Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Մոլորակն ընտրում է. աշխարհում մնալու են բարոյական ազգերը. բնապահպաններ

Environmentalists: Planet Selects – Only Moral Nations to Survive
14:08 Ապրիլ 27, 2011

Tert.am

Հիմա մոլորակն ընտրում է` որ ազգերն են մնալու, որոնք են ոչնչանալու. մնալու են բարոյական ազգերը: Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: «1988-ի հայերը մնալու հնարավորություն ունեին, հիմիկվա հայերը` ոչ: Վրաստանից, երբ մտնում ես Հայաստան, քեզ դիմավորում են թափոնները»,- նշեց նա:

Ըստ Դանիելյանի՝ ամբողջ էկոհամակարգը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ, և երբ փոխվում է մի տարր, ամբողջ համակարգը փոխվում է այնպես, որ վերականգնի հավասարակշռությունը: «Եթե մի ժամանակ դա խախտում էին դինոզավրերը և ոչնչացան, ապա հիմա` մարդիկ են: Ինձ համար սա այս աշխարհի վերջն է` սպառող, նյութականի մեջ ինքնահաստատվող, անտարբեր աշխարհի վերջը, և նոր աշխարհի` մոլորակը գնահատող աշխարհի սկիզբն է: Մոլորակն ու տիեզերքը կարիք ունի բարոյական մարդու» ,- ասաց նա:

Բնապահպանը հաղորդեց, որ 2012թ. տեղի է ունենալու համաշխարհային բնապահպանական գիտաժողով` «Իրականացնենք» և «Մեկ կենդանի երկիր մոլորակ» կարգախոսներով` հիշեցնելով, որ եթե 1992թ. մեծ ոգևորություն էր տիրում, թե բոլոր ճանապարհները հայտնի են և շուտով լուծվելու են բոլոր բնապահպանական խնդիրները, հիմա արդեն ամեն ինչ այնքան է խառնվել, որ որևէ բան կանխատեսելը գրեթե անհնար է: «Այն տպավորությունն էր, որ գիտությունը, բնապահպաններն ահազանգում են, որ ամեն բան վատանում է, իսկ պետությունները զեկուցում էին, թե՝ ինչ է պատահել որ, ամեն բան լավ է: Եվ հասանք այստեղ»,- ասաց նա:

Ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի` բնական ռեսուրսների սպառումը մոլորակի մեծագույն խնդիրն է. «Քաղցրահամ մի շիշ ջուրը շատ երկրներում ավելի թանկ է, քան նավթն ու բենզինը»,- ասաց նա` հաղորդելով, որ մենք ունենք ջրի աղտոտման զարհուրելի ցուցանիշ:

Հայաստանում կա 135 մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր, որի մի զգալի մասը Սևանա լիճն է, որտեղ թափվում են քսանից ավելի գետեր և գետակներ, սակայն, ըստ բնապահպանի, դրանց ուսումնասիրությունը ևս հուսահատեցնող տվյալներ է արձանագրում: «Ուր գնում ենք, պլաստիկե տոպրակների ենք հանդիպում. դա էժան է արտադրման համար, բայց բոլորովին էժան չի նստում մեր բնության մաքրության վրա»,- ասաց Զարաֆյանը:
Ողջի, Դեբեդ, Ախթալայի գետերի մասին խոսելիս նա նշեց, որ դրանց ջուրը ոչ միայն աղտոտված է կոյուղաջուր հիշեցնելու աստիճան, այլև «կարելի է այստեղ ձեռքը վառել, քանի որ ջուրը որոշ տեղերում հիշեցնում է ծծմբական թթու»:

Զարաֆյանն առաջարկում է հանքեր շահագործողներին պարտավորեցնել լուծել թափոնները վերացնելու հարցը։ Նրա կարծիքով՝ դրանց ոչնչացման թանկությունը շահագործողին կստիպի մտածել նման ծրագրեր իրականացնելուց առաջ: «Ռեսուրսների սպառման քաղաքականությունը պետք է լիովին վերանայվի,- եզրափակեց նա՝ հեռակա դիմելով բնապահպանության նախարարին. «Խնդրում ենք, հիշեք, որ դուք բնապահպանության նախարար եք, և դուք ոչ միայն պետք է փող աշխատեք հետևանքները բուժելով, այլև պահպանեք մեր բնությունը»:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը խոսեց կենդանական աշխարհի պոպուլյացիայի խախտման մասին. «Այն, որ գայլերը կորցրել են իրենց միջավայրը` սննդային, բազմացման, սերնդի դաստիարակման, նրանց մղում է դեպի մարդկային միջավայր, որովհետև դրանք կորցրել են իրենց տեղը: Մեր դաշտերը լցված են կրծողներով, քանի որ մենք վերացրել ենք այն կենդանիներին և թռչուններին, որ սնվում էին կրծողներով: Հիմա էլ մենք ուզում ենք դրանց դեմ պայքարել թունաքիմիկատներով։ Խնդրելով ու պահանջելով` հորդորում եմ մեր բնական ռեսուրսները տնօրինել խելամիտ»,- նշեց Ադամյանը:

Նա պատմեց վերջերս արտադրված «Ծովախորշ» ֆիլմի մասին: Այստեղ ներկայացվում է Ճապոնիայի ափերին հարյուրներով սպանվող դելֆիններ, որոնց արյունով ներկվում են ջրերը. «Ջրերը միայն կարմիր գույնն ունեին, ու այստեղ տառապանքով մեռնում էին հարյուրավոր կենդանիներ: Ես վախով եմ ասում, բայց գուցե այդ դելֆինների ճիչն էր, որ այսօր Ճապոնիայում այս աղետն է»,- ասաց Ադամյանը:

Հայաստանի կեսը կդառնա հանք, մյուս կեսն էլ` պոչամբար
Արփինե Սիմոնյան, Առավոտ

 Ահազանգում են բնապահպանները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընդերքօգտագործման արտոնագիր ունի մոտ 500 հանք շահագործող կազմակերպություն: Կառավարությանը մտահոգել է այն, որ հանքերի մեծամասնությունն այսօր գործում է ոչ օրինական դաշտում՝ շահագործելով գյուղատնտեսական նշանակության հողեր: Կառավարության որոշմամբ՝ այսուհետեւ հողերի սեփականատերերն եւ ընդերքշահագործողները հնարավորություն կունենան ավելի կարճ ժամկետներում (առավելագույնը՝ 2 ամսում) փոխել հողերի կատեգորիան:

«Եղած հանքերը շահագործելը հասկանալի է, նոր հանքերի տրամադրումը՝ կործանարար: Ավելի լավ է՝ եղած պոչամբարները մշակեն ու որպես երկրորդական հումք օգտագործեն, ոչ թե նպաստեն նոր հանքերի ավելացմանը: Այսպես եթե շարունակվի, Հայաստանի կեսը կդառնա հանք, մյուս կեսն էլ՝ պոչամբար: Ակնհայտ է, որ կառավարության նոր որոշումը ընդլայնելու է հանքօգտագործման գործընթացը: Սա հարված է ե՛ւ տուրիզմի, ե՛ւ գյուղատնտեսության զարգացմանը, ե՛ւ երկրի գոյատեւմանը, նաեւ՝ բնակչության առողջությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Կառավարության այն որոշումը, որով, եթե տեղական ինքնակառավարման մարմինները ինչ-ինչ պատճառներով ձգձգեն ստացված դիմումների ընթացքը, ապա հողերի կատեգորիան կփոխվի առանց նրանց համաձայնության, տիկին Դանիելյանի գնահատմամբ, տեղական իշխանությունների իրավունքների կոպիտ խախտում է:

«Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ համոզված է, որ հողերի կատեգորիան կարճ ժամկետում փոխելու հնարավորությունը հանքերն ավելի անվերահսկելի է դարձնելու. «Համայնքը հողերը շահագործման հանձնելու դիմաց չնչին գումարներ է ստանալու, բայց արդեն չի կարողանալու վերահսկել շահագործողին: Սուբյեկտն ինչ ուզի՝ անելու է այդ հողի վրա: Հանքօգտագործողները հեշտությամբ կփոխեն հողի կատեգորիան ու ավելի անխնա կօգտագործեն՝ աջ ու ձախ թափելով թափոններ: Գյուղատնտեսությանը հասցվող վնասներն են մեծանալու»: Ու եթե կառավարությունն իր այս որոշումը հիմնավորում է համայնքներին հասցված վնասների վերականգնմամբ՝ մեկնաբանելով, թե ընդերքօգտագործողները մինչ այսօր վարձակալական վճարը մուծել են կադաստրային արժեքին համապատասխան՝ մեծ վնասներ հասցնելով համայնքային բյուջեներին, ապա տիկին Զարաֆյանը վստահ է. «Շատ համայնքներ սկսելու են դժգոհել, որ նույնիսկ առանց իրենց համաձայնության հողի կատեգորիան փոխվելու է: Համայնքը ինքը պետք է որոշի՝ նպատակահարմա՞ր է փոխելը, արդյունաբերության համար օգտագործելը: Սա շատ վատ որոշում է, որը օգտակար է միայն հանքօգտագործողներին»:

Հանքարդյունաբերությամբ զբաղվող «Մանանա սթոուն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանն էլ «Առավոտին» ասաց, որ հանք շահագործելու համար ձեռք բերվող լիցենզիան արդեն իսկ բավականին ծախսատար ու ժամանակատար է. «Իմ կարծիքով՝ հողի կատեգորիայի փոփոխությունը պետք է մտնի լիցենզիոն գործընթացի մեջ: Գործարարն ի՞նչ գործ ունի այդ որոշումների հետ: Չէ՞ որ դրանք պետական խնդիրներ են: Տվե՞լ են մեզ հանք շահագործելու իրավունք, ուրեմն հողի իրավունքն էլ հետը միասին պետք է տրվի: Այս դեպքում միայն հեռու կմնանք թե՛ քաշքշուկներից, թե՛ կոռուպցիոն ռիսկերից»: Պարոն Նիկողոսյանի խոսքով, օրենքի համաձայն, հանք շահագործման իրավունքը ձեռք բերելու համար 3 ամիս է հարկավոր, բայց փորձը ցույց է տալիս, որ համայնքները շատ դանդաղ են աշխատում, ու թույլտվությունը ամիսներ է տեւում. «Ավելորդ քաշքշուկներ, ծախսեր, բայց այս որոշումն էլ, կարծում եմ, ոչինչ չի փոխի. գործընթացը արագացնելու համար պետք է փոփոխությունները լիցենզիոն գործընթացում ներառեին»:

Տնտեսագետ Հարություն Մեսրոպյանն էլ կարծում է, որ Հայաստանում շատերը հանքարդյունաբերության մոլուցքով են տառապում: «Բոլոր ռեսուրսները ուղղակի շահագործում ենք, ինչի արդյունքում անհամաչափ հարկային մուտքեր են լինում, անհամաչափ՝ աղտոտում, պոչեր է, որ առաջանում են: Մի քանի կոպեկ բյուջե է գալիս, բայց միլիարդներ է, որ կորցնում ենք, հողերն էլ՝ փչացնում»: Նրա կարծիքով՝ հողերի կատեգորիայի փոփոխության հարցը բարձրացնելու փոխարեն՝ կառավարությունը պետք է հանքարդյունաբերությունը կրճատի:



Առնչվող նյութեր