25 տարվա ընթացքում Արարատ լեռան սառցադաշտը կրճատվել է 2,5 քառակուսի կիլոմետրով

25 տարվա ընթացքում Արարատ լեռան սառցադաշտը կրճատվել է 2,5 քառակուսի կիլոմետրով

ԷկոԼուր

«Արարատ լեռան վրա սառցադաշտը 8 քառակուսի կիլոմետր էր 100 տարի առաջ, ընդամենը այս 20-25 տարվա մեջ կրճատվել է` 5,5 քառակուսի կիլոմետր է»,- այս մասին մայիսի 15-ին ԷկոԼուր մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Այս ցուցանիշը պայմանավորված է Հայաստանում ընթացող կլիմայի փոփոխությամբ եւ ջերմաստիճանի բարձրացմամբ:  «Եթե միտումները ցույց էին տալիս մինչեւ 1998 թ-ը, որ ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0,4 ստիճանով, ապա մինչեւ 2007 թ-ը միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,85 աստիճանով,  այսօր արդեն մինչեւ 2011թ. միտումները ցույց են տալիս, որ միջին ջերմաստիճանը մեր հանրապետությունում բարձրացել է 1,03 աստիճանով: Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում միշտ քննարկվել է, թե որտեղ է այդ վտանգավոր շեմը, որտեղից հետո արդեն անդառնալի փոփոխություններ կարող են լինել երկրագնդի կլիմայական համակարգի համար: Այսօր դա որոշվել է, որ 2 աստիճանն է այն վտանգավոր շեմը, որ գլոբալ ջերմաստիճանը միջինը բարձրանա: Իսկ այսօր գլոբալ ջերմաստիճանը բարձրացած է 0,7 աստիճանով»,- իր խոսքում ասաց մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանում կլիմայի ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը:

Ըստ բանախոսների, կանխատեսումների համաձայն, Հայաստանի ջերմաստիճանը պետք է բարձրանար 1,3 աստիճանով մինչեւ 2030 թվականը, սակայն 2011թ. արդեն գրանցվել է այդ ցուցանիշը:

«Մենք նկատել ենք տենդենց, եթե գլոբալը ինչ-որ չափով բարձրանում է, երկրագնդի տարբեր շրջանում տարբեր ռեակցիա է տեղի ունենում: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր մոտ միշտ մի 30%-ով ավելի է ջերմաստիճանը հետո բարձրանում: Այսինքն` գլոբալը բարձրացել է 0.7 աստիճան, Հայաստանում 1 աստիճանն անցել է: Դա նշանակում է, եթե տենդենցը ճիշտ է, մոդելը ճիշտ է, ապա 2 աստիճան սահմանագիծը եթե դրված է, ուրեմն մեր մոտ կլինի 3 աստիճան: 3 աստիճանը Հայաստանի համար բավականին վատ է: Կլիմայական գոտիները լեռնային երկրներում ուղղաձիգ գոտիականությամբ են ձեւավորվում, 3 աստիճանը նշանակում է ուղղաձիգ ուղղությամբ կլիմայական գոտիների փոփոխություն 300մ: 300 մետրը բավականին մեծ թիվ է»,- ասաց Արամ Գաբրիելյանը:

 Ըստ Արամ Գաբրիելյանի` պետք է հարմարվել կլիմայի փոփոխութան հետ, որովհետեւ, եթե ընդհանրապես արտանետումներ չլինեն, ջերմաստիճանը, միեւնույնն է, չի կարգավորվելու: «2 աստիճանն արդեն այն ջերմաստիճանն է, որ եթե այլեւս չբարձրանա էլ, այսինքն` արտանետում չեք անում, ապա ծովում կուտակված CO2-ը կսկսի արդեն մթնոլորտ դուրս գալ: Հարց տվեցին, եթե արտանետում չանենք, ամեն ինչ տե՞ղը կգա, ոչ, նախ, այդքանը կմնա, շատ դժվար է հետ գալու, բայց կարեւորն ինչ է, որ օվկիանոսն արդեն 17սմ բարձրացել է արդեն այս կարճ ժամանակաշրջանում: Իներցիան բերելու է նրան, որ եթե դադարեցնեք էլ, միեւնույնն է, ծովը 1 մ բարձրանալու է»,- ասաց Արամ Գաբրիելյանը: Սակայն սա չի նշանակում, որ պետք է շարունակել նույն տեմպով արտանետումները: Դիանա Հարությունյանն ասաց, որ  մարդկային գործունեությունը պետք է մաքսիմալ նվազեցվի, եւ արտանետումները պետք է 80%-ով նվազեցվեն այսօրվա արտանետումների մակարդակից: «Բայց ոնց բաշխել արտանետումների չափաբաժինները երկրների մեջ, այ դա է շատ քաղաքականացված»,- ասաց Դիանա Հարությունյանը:



Մայիս 16, 2013 at 17:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր