Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը

ԷկոԼուր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը:

Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է:
Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրային կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդացությունների աճով: Հայաստանն անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից:

Հայաստանի Հանրապետության Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության համաձայն` 1935-2012թթ. ընթացքում տարեկան միջին ջերմաստիճանը աճել է 1.030C-ով, ինչը գերազանցում է երկրագնդի ջերմաստիճանի միջին ցուցանիշը: Վերջին տասնամյակներում Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել են: Ավելացել է ցրտահարության դեպքերի թիվը, հորդառատ տեղումներով և կարկուտով օրերի թիվը: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից գյուղատնտեսությանը պատճառած վնասը 2009-2013թթ. կազմել է 72.71 միլիարդ դրամ (մոտ 177 մլն ԱՄՆ դոլար):

Վերջին տարիներին Հայաստանի տարածքի զգալի մասում տեղի են ունենում սողանքային ակտիվ դրսևորումներ, ինչն արտահայտվում է փոփոխվող արտաքին, այդ թվում` օդերևութաբանական գործոնի ճնշման ներքո: Հայաստանի 233 համայնք վնասվել է սողանքներից: Քարաթափումներից տուժող բնակավայրերի թիվը հասել է 45-ի:

Հայաստանի ողջ տարածքում դիտվում է տաք ջերմային ալիքների օրերի թվի և տևողության ավելացում: Շոգ եղանակներին բնակչության մահվան դեպքերի գերակշռող մասը սիրտ-անոթային հիվանդություններն են: Հայտնաբերվել է նաև շնչառական համակարգի հիվանդություններից մահացության դեպքերի հաճախականության ավելացում:

Մասնագետների դիտարկած սցենարով կանխատեսվում է, որ Հայաստանում տարեկան միջին ջերմաստիճանը 2100 թվականին կաճի 4.7 0C-ով, գետային հոսքը մինչև 2100 թվականը կնվազի 37.8%-ով: Կնվազի մշակաբույսերի բերքատվությունը, ոռոգման համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 202 միլիոն մ3 ջուր: Բնական գոտիների կառուցվածքային փոփոխությունների պատճառով կաթի արտադրությունը կպակասի 52.4 հազար տոննայով, մսի արտադրությունը՝ 15.1 հազար տոննայով, բրդի արտադրությունը՝116.4 տոննայով:

2015 թ-ի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունեցին Կլիմայի փոփոխության նոր Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը ևս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը՝ պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 միլիոն տոննայի սահմաններում և անտառապատվածությունը մինչև 2050թ-ը հասցնել 20.1 տոկոսի, իրականացնել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողություններ:

17:55 Մայիս 15, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news