Բնապահպանության նախարարությունը մտադիր է Սեւանա լճի ավազանում անտառածածկն ընդլայնել

Բնապահպանության նախարարությունը մտադիր է Սեւանա լճի ավազանում անտառածածկն ընդլայնել

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը մտադիր է Սեւանա լճի ավազանում անտառածածկն ընդլայնել: Այս հարցը քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում խորհրդի նիստում: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հետաքրքրվել է խորհրդի անդամներից, թե Սևանա լճի ավազանում անտառածածկ տարածքների ընդլայնումն իրականացնելու ժամանակ ինչպիսի ծառատեսակներ և մեթոդաբանություն է պետք ընտրել, որպեսզի ապահովվի բարձր կպչողականություն և աշխատանքների արդյունավետություն:

Գիտատեխնիկական խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների  դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը հայտնել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզն ամենասակավանտառն է /տարածքի 3 տոկոսն է անտառապատ/: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը 2012թ. նոյեմբերի 15-ին ընդունել է  «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին»  N 1441-Ն որոշումը: Ծրագրի հիմնական նպատակն է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, ինչի համար անհրաժեշտ պայման է նաև Սևանա լճի  ավազանի անտառածածկ տարածքների ընդլայնումը: Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև լճի մակարդակի բարձրացման հետևանքով իրականացված ջրածածկ անտառային շերտի մաքրման աշխատանքների արդյունքում դրանց ծավալների կրճատումով: Ծրագրով նախատեսվում է 2014-23թթ. ընթացքում իրականացնել 1094,5 հա տարածքում անտառային տարածքների վերականգնում:

Բանախոսը տեղեկացրել է, որ «Կլիմա Իստ պիլոտային ծրագիր, Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները  ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի վարչական տարածքում համայնքային կառավարման 18,2 հա և «Սևան» ազգային պարկի կառավարման 15 հա տարածքներում նոր անտառների հիմնման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: 6 հեկտար տարածքի վրա արդեն ավարտվել են «Սևան» ազգային պարկի»  կողմից իրականացված ծառատունկի աշխատանքները: Ընտրվել են պտղատու ծառերի տնկիներ, որպեսզի բացի բնապահպանական խնդիրներից, լուծվեն նաև հարակից համայնքների սոցիալական խնդիրներ: Նման առաջարկություն է եղել նաև համայնքների կողմից, այդ պատճառով ընտրվել են անտառային տանձենու և խնձորենու, սովորական սալորենու, բալենու, ընկուզենու և վայրի ծիրանենու տնկիներ: Գիտատեխնիկական խորհրդի անդամներին տեղեկացվել է, որ «Սևան» ազգային պարկի կառավարման 15 հա տարածքներում նոր անտառների հիմնման աշխատանքներին զուգահեռ, ցանկապատվել է նաև նախկինում տնկված դեղին ակացիաների անտառային շերտը, ինչի արդյունքում տեղի է ունեցել բնական անտառվերականգնում, որը կապահովի լրացուցիչ 10 հեկտար անտառային տարածք:

Անդրանիկ Ղուլիջանյանը բարձրացրել է նաև խորհրդային տարիներին մեծ խտությամբ տնկված սոճու անտառների խնդիրը: Վերոհիշյալ անտառներում ծառերի մեծ մասը չորացել են, իսկ հրդեհի դեպքում ծառերի խտության պատճառով անհնար կլինի հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել: Բանախոսը հայտնել է, որ նոսրացման աշխատանքներն անհրաժեշտություն են: Գիտատեխնիկական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ նոսրացման աշխատանքները պետք է սկսվեն միայն մասնագիտական հիմնավորված եզրակացություն տրամադրելուց, բոլոր ծառերը համարակալելուց հետո և գործընթացը պետք է թափանցիկ անցկացվի քաղաքացիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների համար: Նախարարը ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարել է, հաշվի առնելով վերոհիշյալ առաջարկները, մշակել և նախարարի հաստատմանը ներկայացնել սանիտարական էտի նախագիծ:

Անդրանիկ Ղուլիջանյանը խորհրդի քննարկմանն է ներկայացրել Սևան-Դիլիջան մայրուղու ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածի անտառազուրկ լինելու խնդիրը, այն դեպքում, երբ Տավուշի մարզի հատվածում այն ամբողջովին անտառապատ է: Նախարար Գրիգորյանը,  կարևորելով մարզում անտառապատման նոր տարածքների ընդլայնումը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարել է «Սևան» ազգային պարկի հետ համատեղ ուսումնասիրել ոռոգման և տնկիների ձեռքբերման հնարավորությունները` վերոհիշյալ հատվածում անտառտնկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հուլիս 18, 2015 at 18:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր