
ԷկոԼուր
Մինչև 2050 թ-ը Հայաստանը պլանավորել է պահպանել ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ 630 միլիոն տոննայի սահմաններում: Հայաստանը պարտավորվում է չգերազանցել մեկ անձի համար սահմանված 2,5տ ջերմոցային գազերի արտանետումների թույլատրելի սահմանը մինչև 2050 թվականը, իսկ այնուհետև նաև կաշխատի նվազեցման ուղղությամբ մինչև 2տ: Այս մասին նոյեմբերի 26-ին կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Ասուլիսը Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (WWF- Հայաստան) նոյեմբերի 30-ին Փարիզում մեկնարկելիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովին /ՄԱԿ-ի COP21/ ընդառաջ: Ասուլիսին բացի ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան և WWF- Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
ՀՀ բնապահպանության նախարարը նշեց, որ Հայաստանի ներկայացրած ծրագիրը ստացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության հավանությունը, սակայն կան մտահոգություններ` այս հարցում այլ երկրների կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ: «Ոչ բոլոր երկրներն են համաձայն այն առաջարկության հետ, որը եղել է քարտուղարության կողմից: Կան երկրներ, որոնք այս ծրագրից շեղվում են և ցանկություն չունեն ընդունելու այն առաջարկությունը, որը ներկայացնում է քարտուղարությունը, ըստ որի, ջերմաստիճանը պետք է բարձրանա մինչև 2 աստիճան: Շեղվելու դեպքում տեղի կունենա ոչ թե 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացում, այլ 3 կամ ավելի», - ասաց Արամայիս Գրիգորյանը և ընդգծեց, որ ամեն դեպքում Հայաստանն իր ներկայացրած ծրագրից չի շեղվելու:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտնեց, որ չնայած նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած սարսափելի դեպքերի, այդուհանդերձ որոշվել է անցկացնել Փարիզում նախատեսվող համաժողովը:
«Համաժողովը պետք է կայանա, քանի որ շատ մեծ նշանակություն ունի երկրագնդի և մարդկության զարգացման համար՝ հաշվի առնելով հանրության վրա կախված կլիմայի փոփոխության սպառնալիքները: Մենք դժվարությունների առջև ենք կանգնում անվտանգության տեսանկյունից, այդուհանդերձ 195 երկիր ներկայացված է լինելու կոնֆերանսին 10-օրյա ժամկետով», - ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Խոսելով փարիզյան կոնֆերանսի սպասելիքներից՝ դեսպանը նշեց. «Ակնկալում ենք, որ բոլոր պետությունները կստորագրեն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ՝ գլոբալ և հավակնոտ, ըստ որի գլոբալ տաքացումը պետք է նվազեցնել մինչև 2 աստիճան»:
«Փարիզյան համաժողովը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ ինչպես Բան Կի Մունն է ասել՝ գոյություն չունի երկրորդ երկրագունդ, որտեղ կկարողանանք տեղափոխվել: Մենք ունենք մեկ երկրագունդ, - շեշտեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան և հավելեց, - Հայաստանի համար, որպես ծովի ելք չունեցող և համախառն ներքին արդյունքի մեծ մասը գյուղատնտեսությունից ստացող երկիր, կլիմայի փոփոխությունը մեծ նշանակություն ունի: Այստեղ 1930-ական թվականներից ի վեր ընդհանուր առմամբ 1 աստիճանով բարձրացել է ջերմաստիճանը, իսկ տեղումները նվազել են 10 տոկոսով»: Նա նշեց, որ ՄԱԿ-ը Հայաստանի կառավարության հետ համատեղ տարբեր ծրագրերի միջոցով, մասնավորապես կապված էներգախնայողության հետ, փորձել է աջակցություն ցուցաբերել կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ:
Փարիզյան համաժողովի վերաբերյալ Կարեն Մանվելյան ներկայացրեց WWF-Հայաստանի դիրքորոշումը: «Հիմնական նպատակն է անտառները նույնպես ներառել այդ համաժողովի աշխատանքների փաստաթղթերում, քանի որ այն հանդիսանում է ածխածնային ցիկլի կարևոր բաղկացուցիչ մաս», - նշեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Մամուլի ասուլիսին հաջորդեց «Կլիմայի փոփոխությունն ու դրա առաջացրած վտանգները կենսաբազմազանության համար» խորագրով ցուցահանդես-աճուրդ, որը կազմակերպել էր WWF- Հայաստանը:
16:52 Նոյեմբեր 27, 2015