Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԵրկխոսություն պաշտոնյաների հետ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ` ԲԱՆԱՍՏԵՂԾ ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

CLIMATE CHANGE – PERSONAL VIEWPOINT BY POET VIOLET GRIGORYAN
Հունվար 28, 2011

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխության վերաբերյալ մեր հաջորդ հարցազրույցը բանաստեղծ, էսսեիստ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր եւ նույնանուն գրական ակումբի հիմնադիր անդամ, Հայաստանի գրողների միության անդամ Վիոլետ Գրիգորյանի հետ է:

Հայաստանում եւ ընդհանուր առմամբ աշխարհում ի՞նչ էկոլոգիական խնդիրներ են Ձեզ ամենից շատ անհանգստացնում:


Երեւի չարժե էկոլոգիական խնդիրները միայն տեղայնացրած դիտել ու անջատել ընդհանուր կոնտեքստից: Մենք անհաղորդ կղզիների վրա չենք ապրում: Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա ու ծածկված ենք նույն օզոնե «վերմակով», որ ճղճղվում է: Հնարավոր չէ այդ «վերմակը» մեկս մյուսի վրայից քաշքշել ու ապահով քուն մտնել. մոլորակի խնդիրները բոլորիս են վերաբերում: Բնություն ասածը մարդու գործունեության, մարդու ակտիվության հետեւանքով փոխակերպվել է: Բնությունը ինտերակտիվ կապի մեջ գտնվող օրգանիզմների մի ամբողջ ցանց է, եւ հնարավոր չէ պատկերացնել, որ մի վայրում եղած փոփոխությունը, մի բանի պակասելը կամ ավելանալը ազդեցություն չի թողնի մի այլ վայրի վրա: Ինչպես թռչնագրիպի վիրուսին, էնպես էլ էկոլոգիական աղետներին մուտքի վիզա պետք չի` Հայաստան մտնելու համար:

Հայաստանի համար հատկապես կարեւոր է ջրի հարցը: Առանց այդ էլ ջրի սակավություն ունեցող Հայաստանում Սեւանը մեռնող լիճ էր, իսկ Սովետի ժամանակ Սեւանը ցամաքեցնելու պետական ծրագիր կար` տեղը այգիներ ստեղծելու նպատակով: Փառք Աստծո, որ այդ ծրագիրը չիրականացավ, եւ հետագայում Սեւանի փրկության ծրագրեր մշակվեցին: Լճի վերանալը միայն ջրի պրոբլեմ չէ, որ առաջացնում է, դա ազդում է ողջ միկրոկլիմայի վրա, կենդանական աշխարհի վրա, ձկնատեսակների վրա: Հուսանք, որ հիմա կհաջողվի Սեւանը փրկել:

1997թ. Միացյալ Նահանգներում էի: Գրադարանում մի հաստ գիրք կար Հայաստանի թռչունների մասին: Մեկը հիացած նայում էր, ես կատակով ասացի` դրանց մեծ մասին մենք արդեն մութ ու ցուրտ տարիներին կերել ենք: Հիմա այդ գրքի փոխարեն Կարմիր գիրքն է օրեցօր ավելի հաստանում: Մենք ուղղակի սպառում ենք բնությունը եւ քիչ միջոցներ ենք ձեռնարկում վնասածը վերականգնելու համար: Սակայն ժամանակակից աշխարհում խնդիր կա այդ ռեսուրսները օգտագործելու դիմաց վերարտադրությունը խթանելու մեխանիզմներ ունենալ:

Հայաստանը կարող է հայտնվել երրորդ աշխարհի երկրների կարգավիճակում, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն: Սովետի ժամանակ Հայաստանի արդյունաբերականացումը, քիմիական գործարանները հասարակական հսկողության ենթակա չէին, հիմա ինչ-որ հասարակական կազմակերպություններ ու շարժումներ են առաջացել, որ փորձում են դիմադրել պետության, իշխանավորների կողմից հովանավորվող այն բիզնես ծրագրերին, որ զուտ կապիտալի շահերով են կողմնորոշվում` անտեսելով էկոլոգիական հարցերը: Նման շահագործմանը մասնակցում ու դեռ ավելի շատ կարող է մասնակցել նաեւ միջազգային կապիտալը` երկիրը վերածելով գաղութացվող երրորդ աշխարհի, շահագործման օբյեկտի ու վտանգավոր արդյունաբերական թափոնների զիբիլանոցի: Դրա դեմն առնելու համար հարկավոր են պաշտպանական մեխանիզմներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը որոշակի գիտակից քաղաքականություն է ենթադրում:

Բնությունը եւ շրջակա միջավայրը ոգեշնչու՞մ են Ձեզ Ձեր ստեղծագործական աշխատանքում:

Իմ վաղ գործերում կա բնությունից օտարվածության թեման: Օրինակ, «Օտարացում» վերնագրով բանաստեղծությանս մեջ պատմում եմ, թե ինչպես եմ բնությանը հաղորդակցվում գրքերի, կինոների, նկարների միջնորդավորվածությամբ: Անծանոթ, տարօրինակ ծաղիկներին ու բույսերին հանդիպում եմ միայն բանաստեղծությունների մեջ իբրեւ բառեր, կամ իբրեւ օծանելիք, որ վրաս եմ ցանում: Վայրի գազաններ, անտառներ ու ժայռերը տեսնում եմ նկարներում, կինոյում տեսնում եմ ջրվեժ, հրաբուխ եւ այլն: Եվ քաղաքային մկնիկի ապահով դիստանցիայից հիանում եմ դրանցով: Որպեսզի հանդիպես բնությանը, եթե դեռ հնարավոր է այդ բառն օգտագործել ամբողջովին յուրացված ու վերամշակված միջավայրի այսօրվա աշխարհում, պիտի մեքենա նստես ու երկար գնաս, մինչեւ հասնես հատուկ բնության ներկայացման համար ստեղծված «թատրոն», ուր բնությունը խաղում է ինքն իրեն: Սա էր բանաստեղծությունս:

Սովետի փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո, պատերազմի, երկրաշարժի, սովի, ցուրտի ու մութի տարիներին, քաղաքական հուսախաբություններից առաջացած դեպրեսիվ տրամադրությունների, հանրային կյանքի ու տարածքների վերացման պայմաններում մահվան թեման, որ մինչ այդ կենսախինդ իրոնիայով էր հայտնվում իմ գրականության մեջ, դրամատիզացվեց, եւ բնության խորհրդանշաններն անձնավորվեցին ու հայտնվեցին բանաստեղծություններիս մեջ` գրավելու ոչնչացված հանրային կյանքի տեղը.
«Նշանաբանը դուք միայն գիտեք,
ծառիկ ու ջրիկ, քարիկ, բզեզիկ,
մի քիչ կողմ քաշվեք, ինձ էլ տեղ տվեք,
ձեր կողքին կենամ` հեզ, համակերպիկ»:         
Կամ`
«Համ էլ կսազեր դագաղում պառկել`
քիթս վեր տնկած` խիստ, արհամարհկոտ:
Բայց դեռ կարող եք ինձ այստեղ պահել,
մի քիչ ջանացեք, գինի՛, քամի՛, խո՛տ»:
Կամ`
«Խոտերի համայնք, ես քեզ` խոտացու,
քո հաշվին ապրել շնորհ արա ինձ», եւ այլն:

Կլիմայի փոփոխության մասին խոսում են քաղաքական գործիչները, գիտնականները, կանխագուշակում են աղետներ: Արդյոք զգու՞մ եք Դուք այդ փոփոխությունները, եւ հատկապես ինչու՞մ են դրանք նկատելի:


Ժամանակակից աշխարհում մարդիկ, անհատները չեն կարողանում մասնակցել շատ հարցերի քննարկմանը, նրանց մասնակցությունը իմիտացիա է: Վերջերս WikiLeaks-ը բացահայտեց այդ իմիտացիան քաղաքականության մեջ, նույնը նաեւ էկոլոգիայի դեպքում է: Մասնակցությունը` ինչ, նույնիսկ տեղեկացվածությունը պատրանք է: Տեղեկատվական ահռելի հոսքերը, տեքստերն ու պատկերաշարերը ուղղակի արագորեն սահում են մեր աչքերի առաջ ու անհետանում` առանց վերլուծման, առանց կապակցվելու, ճանաչողություն դառնալու: Եվ այս պայմաններում հաստատվում է փորձագետների իշխանությունը: Էկոլոգիայի դեպքում նույնպես մենք ուղղակի կրկնում ու արտացոլում ենք փորձագետների մտահոգությունները, ինքներս ուսումնասիրելու, հետազոտելու, ստուգելու հնարավորություն չունենք, ուրեմն` կարող ենք մանիպուլյացիաների ենթակա լինել: Դրանից խուսափելու համար, մենք պետք է ժամանակ տրամադրենք հնարավորինս տարբեր ու անկախ աղբյուրների ծանոթանալու, ինչը դժվար է:  «Անզեն» աչքով մենք նկատում ենք կլիմայի փոփոխության նշանները, եղանակների հերթագայության խախտումը, ամռանը ձյուն է գալիս, ձմռանը գարնանային եղանակ է լինում, խախտվում է նաեւ եղանակների աշխարահագրությունը, անձմեռ վայրերում ավելի լիարժեք ձմեռ է լինում, քան ձմեռային տարածքներում, Հայաստանում, օրինակ, վերջերս պտտահողմ եղավ, ինչը արտառոց էր մեզ համար, բնության տարերքները ակտիվանում են ամենուրեք, եւ այլն: Բայց թե այս ամենը ինչի՞ հետեւանք են` եզրակացնել չենք կարող, օզոնի ճեղքերի հետազոտության համար նույնիսկ մասնագետ գիտնական լինելը բավական չէ, պետք է նաեւ հնարավորություն ունենալ օգտվելու գիտահետազոտական կենտրոնների հսկայական ռեսուրսներից: 

Ինչպե՞ս կարող են արվեստն ու մշակույթն իրենց ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանման գործում:


Արվեստը յուրահատուկ լեզու է, եթե արվեստը փորձի, օրինակ, բնապահպանական թեմաներ շոշափել ուղղակիորեն, ոչ իր լեզվով, կարող է հայտնվել անհեթեթ, ծիծաղելի վիճակում: Այսինքն` կամ կլինի մասնագիտորեն ոչ ադեկվատ, ոչ համոզիչ, կամ էլ` բարոյախրատական քարոզ, լուսավորչական մեսիանիզմ, ինչը նույնպես հեռու է արվեստ լինելուց: Ժամանակակից աշխարհում հսկայական բազաներով հստակ սահմանված դիսցիպլիններ կան, եւ արվեստը նրանցից ոչ մեկի ֆունկցիոնալ համարժեքը չէ, նա ստեղծում է ուրիշ լեզու, որով կարելի է խոսել նաեւ բնապահպանության մասին: Այդ ուրիշ լեզվի եւ արվեստագետի գործունեության շնորհիվ մասամբ հաղթահարվում է փորձագետների իշխանությունը եւ հնարավորություն է տրվում իր ձայնը փնտրել, դիրքորոշումն ընտրել կամ հորինել բոլորովին նորը: Էկոլոգիայի դեպքում հետաքրքիր օրինակ է գերմանացի արվեստագետ Ջոզեֆ Բոյսը, ում արվեստի ակտիվությամբ է առաջացել Կանաչների կուսակցությունը:

Որքանո՞վ եք Դուք անձամբ պատրաստ փոխելու Ձեր կենսակերպը, որպեսզի պահպանեք բնությունը:

Կարծում եմ` մի քիչ երեսպաշտություն կա նման հարցադրման մեջ, երբ իշխանություն ունեցողների եւ մեծ կապիտալի մակարդակում լուծվելիք խնդիրները իջեցվում են անհատական mea culpa-ի հարթություն: Դա շեղում է բուն քաղաքական նշանակության հարցից. մի կողմում, օրինակ, մեծահարուստների ու պաշտոնյաների համագործակցությամբ հսկայական անտառներ են վերանում, մյուսում` մի երկու թշվառ մի երկու ծառ են կտրում: Եվ նման պայմաններում էկոլոգիան անհատական բարոյական հարց դարձնելը նշանակում է աղավաղել խնդիրը: Էկոլոգիան քաղաքական հարց է:

Ես մի դառը փորձ ունեմ, 92, թե 93 թ., ինչպես ասում են «ցուրտ ու մութ տարիներին» մեր պատշգամբի դիմաց մի օր մեր հարեւաններից մի երկուսն սկսեցին ծառ կտրել: Այդ ծառերը տարիներով խնամում էր հայրս, եւ էնքան հոգատար, որ կարծում էին` տարածքում աշխատող պահակն է: Ես զանգեցի քաղաքապետարան ու բողոքեցի: Եկան, էդ կտրողներին բռնեցին, ծառերը փրկվեցին, բայց մինչեւ հիմա չեմ մոռանում սղոցը ձեռքին լացող պատանուն, որ, ինչպես հետո իմացա, որբ տղա էր: Ես կարծում էի` խիզախ քայլ եմ անում. Հայաստանում, ուր ծառի համար քաղաքապետարան զանգելը ասոցացվում է «գործ տալու» հետ, հավանաբար ստալինյան օրերից մնացած վերհուշ, երբ հարեւաններն իրար վրա մատնագիր էին գրում, իմ զանգով հարեւանների աչքից ընկնելու եւ վարկաբեկվելու գնով ուզում էի քաղաքացիական կեցվածքի նախադեպ ու օրինակ ստեղծել, ուզում էի փրկել հորս խնամած ծառերը, բայց արդյունքում որբ տղան հեկեկալով արդարանում էր չինովնիկի առաջ, իսկ տանը երեւի ցրտից դողացող քույրիկները սպասում էին, որ ապերիկը փայտ բերի` վառեն, մի քիչ տաքանան: Էդ դեպքից հետո ես հասկացա, որ մարդն էլ ծառ է` փխրուն ու խոցելի: Եվ մեղավորը ոչ թե ծառ կտրող տղան է, այլ պետությունը, որ նրան էդ վիճակին է հասցնում:



Առնչվող նյութեր