Արդյո ՞ ք ՀՀ կառավարությունն ունի ՀԱԷԿ-ի երկարաժամկետ ազդեցության գոտու բնակիչների անվտանգության երաշխիքներ, հարցում ՏԿԵ նախարարին

Արդյո ՞ ք ՀՀ կառավարությունն ունի ՀԱԷԿ-ի երկարաժամկետ ազդեցության գոտու բնակիչների անվտանգության երաշխիքներ, հարցում ՏԿԵ նախարարին

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանին «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.)», մասնավորապես, ատոմային էներգետիկայի հետ կապված անվտանգության խնդիրների կարգավորմանն ու նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Հարցման տեքստում նշված է.

«Հարգելի պարոն նախարար,

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն վերջին տարիներին կատարել է մշտադիտարկում և ուսումնասիրություններ ՀԱԷԿ-ի՝ 5-10 կմ շառավիղով ազդեցության գոտու համայնքների բնակչության շրջանում: Արդյունքում հայտնաբերել է ճառագայթային և միջուկային վթարային իրավիճակներին դիմակայելու բնակչության անպատրաստվածություն, ապաստարանների և առաջին անհրաժեշտության պաշտպանական պարագաների բացակայություն, համայնքների սոցիալական և տնտեսական զարգացման անհամատասխանություն ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու 5-10 կմ շառավիղով տարածքում դրանց գտվելու կարգավիճակի հետ, ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ անտեղյակություն և ոլորտային որոշումների ընդունման գործընթացներում չնեգրավվածություն:

Այս ուսումնասիրությունները հրապարակվել են www.ecolur.org կայքում և հասարակայնության ու շահագրգիռ մարմինների կողմից ստացել լայն արձագանք:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացնում է նաև ՀՀ կառավարության կողմից ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականության մշտադիտարկում և լուսաբանում այն «ԷկոԼուրի» կայքի «Միջուկային էներգետիկա» էջում (https://ecolur.org/hy/news/nuclear-energy/): Մենք ցանկանում ենք հաստատել կառուցողական երկխոսություն պատկան մարմինների հետ:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում ներկայումս տեղադրված է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.)» նախագիծը` ի փոփոխություն «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ՀՀ կառավարության 2015թ դեկտեմբերի 10-ի նիստի 54 արձանագրային որոշման: Նոր փաստաթղթում հաշվի են առնված արդի մարտահրավերները և մոտեցումները:

Հիմք ընդունելով «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը՝ խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն մեզ հետաքրքրող հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. Կատարվա՞ծ է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգոբլոկի փակման հետ կապված անվտանգության ռիսկերի գնահատում և ինչպիսի՞ն են արդյունքները։

2. Կատարվե՞լ է Ռուսաստանի Ֆեդերատիվ Հանրապետության կողմից ՀԱԷԿ-ի վերազինման, արդիականացման և անվտանգության ապահովման նպատակով տդրամադրված 270 մլն դոլար վարկի և 30 մլն դոլար դրամաշնորհի նպատակային օգտագործման պետական աուդիտ և ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Կբավարարի՞ արդյոք այդ գումարի մնացորդը մինչև 2027 թվականը ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար, թ՞ե նոր վարկի անհրաժեշտություն կառաջանա։

3. Համաձայն «ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 10-ի նիստի՝ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիներին հավանություն տալու մասին 54 արձանագրային որոշման որպես տնտեսապես և տեխնիկապես հիմնավորված տարբերակ նախատեսվում է 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի կառուցում, իսկ այդ աշխատանքների մեկնարկ է արձանագրված 2018 թվականը։

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.)» շրջանակներում նշված չէ, թե երբ է մեկնարկելու ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը: Այս առումով խնդրում ենք տալ տեղեկատվություն հետևյալի մասին՝

-Նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը որ թվականից է մեկնարկելու, ֆինանսավորման համար ի՞նչ ծավալի ներդրումների համաձայնություն է ձեռք բերվել և ու՞մ հետ՝ մասնավոր, պետական, միջազգային բանկեր։

-Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի նախատեսվող կառուցման սցենարում կայանի անվտանգ շահագործման համար ջրային ռեսուրսներով ապահվման ինչպիսի՞ լուծումներ են առաջարկվում այն դեպքում, երբ գործող ատոմային 2-րդ էներգոբլոկի հովացման համար արդեն իսկ առկա է ջրի դեֆիցիտ՝ Արարատյան հարթավայրի մակերևույթային (Սևջուր գետ և Ակնա լիճ) և ստորերկրյա ջրերի հորիզոնների իջեցման արդյունքում:

Ատոմային էներգետիկայի հետ կապված անվտանգության խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր

4. Ընտրվա՞ծ են աշխատած միջուկային վառելանյութի և ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ պահման գերեզմանոցների վայրերը, գնահատվա՞ծ են այդ վայրերի սեյսմիկության և ստորերկրյա ջրերի վրա ազդեցության ռիսկերը, պահպանվա՞ծ են թաղման վայրերի և մոտակա բնակավայրերի միջև հեռավորության սահմանված միջազգային նորմերը։

5. Կառավարությունը մշակե՞լ է ՀԱԷԿ-ի երկարաժամկետ ազդեցության գոտու բնակիչների անվտանգության նոր երաշխիքներ։

6. Ատոմային էներգետիկայի զարգացման տեսլականում դիտարկվե՞լ է արդյոք ատոմային էներգետիկայի օբյեկտների հարևանությամբ առկա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումների բաղադրիչը։

7. Կառավարությունում քննարկվե՞լ է ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու բնակիչների ռադիացիոն անվտանգության նպատակով ծախսերի՝ համայնքային բյուջեների միջոցներից նախատեսվող մասնաբաժինը կամ ՀԱԷԿ-ի, կամ պետական բյուջեի միջոցներից կատարելու հարցը /ՀՀ կառավարության 25 հոկտեմբերի 2000 թվականի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679   որոշման կարգ, կետ 3/:

8. Կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու բնակավայրերին «ազդակիր» բնակավայրի /համայնքի/ կարգավիճակ տալու և դրան հետևող ֆինանսական աջակցության ստացման հնարավորություն ընձեռնելու ուղղությամբ։

9. Դիտարկվե՞լ են ատոմային էներգետիկայի օբյեկտների ազդեցության գոտու համայնքներում էկոլոգիական և ռադիացիոն մակարդակի մշտադիտարկումների իրականացման, դրանց արդյունքների թափանցիկության և այդ մասին բնակչության իրազեկման ապահովման խնդիրները և կարգավորումները»։

 

 

 

Հունվար 17, 2020 at 12:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր