ԷկոԼուր
Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի COP21 համաժողովի նախօրեին` նոյեմբերի 26-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությունն ու դրա առաջացրած վտանգները կենսաբազմազանության համար» խորագրով ցուցահանդես-աճուրդ: Կազմակերպիչը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF-Հայաստան) էր: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացնող լուսանկարներ, որոնք հիմնվել են Գերմանիայի աջակցությամբ:
«Հայաստանն ունի առանձնահատուկ կենսաբազմազանություն, բայց այն վտանգված է: Այդ իսկ պատճառով Բնության համաշխարհային հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին 2002 թ-ից հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ծրագրերի միջոցով փորձում է պահպանել այդ կենսաբազմազանությունը: Հատուկ պահպանվող տարածքները նախկին 10 տոկոսի համեմատ ներկայումս կազմում են Հայաստանի 13 տոկոսը: 2009 թ-ից Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի կառավարության աջակցությամբ հիմնվեց «Արփի լիճ» ազգային պարկը, որն առաջին անդրսահմանային ազգային պարկն է, սահմանակից է Վրաստանի կողմից «Ջավախեթի» ազգային պարկին: Հայաստանի հարավում նույնպես մի շարք պահպանվող տարածքներ են հիմնվել՝ «Արևիկ», «Զանգեզուր», «Խուստուփ»: Նաև ծրագիր ենք իրականացրել` Կովկասում էկոմիջանցքների ստեղծման հետ կապված», - ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
«Հայաստանը պետք է հպարտ լինի իր ունեցած լանդշաֆտով ու պարկերով և պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի դրանք: Այս ցուցահանդեսը կազմակերպվել է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, ով միշտ կարևոր գործընկեր է համարվել Գերմանիայի կառավարության համար», - նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, շնորհակալություն հայտնելով Գերմանիայի դեսպանատանը նման միջոցառում կազմակերպելու հարցում ցուցաբերած աջակցության համար, նշեց, որ սա ցուցահանդես-աճուրդ կազմակերպելու առաջին փորձն է, և որ աճուրդի ողջ հասույթը փոխանցվելու է «Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածքին: «Գնիշիկը համայնքային պահպանվող տարածքի յուրահատուկ մոդել է, որի օրինակը կարելի է տարածել նաև հանրապետության այլ համայնքներում ևս»,- նշեց Կարեն Մանվելյանը:
Նոյեմբեր 27, 2015 at 17:07