ԷկոԼուր
18.600 հեկտար համայնքային անտառներ կադաստրային քարտեզներում նշված են որպես այլ հողատեսքեր: Մինչդեռ ոչ անտառային հողային կատեգորիաների 13.200 հեկտար տարածքը քարտեզագրվել է որպես անտառ: Այս թվերը վերաբերում են Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հյուսիս-արևելյան լեռնային անտառներին: Խնդիրը բարձրաձայնեց «Զիկատար» պետական արգելավայրի պետ, ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արևելյան լեռնային անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում և ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում:
Անդրանիկ Ղուլիջանյանը նշեց ինտեգրված հողերի և անտառային ռեսուրսների կառավարման հիմնական խոչընդոտները:
Առաջին խոչընդոտը ինտեգրված հողերի և անտառային ռեսուրսների կառավարման պլանավորման, կարգավորման և ինստիտուցիոնալ ոչ պատշաճ շրջանակն է: Ներկայումս, էկոհամակարգային ծառայությունների, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանության և համայնքի կողմից ռեսուրսների օգտագործման ներուժի գործոնները հաշվի առնված չեն անտառկառավարման պլանավորման գործընթացում:
Անտառային ռեսուրսների կառավարման մասին որոշումները կայացվում են առանց ռեսուրսային բազայի՝ ներառյալ կենսաբազմազանության ու էկոհամակարգային արժեքների հաշվի առնման:
«Անտառածածկի և ռեսուրսների վերաբերյալ համայնքների վարչական տարածքների կադաստրային և անտառշինական քարտեզագրական տվյալների միջև կան շատ անհամապատասխանություններ: Մեր կողմից Տավուշի և Լոռու մարզերի 134 համայնքների նախկին վարչական սահմանների քարտեզագրական նյութերի ուսումնասիրության արդյունքներով անճշտությունների մակարդակը կազմում է մոտ 31800 հեկտար, ընդ որում համաձայն անտառկառավարման պլանների` մոտ 18.600 հեկտար անտառներ կադաստրային քարտեզներով նշված են որպես այլ հողատեսքեր, մինչդեռ անտառկառավարման պլաններով նշված 13200 հեկտար ոչ անտառային հողատեսքեր քարտեզագրվել են որպես անտառներ»,- ասաց Անդրանիկ Ղուլիջանյանը: Ներկայացված անճշտություններում բանախոսը հիմնականում դիտավորություն չի տեսնում, և համարում է մասնագիտական ոչ բավարար կարողության արդյունք: Ասածի պարզաբանման համար նա նշեց, որ հիշյալ տարածքների համայնքների նախկին վարչական սահմաններում 2002-2004 թվականներին սկզբնական փուլում կանխատեսվել են միայն գյուղատնտեսական հողատեսքերի քարտեզագրում, այնուհետև իրականացնող կազմակերպություններին առաջադրանք է տրվել քարտեզագրել նաև վարչական տարածքների անտառային հողատեսքերը, ինչը իրականացվել է շատ սեղմ ժամկետներում առանց անտառային մասնագետների մասնակցության, ինչն էլ հանդիսացել է նշված անճշտությունների պատճառը: Խնդիրը համապատասխան կառույցներում քննարկվել են և վերջին 7-8 տարիներին ՀՀ կառավարության կողմից հանրապետության հողային հաշվեկշռի հաստատման համապատասխան որոշման մեջ առանձին կետով հանձնարարական է տրված ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարներին` կառավարման պլանների պատրաստման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
Երկրորդ խոչընդոտը կառավարության և քաղաքացիական հասարակության հիմնական շահագրգիռ կողմերի շրջանակներում՝ անտառների կայուն կառավարման կիրառության մշակման և իրականացման համար մինիմալ փորձի առկայությունն է:
Հաջորդը` անտառային աշխատանքների կառավարմանը և պահմանմանը մասնակցելու՝ տեղական համայնքների համար խթանների և արտոնությունների պակասն է: Անդրանիկ Ղուլիջանյանը նշեց, որ անտառկառավարման պլանները հիմնականում մշակվում են տեղական համայնքների ու շահագրգիռ կողմերի աննշան մասնակցության պայմաններում: Տեղական համայքները գրեթե ներգրավված չեն անտառկառավարման, անտառվերականգնման կամ արոտավայրերի կառավարման աշխատանքներում:
Մյուս խոչընդոտը ֆինանսական բավարար միջոցների բացակայությունն է: 2001-2014թթ. պետբյուջերից անտառային ոլորտին հատկացվող ֆինանսավորման և անտառային ոլորտի սեփական եկամուտների վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2006 թվականը դեռևս անգերազանցելի է մնում այն առումով, որ բյուջետային և սեփական եկամուտների գումարը միասին կազմել է 1 միլիարդ 877 միլիոն դրամ, այն դեպքում, երբ 2014թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1միլիարդ 312 միլիոն դրամ:
Անդրանիկ Ղուլիջանյանը կանգ առավ նաև անտառվերականգնման խնդիրների վրա, նշելով որ ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային անտառներում» ծրագրի շրջանակներում Տավուշի և Լոռու մարզերի 11 անտառային տնտեսություններից, ծրագրի հնարավորություններից ելնելով, անտառվերականգնման միջոցառումներ են իրականացվելու միայն 6 անտառտնտեսություններում՝ 3-ը Լոռիում և 3-ը Տավուշում, ընդհանուր 4932 հեկտար տարածքում: Հիմնականում նախատեսվում են պահպանության տեսանկյունից առավել խոցելի տարածքների ցանկապատման և բնական վերաճին նպաստման, կոճղաշիվային վերականգնման և այլ բնապահպանական գործողություններ:
Որպես կարևոր միջոցառում նշեց Նոյեմբերյանի անտառտնտեսութլան անտառածածկ տարածքներում դպրոցական անտառապետության ստեղծման ծրագիրը: Նպատակը` դպրոցականների մոտ սերմանել հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, բարձրացնել բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ նրանց տեղեկացվածության մակարդակը, արդյունքում` անտառի մասնագիտության նկատմամբ ձևավորել հետաքրքրություն, ապագայում համալրելու անտառի մասնագետների շարքը: Նա նշեց, որ մինչև 1990-ական թվականները խորհրդային երկրում գործել են շուրջ 9000 դպրոցական անտառպետություններ, որոնցում ներգրավված են եղել մոտ 430000 աշակերտներ: Հայաստանում դպրոցական անտառպետություններ ստեղծվել են 5-6 անտառտնտեսություններում, նույն թվում Նոյեմբերյանի անտառտնտեսությունում:
Դպրոցական անտառապետության համար նախատեսվող տարածքը, ընդհանուր մակերեսով 332 հեկտար, առանձնանում է շատ հարուստ կենսաբազմազանությամբ, անտառային պտուղ հատապտուղների առատությամբ, ինչպես նաև ռեկրեացիոն բարձր պոտենցիալով /պատմամշակութային կոթողներ, բնական աղբյուրներ,որոնք պարբերական խնամքի կարիք են զգում և այլն/:
Աշակերտները կիրականացնեն անտառպահպանության, անտառվերականգնման` հատկապես բնական վերաճին օժանդակման, երիտասարդ անտառի խնամքի, սերմերի և պտուղ հատապտուղների հավաքի, ինչպես նաև պատմամշակութային կոթողների և աղբյուրների շրջակայքի մաքրության ապահովման և այլ աշխատանքներ: Աշակերտների կողմից իրականացված որոշ աշխատանքների դիմաց կտրվի փոխհատուցում:
Տարածքում ամառային երիտասարդական ճամբարի ստեղծումը կնպաստի էկոդաստիարակության և բնապահպանական իրազեկության մակարդակի բարձրացմանը:
Ծրագրի ներդրումներով կցանկապատվի տարածքը, աշակերտների համար ձեռք կբերվեն համապատասխան հագուստներ և անհրաժեշտ գործիք-սարքավորումներ, կիրականացվեն գործնական ուսուցումներ և բնապահպանական միջոցառումներ: Ծրագրի կարևոր արդյունքը` տարածքի պտուղ հատապտուղները կհավաքվեն աշակերտների կողմից, կիրացվեն, իսկ ֆենանսական միջոցները կմուտքագրվեն դպրոցների արտաբյուջետային հաշիվներում:
Կլոր սեղանին մասնակցում էին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Ղուրշուդյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Զիկատար» պետական արգելավայրի պետ, ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան մասնաճյուղի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը, WWF-Հայաստանի Անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Հուլիս 29, 2015 at 11:28