագրի հիմնական գործընկերներն են եղել Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի 17 այլ քաղաքներ:

Դեկտեմբեր 19, 2018 at 16:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր